
Կայուն, հուսալի ու զարգացող. ոլորտի փորձագետներն այսպես են բնորոշում Հայաստանի էներգետիկ համակարգը: Միաժամանակ նկատում են՝ տեմպերը պահպանելու համար մշտական աշխատանք է անհրաժեշտ:
Մասնագետները Հայաստանի էներգետիկ ապագան կապում են ատոմային էներգիայի հետ՝ ընդգծելով համակարգը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:
Հայաստանի էներգետիկ համակարգը կայուն և հուսալի է` կարծում է ոլորտի փորձագետ Բաբկեն Գարոյանը՝ միաժամանակ նկատելով՝ սա չի նշանակում, որ համակարգում խնդիրներ չկան։
«Դրանք վերաբերում են թե՛ հաճախականությանը, թե՛ էկետրաէնեգիայի որակին, իսկ ջերմաէներգետիկայի ոլորտի մասին մոռացել են ընդհանրապես»:
Փորձագետն ընդգծում է՝ տրամաբանական է, որ ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ավելի բարձր գին ունի և պարզաբանում է, թե ինչու։
«ՋԷԿ-երի արտադրած հոսանքի բարձր գինը տրամաբանական է, քանի որ այդ կայանները գազ են օգտագործում: Բայց դա էլ է անհրաժեշտ: Պետք է դիվերսիֆիկացնել ու օգտագործել ամբողջությամբ: Ամբողջություն ասելով՝ ես նկատի ունեմ և էլեկտրական, և ջերմային էներգիան պետք է օգտագործենք։ Սա կբերի գնի նվազեցման: Հուսալիության առումով ատոմակայանը ,իմ կարծիքով , անհրաժեշտ է»:
2․5 տարի անց Հայաստանը կունենա նոր՝ 250 ՄՎՏ հզորությամբ էլեկտրակայան։ Սա, մասնագետների պնդմամբ, սպառողներին մատչելի հոսանք հասցնելու հնարավորություն կընձեռի։ Կառավարությունում վստահեցնում են՝ այս կայանը ևս մեկ աստիճանով կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հուսալիության մակարդակը, կնպաստի նոր կառուցվող էլեկտրահաղորդման գծերի միջոցով արտահանումներն ապահովելուն: Նոր էլեկտրակայանի կառուցումը կմեղմի սակագնային ճնշումը՝ վստահեցնում է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար։
Էներգետիկ համակարգում տեխնիկական հզորությունների թարմացման անհրաժեշտություն է տեսնում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մկրտիչ Ջալալյանը : Նա մեր երկրի էներգետիկ համակարգը զարգացող, կայուն ու ինքնաբավ է բնորոշում։ Գնահատականը, սակայն, չի օգնում միանշանակ պատասխանել հարցին՝ կփոխվի՞ սակագինը, թե՞ ոչ։

«Միանշանակ չի կարելի այդ հարցին պատասխանել, քանի որ սակագինը կախված է բազմաթիվ գործոններից: Բայց նոր էլեկտրակայանի կառուցումը սակագնի բարձրացումը կզսպի:
Հայաստանի էներգետիկ ապագան մասնագետը կապում է ատոմային էներգիայի զարգացման ու շուկայի ազատականացման հետ։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով վերցրած ռուսական 270 մլն դոլար վարկի մարումը սկսվում է հաջորդ տարվա հունվարից: Այն մարվելու է մինչև 2029 թվականի դեկտեմբեր ամիսը:
Մինչև հիմա ծախսվել է 170 մլն դոլար: Թե ինչ է արվել այդ գումարով, պարզաբանում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության տնօրեն Մովսես Վարդանյանը.
«Շահագործման նախագծային աշխատանքների մոտավորապես 80 տոկոսն ավարտվել է: Մնացած 20 տոկոսը պատրաստվում ենք 2020-2021թթ շարունակել և ավարտել»:
Ատոմային էներգետիկայի կարևորության մասին Հայաստանի վարչապետը հաճախ է խոսում։ Նշում է, որ կառավարությունը կկարողանա ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2040 թվականը: 1980–ից գործող կայանը դեռ կարող է աշխատել՝ վստահեցնում է Վարդանյանը.
«Նմանատիպ բլոկները մինչև 60 տարի աշխատում են: Եթե հաշվի առնենք, որ 1989–ից մինչև 1995–ը կայանը չի աշխատել, մեր կայանը տեսականորեն կարող է աշխատել մինչև 2040 թվականը»:
Մինչ նոր բլոկը կկառուցվի ու կշահագործվի, մեր երկրում կշարունակի աշխատել գործող բլոկը: Միայն թե դրա՝ տարվա ընթացքում ունեցած դադարից է նաև կախված, թե կփոխվի արդյոք էլկետրաէներգիայի սակագինը 2020թվականին: Հարցի պատասախանը պարզ կլինի առաջիկայում:




