ԿարևորՀասարակություն

Հայ մանկաբարձ–գինեկոլոգի աֆրիկյան տպավորությունները

Նուբայի լեռների միակ բժիշկ Թոմ Քաթինային «Գթության մայր» հիվանդանոցում 2019 թվականի օգոստոսի 20-ից հոկտեմբերի 20-ը փոխարինում էին երկու հայ բժիշկներ՝ Արմեն Մկրտչյանն ու Արշակ Հազարյանը։ Հայ բժիշկներին ճամփորդությունը կազմակերպել էր «Traveling doctors of Armenia»–ն, որի ղեկավարը՝ Արմինե Բարխուդարյանը, արդեն եղել էր այնտեղ, բարդությունները ճաշակել ու այդ մասին պատմել հայ բժիշկներին: Մարդասիրական առաքելության մեկնած հայ բժիշկները Սուդանից վերադարձել են շոկային ու միաժամանակ երջանիկ պահերի տպավորություններով:

Գյումրիի «Մոր և մանկան» Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձ- գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն է կիսվել աֆրիկյան տպավորություններով:

«Թե ինչ պատվաստումներ պետք է ստանանք, որ կարողանանք մուտք գործել այնտեղ, անգամ մեր կյանքն է դրված նժարին, մի թուղթ էլ կար հետաքրքիր, թե «ձեր մահվանից հետո ով է հանդիսանալու ձեր ժառանգորդը»,– ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը:

Հայաստանից Նուբայի լեռներ հասել են 7 օրում, 2 օր մնացել հարավային Սուդանի սահմանին՝ փախստականների ճամբարում, հետո՝ 12 ժամ անապատային տարածքները բեռնատարով հատել ու հասկացել, որ իրականությունն ավելի հետաքրքիր ու լի է արկածներով, քան երբևէ տեսած ֆիլմերը:

«Այդ մեքենաներում վակցինացիաներով բեռնված, ու մարդիկ իրար գլխի ելած՝ զարմանում էինք: Մենք, որպես բարձրակարգ ճանապարհորդողներ, վարորդի կողքն էինք նստած, ու նույնիսկ վարորդի խցիկի վրա մարդիկ կային նստած, մենք գնում էինք ու մեր դիմացը ոտքեր էին կախված, ու գնում գալիս էին, ճանապարհ էլ չկար՝ ցեխեր, հողեր, քարեր, ամեն վայրկյան մտածում ես, որ հիմա մեքենան շուռ կգա։ Ես զարմացած ու վախով սպասում եմ, հեսա էս մեկը ընկնեկլու է վերևից, ոտքերը գնում են էս կողմ, գալիս են»,– ասում է Արմեն Մկրտչյանը։

12 ժամ ոդիսականից հետո վերջապես հասնում են Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոց:

«Դեղին տենդն ու հեպատիտ B-ն պատվաստված գնացինք,  բայց պրոֆիլակտիկ դեղերն էլ ընդունում էինք մալարիայի դեմ, որովհետև այն սեզոնն էր, որ մեծ վտանգ կար մալարիայով վարակվելու: Հիվանդանոցում ամեն երկրորդը մալարիայով հիվանդ էր»:

Թոմ Քաթինայի հիմնած 400 մահճակալ ունեցող հիվանդանոցում Արմեն Մկրտչյանի յուրաքանչյուր օրը տպավորվել է նոր շոկային դեպքերով ու միաժամանակ երջանիկ պահերով, երբ կյանքի համար անհավանական թվացող դեպքերը պսակվել են մահվան հանդեպ տարած հաղթանակով:

«էդ հոսպիտալային օրերից մեկի ժամանակ մի 13 տարեկան աղջիկ բերեցին՝ թլպատված, միզապարկը չգործած, ինչը հեռացրել էին տնային պայմաններում: Ոչ մարդկային մի բան, տեսել եմ, տեղս չեմ գտնում, շոկի մեջ եմ, վիրավորում եմ բուժ պերսոնալին, մի՞թե սա մարդկային վերաբերմունք է, իրենք թէ՝ sorry doctor միայն աֆրիկայի հեռու գյուղերում են էդ ավանդույթները պահպանում:  Էդ աղջիկը չգար հասներ էստեղ՝ մեռնելու էր ինֆեկցիաներից: Իրենք ունեին տրադիցիոնալ բուժումներ, բերում էին մեկին ազդոսկրի կոտրվածքով, թարախակալված, վերքի մեջ որդեր, բուժակներն էսպես հանգիստ էդ որդերին հանում են, մի կողմ դնում, զարմացած հարցնում եմ,- էդ ինչ էք անում, — ասում են, ոչինչ, որդերն են, հանում ենք, որ տեսնենք վերքն ինչ վիճակում է: Ինձ համար դա արտասովոր էր, հետո դարձավ սովորական: Վերքերի վրա խոտեր էին լցնում, իրենց տրադիցիոնալ  բժշկությունն էր, կովի թրիք էին լցնում»:

Նուբայում հիվանդանոց դիմում էին միայն ծայրահեղ դեպքում, երբ ապրելու հույսը գրեթե զրոյացվել է, պատմում է Արմեն Մկրտչյանը, իսկ  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մեքենայով տեղափոխված ծննդկանի դեպքը նույնիսկ սարսափ ժանրի ֆիլմերում չէր հանդիպի: 

«Առաջին հայացքից նայում եմ վտանգավոր բան չկա, ծննդաբերության կրեսլոյի վրա, գլուխը դրսում, ասում եմ ինչի եք կանչել, ասում են, կնոջը կգնահատե՞ս: Նայում եմ կինը շոկի մեջ է, հարցնում եմ ի՞նչ է եղել, մեկ էլ ասում են 4 օր է նորածնի գլուխը դուրս է եկել, մարմինը դուրս չի գալիս: Ասում եմ, ինչ եք խոսում, երևի լավ չհասկացա, անգլերենս տեղը չէ, կամ ինչ որ բան դուք լավ չեք հասկացնում: Էստեղ արդեն չեմ էլ կարող որպես բժիշկ մտածել, մի արգելք է մեջս մտել, որ չեմ կարողանում հասկանալ, հաստա՞տ ճիշտ են ասում: Փորձում եմ էդքանը հասկանալուց հետո ստուգել, տեսնեմ ինչ է կատարվում, երեխան մահացած է, ինչ մահացած, նեխած է, մոր հեշտոցը նեխած, ընդհանրապես հյուսվածք չունենք»:

Կնոջը հրաշքով փրկում է ու հրաշքների ավելի շատ հավատում: Փրկված բազմաթիվ կյանքերի ու փոքրիկների համար հիվանդները երախտագիտությունը հայտնում էին իրենց նորածիններին Արմեն անվանակոչելով, կարևոր չէ տղա, թե աղջիկ:

«Անգամ մեկն էլ երեխայի անունը դոկտոր Արմեն էր դրել, ասում եմ ինչի դոկտոր Արմեն, իմ անունը Արմեն է, ասում է չէ որ չէ, թող իմանա, որ դուք եք իրեն փրկել»:

Բժիշկ Արմենը Նուբայում բազմաթիվ Արմեններ ու Արմենուհիներ է թողել, հետը Հայաստան բերել երջանիկ պահերի լավագույն հիշողությունները, երբ անհավանական թվացող դեպքերում բժշկի թեթև ձեռքով բազմաթիվ կյանքեր էին փրկվում:

Կարդացեք նաև

Back to top button