
Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ այսօր աշխատանքի տոնավաճառ կանցկացվի «Էքսպո կենտրոն»-ում՝ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը:
Աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է 1000-ը: Հատկապես մեծ թվով աշխատատեղեր են ներկայացվել սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է զրույց ներկայացում «Նոր հմտություններ 21-րդ դարի աշխատաշուկայի համար. զարգացում և ինքնազարգացում» թեմայով:
Տարեսկզբից Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 7175 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 5683 չկրկնվող թափուր աշխատատեղ: Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 աշխատանք փնտրող, որոնցից 316-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:




