Ծիծեռնակաբերդը՝ նաեւ համացանցում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այլևս գոյություն ունեն ոչ միայն իրական տիրույթում, այլ նաև՝ առցանց:
Ամերիկյան «Մեմկո» ընկերության կողմից մշակված վիրտուալ այցելության ծրագիրը այսօր ներկայացվեց լրագրողներին։
Յուրաքանչյուր ոք կարող է համացանցի միջոցով այցելել Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղիկներ դնել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի անմար կրակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթանալ վավերագրերին:
Դրա համար առաջին հերթին պետք է մուտք գործել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը ` www.genocide-museum.am հասցեով, պատմում է ամերիկյան «Մեմկո» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աննա Պետրոսյանը:
Վիրտուալ տարբերակը կատարված է ժամանակակից ծրագրային ապահովման հենքի կիրառմամբ և թույլ է տալիս զգալ իրական ներկայությունը` շնորհիվ գրաֆիկայի և ձայնի բարձրորակ մակարդակի:
Ինչպես նշեց «Մեմկո» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Արման Զաքարյանը, վիրտուալ այցելության ծրագրից կարելի է օգտվել ինչպես կայքի միջոցով, այնպես էլ ներբեռնելով համակարգիչ:
Սովորաբար այցելուների թիվը ավելանում է ապրիլի 24-ին: Մոտ ապագայում ծրագիրը կներառի մեր երկրի պատմամշակութային վայրերը, ինչը թույլ կտա հեռու երկրներում ապրող մարդկանց առցանց ավելի անմիջական ծանոթանալ մեր երկրին։