Ի՞նչ են թաքցնում օվկիանոսները, ծովերը, լճերը…
Դարեր ի վեր մարդկությունը ջրերի խորքն ուսումնասիրելու ուղիներ է փնտրել, ի սկզբանե մարգարիտներ, խորտակված նավեր ու գանձեր որոնելու, հետո՝ ջրասույզ հուշարձաններ ու նույնիսկ բնակավայրեր, ավելի ռոմանտիկները՝ մի ամբողջ երկիր՝ Ատլանտների երկիրը:
Մեր օրերում սուզորդներից շատերը գնում են հետաքրքիր զգացողությունների հետևից, տեսնելու այն, ինչը շատերին անհասանելի է՝ հեքիաթային աշխարհ հիշեցնող գունեղ մարջաններ, զբոսանք ձկնիկների, դելֆինների, ծովային կենդանիների հետ: Հայ սուզորդներից ոմանք էլ ավելի հետաքրքրված են ջրասույզ հայկական նավերի, բնակավայրերի ու հուշարձանների փնտրտուքով:
Վանա լճի մակարդակը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է` ջրասույզ անելով ու միաժամանակ պահպանելով հայոց պատմական հուշարձանների մի կարևոր մաս:
Վասպուրականի 5-րդ գահերեց իշխանի՝ Գագիկ Արծրունու կառուցած պարիսպների ու դեռ 10-րդ դարում արհեստական նավահանգստի նկարագիրն է տալիս հայ մատենագիրներից Թովմա Արծրունին:
«Իր պարսպած բազմաթիվ ամրոցներից հատկապես երկուսը գրավում են դիտողին՝ ստիպելով ակնապիշ նայել: Մեկը Ոստան ավանն է՝ ծովեզերքին, Ռշտունյաց գավառում… Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով` հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում՝ ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ` զարդարված ոսկեզարդ ու պես-պես ներկերով: Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման ու մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա՝ դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը և պես-պես գույներով շրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին»:
Մատենագրի հաջորդ վկայությունը Աղթամար կղզում կառուցված արհեստական նավահանգստի նկարագիրն է, ինչը բնորոշ էր ժամանակի առաջադեմ երկրների ճարտապետական մտքին։
«Հրաման տվեց բազմաթիվ արհեսավորների և անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարակիր վեմ քարեր և գցել ծովի անհնարին խոր հատակը: Այսպես մեծն արքան ջանքեր թափեց ու անսպասելիորեն կանգնեցվեց ծովից 5 կանգուն բարձրությամբ քարահատակ ամբարտակ, որը մտքի աչքերով, ինչպես ցամաքի վրա, հաստատուն կերպով դրեց մեծ քարերի շարքով: … Ծովի խորահատակ հիմքերի բերանին նա դրեց ահավորատես, հաստահեղույս, բևեռապինդ դռներ: Այսպիսով ծովի մի մասն առնելով կղզու կողմը նա հրաշալիք գործեց և ստեղծեց խաղաղ ու անքույթ նավահանգիստ՝ նավերի խմբի համար: Հրաշակերտից ավելի լավ, քան արել էր Ալեքսանդրը՝ Մակեդոն քաղաքից»:
Գագիկ Արծրունու թողած պատմական ժառանգությունն այժմ ննջում է Վանա լճի հատակին։
Աղթամար կղզու արհեստական նավահանգստի պատերը լճի 20 մետր խորությունում 1999 թ.-ին տեսել է «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, սակայն տեխնիկայի բացակայության պատճառով չի փաստագրել:
