
Գյուղատնտեսներն ահազանգում են, որ այս տարի մեծացել է թե կարտոֆիլի, թե լոլիկի ներմուծումը: Ընդ որում` ներկրվում է անորակ գյուղմթերք, այդ թվում Պակիստանից:
Նրանք մտահոգ են, որ ներկրումների հետևանքով ցանքատարածքները կրճատվում են: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան, սակայն, ցանքատարածքների կրճատման վտանգ չի տեսնում:
Կարտոֆիլի ու լոլիկի ներկրման ծավալների ավելացումը վտանգի տակ է դնում գյուղատնտեսությունը, կատրոֆիլի ցանքատարածքները կրճատվել են 10 հազար հա-ով` ահազանգում է «Ագրագագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Եթե նախկինում ավելի մեծ թիվ էր կազմում կարտոֆիլի արտահանումը, ապա այսօր պատկերը միանգամայն այլ է:
Արտահանման ծավալների կրճատումը նա պայմանավորում է Թուրքիայի խորամանկ քաղաքականությամբ: Նախորդ տարի կարտոֆիլ արտահանվում էր հիմնականում Վրաստան, սակայն այս տարի Վրաստանը սահմանափակումներ է մտցրել։ Բերբերյանը կասկածներ ունի, որ Անկարան է միջամտել գործին, քանի որ հենց Թուրքիայից է այս տարի Թբիլիսին էժան ու անորակ կարտոֆիլ ներկրել:
«Այս տարածաշրջանում լավագույն կարտոֆիլագործները Հայաստանում էին և ոչ մի հարևան երկիր մեր հետ մրցունակ չէր: 14 թվականին 54 հազար տոննա ենք արտահանել, Վրաստան, Ռուսաստան։ Վրաստանից անգամ Ադրբեջան էին տանում: Վրաստանը քվոտաներ մտցրեց, կարծում եմ թուրքերի ազդեցությունը կար: Թուրքիան մի նավ կարտոֆիլ ուղարկեց Վրաստան ու Թիֆլիսի փողոցներում 50 դրամով կարտոֆիլ էին վաճառում»,- ասում է Բերբերյանը:
Այդ պայմաններում դիմել են կառավարությանը որպեսզի սուբսիդավորեն գյուղացիներին, որպեսզի նրանք դեմպինգային գներով մտնեն Վրաստան։
«Օգնություն չստացան իշխանություններից ու տարեցտարի կարտոֆիլագործությունը նահանջեց Հայաստանում, ցանքատարածքները 33 հազարից դարձան 23 հազար հա.։ Արդյունքում ունենք, որ Բելառուսից ու, ասում են նաև Պակիստանից , ներկրվում է անորակ կարտոֆիլ: Մտավախություն կա, որ անխելք գյուղացիները հետո դա որպես սերմացու օգտագործեն ու փչացնեն հողը: Հետո էլ տարիներ կպահանջվի, որ հողը վերականգնվի»,- նշում է «Ագրագագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ:
Լոլիկի հարցում ևս մտահոգություններ կան, թուրքական լոլիկն աճեցվում է պոլիէթիլենային տոպրակների տակ, էներգակիրների խնդիր չկա և դրա համար ավելի էժան է` ասում է:

Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի ներկայացրած տվյալները ևս ցույց են տալիս, որ կարտոֆիլի ու լոլիկի ներմուծումը զգալի ավելացել է այս տարի:
«Պատճառները կարող են տարբեր լինել, սկսած նրանից, որ շուկայում պակաս նկատվի ու դրա համար ներկրվի և կարող է բերվել հետո արտահանելու նպատակով: Օրինակ` այս տարի կարտոֆիլ ներկրվել է 3259 տոննա եւ արտահանել են ընդամենը 37 տոննա։ Այսինքն ներմուծված խմբաքանակը հիմնականում սպառվել է ներքին շուկայում»,- ասում է Ղուկասյանը:
Անցյալ տարի պատկերն այլ էր, ներմուծում չի եղել, սակայն արտահանվել է 3700 տոննա կարտոֆիլ՝ հիմնականում Ռուսաստան ու Վրաստան:
«400 հազար տոննա արտադրության մեջ 3259 տոննա մեծ չէ և ցանքատարածքները կրճատվելու վտանգ չկա: Կարտոֆիլ ներկրվել է ՌԴ-ից՝ 500 տոննա, Իրանից՝ 330 տոննա և Իրանից 160 տոննա: Լոլիկը 2750 տոննա՝ Թուրքիայից, 67 տոննա՝ Վրաստանից ու 594 տոննա՝ Իրանից»:
Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետը ի պատասխան Պակիստանից լոլիկի ու կարտոֆիլի ներկրման լուրերին պատասխանեց, որ Պակիստանից ներկրվել է 150 տոննա կարտոֆիլ։
Հայաստանից արտահանվել է մոտ 21.5 հազար տոննա լոլիկ, ներմուծվել` 3400 տոննա։




