ԿարևորՀասարակություն

Ներկայացվել է Լոռու մարզի սպանդանոցների տեղակայման նախընտրելի քարտեզը

Լոռու մարզի ղեկավարի հանձնարարությամբ առաջնահերթ կերպով համակողմանի աջակցություն կցուցաբերվի այն անձանց, ովքեր ցանկություն կունենան սպանդանոցներ կառուցել

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվել Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և Սննդի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Կամո Սողոյանի մասնակցությամբ: Հանդիպման օպերատիվ առիթը ՀՀ կառավարության կողմից պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հետ կապված համապատասխան գործողությունների իրականացումն էր:

«Կառավարության նիստում գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար: Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ լրացումների արդյունքում կավելանա ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը»,-նշել է մարզի ղեկավարը՝ հանձնարարելով առաջնահերթ կերպով համակողմանի աջակցություն ցուցաբերել այն անձանց, ովքեր ցանկություն կունենան սպանդանոցներ կառուցել:

Նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների: «Հուլիսի 1-ի դրությամբ այս հարցի հետ կապված մարզում այլևս որևէ խնդիր չպետք է ունենանք: Մարզում սահմանված ժամկետում պետք է կառուցված լինեն բավարար թվով սպանդանոցներ՝ ըստ տարածշրջանների, որպեսզի բնակչության կողմից դժգոհություններ չառաջանան»,-ասել է նա:

Մարզի ղեկավարի կողմից հստակեցվել են գործընթացի մեկնարկի պահից սկսված հետագա բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացնի տնտեսվարողը սպանդանոցի կառուցման ցանկություն ունենալու դեպքում և տրվել են համապատասխան ցուցումներ դրանք առավելագույն արագությամբ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորվել է կառուցվելիք սպանդանոցների կողմից անասնագլխաքանակ և մսեղիք տեղափոխող մեքենաների ձեռքբերումը ևս: Մարզպետը ընդգծել է նաև տնտեսվարողներին մեծ, միջին և փոքր սպանդանոցների տիպային նախագծերի տրամադրման անհրաժեշտությունը:

Հաջորդ կարևոր քայլը, որին անդրադարձել է մարզի ղեկավարը, սպանդանոցային մորթին անցնելուց հետո մսի կետերի և խանութների նկատմամբ պարբերական վերահսկողության իրականացումն է, որպեսզի իրականացված գործընթացն ինքնանպատակ չդառնա:
Ա. Ղուկասյանին ներկայացվել է մարզի սպանդանոցների տեղակայման նախընտրելի քարտեզը, նշվել է, որ ներկա պահին մարզում գործում է երկու սպանդանոց՝ Օձունում և Դարպասում:

Առավել իրատեսական քննարկում կազմակերպելու և տնտեսվարողներին ու ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետների մասնակցությամբ փետրվարի 13-ին, ժամը 15.00-ին Լոռու մարզպետարանում կանցկացվի քննարկում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=671476760291038&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button