
Պատերազմի կամ արտակարգ իրավիճակների հավանականությունը աշխարհի ցանկացած պետություն ոչ միայն հաշվարկում է, այլեւ նախապատրաստվում եւ դնում իր ռազմավարության հիմքում: Դա չի նշանակում, որ չնախատեսված իրադարձություններն անպայման պետք է տեղի ունենան, բայց պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիներին առաջին անհրաժեշտության նվազագույն ապրանքներով: Հենց այդ ցանկն է կոչվում պետական նյութական պահուստ: Այս հարցն այժմ գտնվում է ԱԺ օրակարգում, փոխվում են պահուստի ձեւավորման հնացած եւ ոչ արդյունավետ կարգերը:
Աշխարհի փոփոխության հետ մեկտեղ փոխվում է նաեւ երկրների պետական նյութական պահուստի բովանդակությունը: Եթե չեմ սխալվում, վերջերս շվեյցարացի սուրճի սիրահարներն էին հանրաքվե առաջարկում՝ այդ երկրի պետական նյութական պահուստի ցանկում սուրճը ներառելու համար: Ոմանք ասում են՝ այն առաջին անհրաժեշտություն է՝ օրգանիզմի կենսունակությունը ապահովելու համար: Այդպես կարող են պնդել նաեւ ասենք՝ շոկոլադի սիրահարները եւ այդպես շարունակ: Իսկ ի՞նչ է ներառված Հայաստանի պետական պահուստի ցանկում: Պարզվում է՝ այն գաղտնի տեղեկություններ է պարունակում եւ որոշ տողեր հրապարակման ենթակա չեն:
Այս հարցում կառավարությունը նորարարություններ է նախատեսում, բայց ոչ, այսպես ասենք, նյութական պահուստի բովանդակության համար: Խնդիրն ավելի տեխնիկական է, տարիների փորձից եւ անարդյունավետությունից ելնելով: Արտակարգ իրավիճակների նախարարությունում հաշվարկել են, որ Հայաստանում ձեւավորված ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում այլեւս չի ապահովվում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Այս պահին դրա ձեւավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթներն իրականացվում են բացառապես բյուջեի հաշվին, բայց պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող եւ իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլև՝ իրավական դաշտի անկատարելության պատճառով, խոստովանում է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:
«Ժամանակի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներ են և դրանք այդպես արագ չեն փոխվում, չեմ էլ կարծում, որ փոխվեն։ Դա հազարամյակներով եղել է ռազմավարական պաշար և օրենքով ենք սահմանել, որպեսզի ավելի պաշտպանված լինեն տնտեսվարողների շահերը և անընդհատ բան չփոխվի այդ առումով։ Պետական պահուստում կամ որոշակի ապրանքներ, որոնք ժամկետի լրացման, պիտանելիության հետ կապված իրացվում է, վաճառվում։ Այդ եղած միջոցները պետք է ուղղվեն, որպեսզի պաշարը թարմացվի։ Ամբողջ խնդիրը հենց այստեղ է, որովհետև մենք ունենում ենք ահռելի կորուստներ։
Պետական նյութական պահուստի ձեւավորման համար առաջիկայում գործադիրը նպատակադրվել է օգտագործել մասնագիտացված առեւտրային կազմակերպությունների հնարավորությունները: Այժմ ԱԺ օրակարգում է կառավարության մշակած մոդելը, համաձայն որի` պետական նյութական պահուստի 10 տոկոսը ձեւավորելու եւ պահելու պարտականությունը փոխանցվելու է առևտրային կազմակերպություններին: Այստեղ արդեն գաղտնիության քողը որոշակիորեն բացվում է: Կառավարության առաջարկած պարտականությունները նախատեսվում է տարածել ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարի, բուսական յուղի ներմուծող ընկերությունների, ինչպես նաեւ` զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների վրա: Պարտականությունների չկատարման համար անգամ տուգանք է նախատեսված:
Քանի դեռ նախագիծը օրենքի ուժ չի ստացել պատգամավորները փորձում են գտնել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Գեւորգ Գորգիսյանն ու Քրիստինե Պողոսյանը կոնկրետ օրինակներով են խոսում.
Գեւորգ Գորգիսյան․«Այդ ընկերությանը պետք է նաև գումար վճարվի, ենթադրում եմ նաև պետության կողմից, որ պահի այդ պահուստը։ Հիմա ուզում եմ հասկանամ դա պետական գնումներով է արվելո՞ւ, թե օրինակ, ձեր հորեղբոր տղան բացելու է կազմակերպություն և տրվելու է այդ իրավունքն այդ մարդուն, օրինակ։ Այստեղ կա կոռուպցիոն ռիսկ»։
Քրիստինե Պողոսյան․ «Հեղափոխությունից հետո մի շարք հայտնի առևտրային կազմակերպությունների ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների նկատմամբ հարուցված են քրեական գործեր՝ դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար։ Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունների ընտրությունը պետք է կատարվի բացառիկ պատասխանատցվությամբ։ Ես խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև այդ ցանկը կազմվելու է կառավարության որոշմամբ»։
Հնարավոր արտակարգ իրավիճակները սուրճով եւ շոկոլադով, թե հացուջրով անցկացնելու ընտրություն այս դեպքում չի դրվում: Անգամ պատգամավորները չեն հիշում Շվեյցարիայի օրինակը: Բայց մասնավոր առեւտրային կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն իրենց նոր պարտականություններին, քանի որ օրենք դառնալու ճանապարհին նախագիծն արդեն անհրաժեշտ քայլն արել է՝ ընդգրկվել է առաջիկա նիստերի օրակարգ: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանում երկու ընթերցում անցնելուց հետո, այն օրենքի վերածվելու մեծ հնարավորություն ունի:




