ԼուրերՄիջազգային

Իսրայելը երկրից վտարում է Human Rights Watch-ի ներկայացուցչին

Իսրայելը շուտով կդառնա ժողովրդավարական առաջին պետությունը, որն իր տարածքից արտաքսում է Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցչին:

«Ամերիկայի Ձայնը» գրում է, որ Իսրայելում Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Օմար Շաքիրին երկրի կառավարությունը վտարելու որոշում էր կայացրել մի քանի շաբաթ առաջ ու նա դատական երկար պայքար մղեց այդ որոշման դեմ: Նա հայտարարում էր ու պնդում, որ ինքը չի աջակցել պաղեստինցիների կողմից ղեկավարվող Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարում է, որ Իսրայելի կառավարությունն այդպես էլ չկարողացավ բերել որեւէ փաստ, որը կապացուցեր, որ Օմարը շեղվել է Human Rights Watch-ի դիրքերից:

Human Rights Watch-ը նույնպես չի աջակցում պաղեստինյան Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը, սակայն գտնում է, որ Իսրայելը պիտի հետ քաշվի գրավյալ տարածքներից եւ արաբ իր քաղաքացիներին տա այն իրավունքները, որոնք տրված են իսրայելցիներին:

Ի դեպ, Իսրայելում 2017 թվականին է ընդունվել օրենք, որի համաձայն Իսրայել այցելելու վիզա չի տրվում այն օտար քաղաքացիներին, որոնք հրապարակայնորեն կոչ են անում բոյկոտել Իսրայելին կամ դատապարտում են գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը: Նշված օրենքը կիրառելով Իսրայելն ամիսներ առաջ մուտքի արտոնագիր չտվեց ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռաշիդա Թլաիբին ու Իլհան Օմարին:

Օմար Շաքիրն ասում է, որ իր հետ կապված խնդրից զատ, Իսրայելում կան ավելի խորը խնդիրներ, երբ «կառավարությունը ճնշում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդկանց զրկում այստեղ այցելելու իրավունքից միայն այն բանի համար, որ նրանք կիրառում են խոսքի իրենց ազատության իրավունքը»: Նրա խոսքերով, այստեղ պաղեստինցիների նկատմամբ ներկայացվում են քրեական մեղադրանքներ հենց նույն պատճառաբանությամբ:

Երուսաղեմից գործող «Մոնիթոր» անվանումը կրող կազմակերպությունը, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան միավորում, պաշտպանում է Շաքիրին արտաքսելու որոշումը ու պնդում, որ «եթե ինչ որ մեկն ուզում է մեղադրել Իսրայելին, պարտադիր չէ, որ դա անի Իսրայելի տարածքում: Թող դա անի Իսրայելից դուրս» , ասում է կազմակերպության անդամներից Գերալդ Ստայնբերգը:

Գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը ու մարդու իրավունքների պաշտպան միջազգային մի շարք կազմակերպություններ: Սակայն Թրամփի վարչակազմն էր, որ անցյալ շաբաթ հայտարարեց, թե «այդ թաղամասերի կառուցումը չի հակասում միջազգային օրենքներին»:

Կարդացեք նաև

Back to top button