Թե հայ, թե թուրք սուզորդները Վանի հատակին զանազան պատերի ու շարվածքների են հանդիպել, սակայն դժվար է թվագրել առանց մասնագիտական հետազոտության: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ամիսներ շարունակ շրջել է Լճի ափերով, չափագրել ու թվագրել հայկական հուշարձանները:
«Արծրունյաց թագավորության շարվածքը ավելի խոշոր քարեր են, բայց նրանից խոշոր Վանի շրջանի թագավորության շարվածքն է, ավելի մանր և նույնիսկ արդեն ոչ անմշակ քար, այլ աղյուսի համադրությամբ․ արդեն գալիս է օսմանյան ժամանակաշրջանի շարվածքը, նույնիսկ հում աղյուսից, այսինքն՝ հողից», — ասում է Սամվել Կարապետյանը:
Վանա Լճի հյուսիսային մասում՝ Հայոց բնօրրանի սիրտը համարվող Արծկեում ջրասույզ է պատմության հուշարջձանների մի կարևոր հատված, Արծկեի ծովային բերդը:
«Եթե Արծկեի ափերիզով գնանք, այստեղ մի քանի վանքեր կան, որ ջրասույզ եղան հետագայում, օրինակ՝ այստեղ մի գերեզմանոց կա մի կղզյակի վրա, Արջրա գյուղի դիմաց, 200 մետր պետք է ջրի միջով քայլես, որ հասնես խաչքարերի մի խմբին, որ երևում են հենց ջրի մեջ, ալիքներն անվերջ խաչքարերի վրայով գնում գալիս են», — նշում է հուշարձանագետը:
Սամվել Կարապետյանն իր «Հայաստանի պատմություն» 6-հատորյա շարքի երրորդ՝ Արծկե Գրքում զետեղել է ջրասույզ հուշարձանների գտնվելու վայրերն ու նկարները:
«Ֆրանսիացի Ժան Միշել Թիերին ջրասույզ եղած մի վանքի գերեզմանոցից մի լուսանկար ունի, որտեղ միայն մի խաչքարի վերին մասն է: Ծովի մեջ խաչքարն է և շատ տպավորիչ է», — ասում է Կարապետյանը:
Եթե Վանա լճի քարտեզին պատկերավոր նշենք ջրասույզ բնակավայրերի, բերդերի, եկեղեցիների, խաչքարերի ու պատմական հուշարձանների դիրքը հյուսիսից դեպի արևելք ու հարավ, կունենա հետևյալ տեսքը:
Սկսենք Արծկեից
Գրեթե 9 դար լիճը դարձել է Արծկեի Ծովային բերդի թաքստոցը: Պատնեշից այն կողմ գտնվում է աշտարակը, ինչի մոտ 2019թ.-ին հայ սուզորդները հայտնաբերեցին հայկական գրերով տապանաքարն ու այլ հուշարձաններ:
Ավելի հյուսիս Կողուց վանքն է՝ Կոճերաց վանքը, այնուհետև Արճրան է, վանքի ավերակներով, 13-րդ դարի խաչքարերով ու գերեզմանաքարերով:
Արճեշ քաղաքն է, ինչն ամայացավ արդեն 19-րդ դարի սկզբին, այնուհետև Խառականց բնակավայրի 16-րդ դարի ջրասույզ խաչքարեր են։
Լճի ժայռոտ ափերից մեկում հետաքրքիր բացվացք կա, ինչը մասնագետներից ոմանց կարծիքով Ուրարտական շրջանի նավահանգիստ կարող էր լինել:
Լճի հարավային կողմում՝ Ռշտունյաց գավառի Ոստանավանում, այժմ՝ Գեվաշի հատվածում, կարող ենք փնտրել Գագիկ Արծրունու պալատի պատերը:
Ախթամար կղզում՝ արհեստական նավահանգիստը, ինչն արդեն 9 դար պահպանում է Վանի ջրերը:
Ջրասույզ խաչքարեր ու հուշարձաններ կան նաև Տատվանում:
Պատմության հետքերով սուզվել, տեսել ու տեսագրել են հայ սուզորդները։ Պատմության ջրասույզ էջերի բացահայտումների ու հայ ջրասուզակների արկածների մասին կպատմենք մեր շարքի հաջորդ թողարկումներում: