Հայկ Դեմոյան.«Մուսա լեռան քառասուն օրը» այն գիրքն է, որից վախենում է Թուրքիան. ցուցադրություն` նվիրված գրքի 80-ամյակին


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ այսօր բացվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Նշենք, որ Ցուցադրությունը բաց կլինի երեք օր:
Հայոց ցեղասպանության ցանկացած դրվագ իր վավերականությամբ կարող է լինել գեղարվեստական ստեղծագործության համար ներշնչման աղբյուր: Այդպիսի ներշնչման աղբյուրներից մեկը, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Ֆրանց Վերֆելի համար հանդիսացավ 1915 թ-ի ամռանը Մուսա Լեռան վրա 53 օր տեւած հերոսական ինքնապաշտպանությունը:
«Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրվում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ: Նրանց ժառանգներն այսօր ապրում են աշխարհի տարբեր վայրերում:
Պրահայում ծնված ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի մոտեցումը, որ նա ցուցաբերեց այս հռչակավոր վեպը գրելու ժամանակ, իսկապես պրոֆեսիոնալի մոտեցում էր. երկար տարիների փնտրտուք, շրջագայություն Սիրիայում, հայոց պատմության ուսումնասիրություն՝ Մխիթարյանների մոտ, ասում է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ սյուժեն, որ ընտրել էր հեղինակը, կարող էր լինել նաեւ հրաշալի ֆիլմի սցենար հանդիսանալ, սակայն 30- ականներին թուրրքական կառավարությունը կարողանում է ճնշում բանեցնել հզոր գերտերության ՝ ԱՄՆ-ի վրա, որպեսզի ֆիլմը չէկրանավորվի:
«Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» դա այն գիրքն է, որից վախենում է այսօր Թուրքիան եւ նրա ղեկավարությունը: Այսօրվա հանրապետական Թուրքիան սարսափով է վերաբերվում այս գրքին, դրա վկայությունն է , որ 1935 թվականին, թրքական ոստիկանությունը բռնությամբ ստիպում էր, որպեսզի վախի մթնոլորտում ապրող Ստամբուլի հայերը հայկական գերեզմանատանն իրենց ձեռքերով այս գիքը նետեն կրակը։ Դա վախն է գրքի հանդեպ, վախն է հեղինակի հանդեպ, վախն է պատմության հանդեպ, իսկ այսօրվա Թուրքիան ունի իր սեփական պատմության նկատմամաբ վախ ունենալու իրավունքը»:
«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը չհանդիսացավ միայն հայ հիշողության ամփոփող վկայականը, այն դարձավ նաեւ ներշնչման եւ ոգեւորման աղբյուր գետոներում ֆաշիստական ուժերի դեմ պայքարող հրեական ուժերի համար: Սա հույս ներշնչող գիրք է, ասաց Հայկ Դեմոյանը:
Ցուցադրությանը ներկա Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանին հարցրեցի, թե արդյո՞ ք Հայաստանի գլխավոր ռաբբինի եւ իր ներկայաությունը չի նշանակում, որ հրեաներն ու Իսրայելի պետությունը ընդունում են 1915 –ին տեղի ունեցած ցեղասպանությունը: «Մարդիկ, ովքեր կկարդան այս գիրքը կամ կայցելեն Հայաստան, հաստատ անտարբեր չեն կարողանա մնալ այդ իրադարձությունների նկատմամբ եւ ես հույս ունեմ , որ ցեղասանության 100-րդ տարելիցին կձեռնարկվեն իրական քայլեր՝ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման համար: Բացի այդ՝ ես հուսով եմ, որ նոր ձեւավորված Քնեսեթը նույնպես ըմբռնումով կմոտենա այս հարցին: Ես եւ մեր համայնքը դրա համար ամեն ինչ անում ենք, որ աշխարհն իմանա դրա մասին ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Ազգային գրադարանին հանձնեց «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ: