
Մեկնարկել է հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթը։ Ըստ միջազգային տվյալների՝ աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում՝ որպես կերային հավելում: Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության մեջ ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում՝ 10:
Նպատակ է դրված նվազագույնի հասցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության ոլորտում՝ սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի, և, որպես հետևանք, մարդու առողջության վրա:
Եթե հակաբիոտիկները 90 տարի առաջ մարդկությանը փրկեցին հիվանդություններից, այսօր դրանց ոչ կանոնավոր օգտագործումն արդեն վտանգավոր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից: Միջազգային վիճակագրության համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 000 , իսկ յուրաքանչյուր 90 վայրկյանում՝ 1 մարդ՝ նշեց Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը։
«2015 թվականին կառավարության կողմից հաստատվել է ռազմավարական ծրագիր, որի շրջանակներում բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվել։ Լուրջ քայլեր են արվել վարակի հսկողության տարբեր ծրագրերի ներդրման ուղղությամբ, որովհետև ճիշտ ներդրված ծրագիրը հիվանդանոցներում կանխարգելում է հիվանդությունը։ Եթե կա կանխարգելում, հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գյուրջյանը։
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը ոչ միայն առողջապահական, այլև գյուղատնտեսության և սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Կարևորելով ոլորտի վերահսկողությունը՝ Սննդի անվտանգության տեսչական մամնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն մատնանշում է օրենսդրական բացերը։
«Եթե «Կերերի մասին» օրենքում գրված է, որ կերային հավելումները կարող են պարունակել հակաբիոտիկներ, արդեն իսկ բոլորի ձեռքերը կապում է։ Մենք առաջարկել ենք հակաբիոտիկներ և հորմոններ բառերը հանել օրենքից։ Դրանից ելնելով՝ կկարողանանք վերահսկողությունը ճիշտ իրականացնել, հայտնաբերելու դեպքում թույլ չտալ վաճառքը»,–նշեց Ավետիսանը։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված օրենսդրական նախագիծն այժմ շրջանառության փուլում է։ Նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանը հայտնեց, որ շուտով այն կներկայացվի կառավարություն։

«Դա թույլ կտա, որ հակաբիոտիկներն օգտագործվեն ոչ թե որպես կերային հավելում, այլ՝ բացառապես բուժման նպատակով։ Նաև «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ ունենք, դրանով նախատեսվում է անասնաբուժական դեղատներին ներկայացվող պահանջները հստակ ձևակերպել։ Այդպիսով նման դեղերը դուրս կգրվեն բացառապես դեղատոմսերով»,– նշեց մասնագետը։
Սննդագետ Դավիթ Պիպոյանը կարծում է, որ Հայաստանին նախևառաջ գործիքակազմ է պետք այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
«Մենք ունենք ռազմավարություն , բայց դա կյանքի կոչելու համար մեծ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ»,– նշեց Պիպոյանը։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործմանն ու դրանց ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա, սննդագետը սեփական հետազոտության վրա է հիմնվում։ Ունի 2 նորություն։ Սկսեց վատից։
«Վատ նորությունն այն է, որ մեզ մոտ անասնաբուծության ոլորտի վերահսկողությունը բավարար մակարդակով չի իրականացվում։ Օգտագործվում են նաև արգելված հակաբիոտիկներ։ Բայց քանի որ դրանք եղել են այնպիսի մթերքներում, որոնք մենք շատ փոքր քանակությամբ ենք օգտագործում, մասնավորապես մեղրի և ձկան մեջ, դրանք հանրային առողջապահական խնդիր որպես այդպիսին չեն ներկայացնում»։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ հակաբիոտիկներ պետք է օգտագործել միայն պատշաճ, նպատակային և բժշկի նշանակմամբ։




