
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը այսօր հանդես եկավ հայտարությամբ, տեղեկացրեց, որ դադարեցնում են դասադուլը։ Պայքարը, սակայն չեն դադարեցնում։ Թե ինչ ձևաչափով կշարունակեն, պարզ կլինի երկուշաբթի։
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն ասում է ՝ դասադուլը դադարեցնում են, պայքարը ոչ։ Թե ինչ ձևաչափով կշարունակեն, կհայտարարեն առաջիկայում։ Բողոքը բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու առաջարկի դեմ է։
«Մենք կարծում ենք, որ հայագիտական
առարկաները բուհերում ամբողջ արդյունավետությամբ չեն դասավանդվում։ Մենք գիտակցում
ենք, որ կարելի է և պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ։ Դասավանդումը պետք է
համապատասխանեցվի ֆակուլտետների պահանջներին։ Այնպես չէ, որ անտեղյակ ենք խնդիրներից,
սակայն խնդիրների առկայությունը չի նշանակում, որ այս առարկաները պետք է դուրս բերվեն
պարտադիր առարկաների ցանկից», — ասում է Էդվարդ Գալստյանը։
Նա շեշտում է՝ իրենք առողջ քննարկումների կողմնակից են։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը
նրանց չի գոհացրել, կարծում են՝ նախարարությունը մտադիր չէ փոխզիջման գնալ։ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Գեւորգ Գյուլումյանը, հակադարձելով փաստարկներին,
հետևյալ օրինակն է բերում.

«Դա նույնն է, որ բանասիրական
ֆակուլտետի դեկանն ասի, մեր ուսանողները կարողանում են բադաքայլ անել, իրենց ֆիզկուլտուրա
պետք չէ, կամ գիտեն Երկրի հեռավորությունը Լուսնից, մեզ պետք չէ բնագիտությունը, քաղպաշտպանություն
էլ պետք չի, որովհետեւ ռազմագիտությունից անցել են, թե երկրաշարժի ժամանակ ինչ պետք
է անել»:
«Ռադիոլուրը» փոքրիկ հարզախույզ անցկացրեց համալսարանի տարածքում՝ զրուցելով այն ուսանողների
հետ, ովքեր չեն սովորում բանասիրության ֆակուլտետում։ Արդյո՞ք
պետք է այս առարկաները պարտադիրների ցանկում լինեն։ Նրանք նշում էին, որ հայոց լեզուն
պետք ավելի լավ հիմքերի վրա դրվեն հենց դպրոցներում։Ոմանք էլ այն կարծիքն էին , որ ավելի շատ պետք է ուշադրություն
դարձեն դասավանդման մեխանզմի վրա։
Նախարությունն ասում է, որ յուրաքանչյուր բուհ ինքը կարող է որոշել՝ այս առարկաները պե՞տք է լինեն պարտադիր, թե՞ ոչ։ Ուսանողները և դասախոսները հակադարձում են՝ գիտական խորհուրդները կարող են այնպիսի որոշում կայացնել, որն իրենց չբավարարի։ Լեզվի ինստիտուտի տնօրեն Դավիթ Գյուրջինյանի համար առնվազն տարակուսելի է դասախոսների նման մտավախությունը։
«Ասում են ռեկտորները բուհերում հայերենը կհանեն։ Բա դուք ինչացու եք,այդ բուհերում հեղինակավոր մարդիկ և հազարավոր ուսանողներ։ Ռեկտորի դեմ չեք կարող խոսել ձեր հեղինակությամբ, ձեր վասատակով և թույլ չտալ նման որոշում կայացնի։ Թե՞ ավելի հեշտ է քաղաքական աստառ հանգցնել այդ ամեն ինչին ու խոսել ուրիշ բաներից»։

Դավիթ Գյուրջինյանն ասում է, որ երբ 1993 թ ընդունվեց այս օրենքը, այդ ժամանակ խնդիր կար ռուսական ազդեցությունից ազատվելու ,սակայն հիմա այդ խնդիրը չկա։ Հետևաբար՝ այս առարակների դասավանդման մեթոդոլոգիան պետք է այլ հարթության վրա դրվի։ Չպետք է բուհում սովորող ուսանողը անցնի «բ–փ»–ի ուղղագրություն։
«Ցավալի է, որ այս քննարկումների ժամանակ մենք դարձյալ չենք խոսում հայերենի ապագայի մասին, հո դասացուցակում հայոց լեզու գրելով չէ։ Տարիներ շարունակ իմ ընկերներին նույն բանն եմ ասում՝ այլ կերպ դասավանդեք հայերենը, վերացրեք այդ տխմար շտեմարանները կամ դրանք կարգի բերեք»։




