
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այսօր երկրի դատախազությունը պաշտոնապես կաշառակերության մեղադրանք առաջադրեց։ Իսրայելի նորագույն պատմության մեջ աղմկահարույց մեղադրանքներ քիչ չեն եղել, սակայն դրանք առաջադրվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահին, նախկին վարչապետին և այլն։
Այս տեսանկյունից իրադարձությունը պատմական կարելի է համարել․ Նեթանյահուն Իսրայելի առաջին վարչապետն է, որին պաշտոնավարման ընթացքում պաշտոնապես մեղադրանք են առաջադրել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման համար։
Գործերը, որոնցով անցնում է Իսրայելի վարչապետի պաշտոնն արդեն տասը տարի զբաղեցնող Նեթանյահուն, կոչվում են «Գործ 1000», «Գործ 2000», «Գործ 4000»։
Օրինակ` առաջինում այսպիսի մեղադրանք կա․Նեթանյահուն հոլիվուդյան մագնատ և հայտնի պրոդյուսեր Արնոն Միլչենից, որն ի դեպ, նրա ընկերն է, ստացել է մոտավորապես մեկ միլիոն շեկել (ավելի քան 280 հազար դոլար) արժողությամբ նվերներ՝ սիգարներ, թանկարժեք շամպայն, շքեղ այլ իրեր։ Նվերները ստանալուց հետո Նեթանյահուն ակտիվորեն առաջ է մղել այսպես կոչված Միլչենի օրենքը, որը պետք է տասը տարով հարկերից ազատեր արտասահմանից հայրենիք վերադարձած իսրայելցիներին։ Ֆինանսների նախարարությունը խոչընդոտեց այս փաստաթղթի ընդունմանը։ Մեկ այլ միլիարդատեր՝ ավստրալիացի Ջեյմս Պարկերը, նույնպես Նեթանյահուին ու նրա տիկնոջը՝ Սառային, թանկարժեք նվերներ է տվել։
«Գործ 2000»–ում մեղադրանքները մի փոքր այլ են։ Վարչապետը խնդրել է իսրայելական «Իդիոթ ախրոնոթ» (Վերջին նորություններ) թերթի գլխավոր խմբագրին դրական լույսի ներքո ներկայացնել իսրայելական իշխանությունների գործունեությունը։ Նեթանյահուն այս ծառայության դիմաց խոստացել է աջակցել թերթի մրցակիցներին «սանձելու» հարցում։
Ինքը Նեթանյահուն մեղադրանքները հերքում է՝ անվանելով պետական հեղաշրջման փորձ, իր քաղաքական հակառակորդների և վերջիններիս պատկանող լրատվամիջոցների կողմից վհուկների որս։ Միաժամանակ` հայտարարում է, որ հրաժարական չի տա։ «Այսօր մենք Իսրայելի գործող վարչապետի դեմ հեղաշրջման փորձի ականատեսն ենք` հեղաշրջում, որ հիմնված է շինծու մեղադրանքների և կողմնակալ հետաքննության վրա»,- նշում է Նեթանյահուն:
Նեթանյահուն այժմ ունի 30 օր՝ համոզելու խորհրդարանին իրեն տրամադրել քրեական հետապնդման նկատմամբ քաղաքական անձեռնմխելիություն։ Եթե Քնեսեթը հրաժարվի, կսկսվի քրեական հետաքննությունը։
Իսրայելցի հայտնի լրագրող Ցվի Զիլբերը հորդորում է չշտապել, սպասել մինչև դատական գործընթացի ավարտը։ Իսրայելական հասարակությունը լիովին վստահում է երկրի դատական համակարգին` ասում է։
«Ամեն անգամ, երբ նմանատիպ դեպք է լինում, մենք հենց մեղադրվող քաղաքական գործիչներից հակառակ մեղադրանքներն ենք լսում գործող իրավապահ համակարգի վերաբերյալ՝ ոստիկանության, դատախազության, թե նրանք էլ ունեն իրենց շահերը, որոնք էլ առաջ են տանում։ Բայց նման մեղադրանքներ դատական համակարգի նկատմամբ երբեք չեն հնչում։ Նման դեպքերում դատական համակարգը կամ հանում է մեղադրանքները և փակում գործը, կամ էլ մեղադրական վճիռ կայացնում։ Չկա հստակ մեխանիզմ, և այդ իմաստով մենք վստահում ենք մեր դատական համակարգին, որը միշտ ապացուցում է իր անկողմնակալությունը»։
Միաժամանակ հայտնի լրագրողը միանգամայն իրատեսական է համարում այն հեռանկարը, որ Իսրայելի գործող վարչապետը կոռուպցիոն մեղադրանքով կարող է հայտնվել ճաղերի հետևում։

«Մեզ մոտ որևէ մեկը չի կարող լինել օրենքից վեր։ Մենք ոչ վաղ անցյալում տեսել ենք նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի, նախագահ Մոշե Կացավի, նախկին նախարարների դեմ մեղադրանքներ։ Միանգամայն իրատեսական է, որ Նեթանյահուն ստանա իրական ազատազրկման ժամկետ։ Այն հանցագործությունները, որոնցում նրան մեղադրում են` պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառակերություն, դրանք հանցագործություններ են, որոնք որոշակի խարան են դառնում, որից հետո մարդը առնվազն յոթ տարի չի կարող վերադառնալ հասարակական գործունեության։ Հասկանալի է, որ եթե մեղադրանքը հաստատվի, դա կնշանակի Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտ»։
70-ամյա Նեթանյահուի դեմ մեղադրանքներն արդեն այս կամ այն կերպ ազդում են նրա քաղաքական կարիերայի վրա։ Երկում ներքաղաքական ճգնաժամ է, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանին երեք շաբաթ է տվել վարչապետի թեկնածուի հարցում կողմնորոշվելու համար՝ մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ ընտրությունների անցկացումից խուսափելու նպատակով։ Նեթանյահուի քաղաքական հակառակորդները արդեն հայտարարում են, որ չեն ցանկանում հրեական պետության ղեկին տեսնել մի անձի, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։
Նեթանյահուն, անկախ այս հետաքննության արդյունքներից, Իսրայելի պատմության մեջ կմնա որպես պետական այր, որի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ–ը ու մի շարք պետություններ Երուսաղեմը ճանաչեցին Իսրայելի մայրաքաղաք, Վաշինգտոնը ճանաչեց նաև Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, իսկ վերջերս նաև օրինական համարեց պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերը։ Հակառակ հրեաների համար այս կարևոր ձեռքբերումներին, Նեթանյահուն միևնույն է՝ կոռուպցիոն մեղադրանքով կարող հայտնվել ճաղերի ետևում։
Կոռուպցիան այս կամ այն չափով գոյություն ունի ցանկացած երկրում, այլ խնդիր է, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում այդ երևույթին։ Իսրայելական հասարակությունը անհանդուրժող է այս երևույթի նկատմամբ, հատկապես երբ խոսքը ժողովրդի վստահությունը, քվեն ստացած գործչի մասին է։ Կոռուպցիան այս երկրում համարվում է ազգային անվտանգությանը նետված ամենամեծ մարտահրավեր։




