ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սևանում ձկնագողությամբ զբաղվել են դրա դեմ պայքարողները․ Գեղարքունիքի մարզպետ

«Սևան ազգային պարկում» բազմաթիվ խնդիրներ կան, նոր տնօրենը պետք է կարողանա անել ավելին, քան նախորդները․ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Թափուր պաշտոնի համար դիմողներ կա՞ն, թե՞ ոչ՝ մարզպետը տեղյակ չէ, բայց արձանագրում է, որ այս պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելն արդեն նոր երևույթ է:

«Ոչ թե նախարարի, մարզպետի կամ այլ պաշտոնյայի  ծանոթ-բարեկամներն են աշխատանքի տեղավորվում, այլ հայտարարվում է բաց մրցույթ,  և ցանկալի է, որ շատ մարդիկ դիմեն, և  հանձնաժողովը կարողանա լավ ընտրություն անել»:

Մինչև Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելը, Գնել Սանոսյանը  զբաղեցրել է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրները տեսանելի են եղել ոչ միայն «Սևան ազգային պարկում», այլև հատուկ պահպանման ենթակա բոլոր տարածքներում: Օրինակ՝ արձանագրվել է Ազգային պարկի աշխատակիցների կողմից  ձկնորսությամբ զբաղվելու դեպք, երբ դրա արգելքով հենց այդ աշխատակիցներն են զբաղվում:

Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև մարզում «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային  գործարար համաժողովում ներկայացված ծրագրերի մասին: Դրանցից երեքը, նրա խոսքով, իրականացման փուլում են։ Ծրագրերից մեկը Արգիճի գետի վրա ջրամբարի կառուցումն է: Մարզպետի խոսքով՝ մի քանի ընկերություն հետաքրքրված է ծրագրով:

«Կընտրենք լավագույն առաջարկը, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կսկսնեք շինաշխատանքները։ Արդյունքում ՝ էլեկտրաէներգիա կխնայվի, հավելյալ ջրառ չի իրականացվի, ջուրը կկուտակենք ու ոռոգման շրջանում մեր համայնքներին կկարողանանք ապահովել ջրի համապատասխան քանակով»,– ասել է մարզպետը:   

Կարդացեք նաև

Back to top button