
Դեռևս 2019-ի հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի պոչատար խողովակի երկրորդ դյուկերային անցման տեղամասում տեղի էր ունեցել վթար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարել է, որպեսզի իրականացվեն Ողջի գետի մաքրման աշխատանքներ։ Արդյունաբերական ընկերությունը որոշել է վթարի հետևանքները վերացնելուն զուգահեռ գետնը մաքրել նաև կենցաղային աղբից։
Ավելի քան 10 օր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իրականացնում է Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ։ Արդյունաբերական ձեռնարկությունը վերացնում է դեռևս 2019-ի հոկտեմբերի 17-ին ընկերության պոչատար խողովակի երկրորդ դյուկերային անցման տեղամասում տեղի ունեցած վթարի հետևանքները։

«ԶՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանն ասում է. «Ուսումնասիրելով գետի հունը՝ Գիրաթաղ գյուղից մինչև Կապանում կառուցվող օդանավակայանը, հայտնաբերվել են պոչանքի հետքեր՝ երեք հատվածներում։ Առաջինը՝ Գիրաթաղ գետակն է, որը խառնվում է վթարի հատվածից ոչ շատ հեռու, երկրորդը` որտեղ մենք հիմա գտնվում ենք․ սկզբնաղբյուրից մոտ 500մ ներքև ենք գտնվում։ Եվ երրորդը` ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ներքևի հատվածն է, որտեղ պոչանքը հասել է հէկ-երի միջոցով։ Այսինքն՝ այս միջանկյալ հատվածը մաքուր է մնացել, հէկ-երը ջուրը վերցնելով արդեն դատարկում են այդ հատվածում և պոչանքը այդ վթարի օրը տեղափոխվել է հենց այդ խողովակաշարով»։

Ընկերությունը չի բավարարվում միայն վթարի հետևանքները վերացնելով, որոշել է նաև մաքրել Ողջին կենցաղային աղբից։ «Վթարի հետևանքները վերացնելուն զուգահեռ Կապանի համայնքապետի դիմումի համաձայն իրականացվում է գետի շատ ավելի լայնածավալ աշխատանքներ, որովհետև երեք փոքր հատվածներ են վթարի, որոնք արդեն շուտով կվերջացնենք։ Մինչև մարտի չորսն է մեզ ժամկետ տրված։ Պլանավորում ենք նույնիսկ շուտ ավարտել»։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասում է․«Գարնանային վարարումների ժամանակ հատկապես վերևի հատվածներից աղբը բերում լցվում էր այս հատվածները։ Եվ ընդհանուր առմամբ աղտոտված էր։ Արտադրական վթարից հետո բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հանձնարարական իջեցվեց ԶՊՄԿ-ին՝ Ողջի գետը մաքրել արտադրական պոչանքներից։ Ես զուգահեռաբար դիմեցի ԶՊՄԿ-ի տնօրինությանը խնդրանքով, որ դրա հետ համատեղ նաև մաքրվի Ողջի գետի հունը տասնամյակներով կուտակված աղբից, աղբակույտերից, որոնք տգեղ տեսք են տալիս գետին»։

Ո՞ւր են տեղափոխվում պոչանքներն ու աղբը։ Կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը նշում է․ «Այն հատվածները, որտեղ աղտոտում կար պոչանքներով՝ հանվում են և հատուկ մեքենաներով տեղափոխվում պոչամբար։ Կենցաղային աղբը և այլ բերվածքներ տեղափոխվում են Կապանի աղբավայր»։
Սամվել Ալեքսանյանի խոսքով` ԶՊՄԿ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է համայնքների զարգացումը, ինչի համար կոմբինատն անում է հնարավորինը։ Սամվել Ալեքսանյանը խոսում է նախատեսվելիք ծրագրերի մասին։
«Մոտ օրերս մենք ներկայացնելու ենք ՇՄԱԳ փորձաքննության մի մեծ ծրագիր, որի շրջանակներում սերտ և արդյունավետ համագորակցում ենք Կապանի համայնքապետարանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, շրջակա միջավայրի նախարարության հետ։ Ծրագիրն իրենից ներկայացնում է անտառապատման ու անտառավերականգնաման ծրագիր, որի շրջանակում Կապանում 70 հա անտառապատում է իրականացվելու, իհարկե փորձաքննության դրական եզրակացության դեպքում»
Զուգահեռ նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Քաջարանում։




