Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի աջամետ եւ ձախամետ պատգամավորները երեկ կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թեմա, որից երկար տարիներ հնարավոր էր լինում խուսափել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու համար, գրում է Times of Israel- ը։
«Ես հասկանում եմ, որ սա զգայուն հարց է, սակայն չեմ մեղադրում ժամանակակից Թուրքիային։ Կառավարությունը, որն իրականացել է այս գործողությունը, տապալվել է հենց Թուրքիայի կողմից,- հաստարարել է Քնեսեթի նախկին նախագահ, Լիկուդ կուսակցությունից Ռուվեն Ռիվլին՝ խնդրին նվիրված խորհրդարանի հատուկ նիստում։
Կա շատ մեծ տարբերություն Հոլքոստի եւ հայերի սպանությունների միջեւ, ասել է Ռիվլին «Ցահալ» ռադիոյին։ Առանց աղավաղելու այդ տարբերությունները Իսրայելը պետք է գտնի միջոց «կատարելու իր բարոյական պարտքը՝ հիշելու համար այլոց նկատմամբ կատարված հանցագործությունները»։
«Թուրքիայի հետ հաշտեցումը կարեւոր ռազմավարական քայլ է, բայց այն չպետք է ազդի Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,- ասել է բանավեճի նախաձեռնողը՝ Մեերեց կուսակցության ղեկավար Զահավա Գալ Օնը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Իսրայելը «միանա մյուս 27 երկրներին, ովքեր ճանաչել են հայերի զանգվածային սպանությունները»։
Times of Israel- ը նաեւ հայտնում է, որ երեքշաբթի օրը Հրեական համալսարանի պրոֆեսոր, համաշխարհային համբավ վայելող ցեղասպանագետ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։