Ազգային ավիափոխադրող ունենալը պետության համար նույնն է, ինչ մարդու համար՝ սեփական տուն ունենալը՝ կարծում է «Ենոքավանի հանրապետություն» շարքի հեղինակ Արտակ Չիբուխչյանը: Նա համոզված է, որ հարցը կարևորագույններից է ու ունի լուծման ճանապարհներ:
«Ավելի լավ է տուն ունենա՞լ, թե՞ վարձով ապրել: Իհարկե, տան համար միջոցներ են պետք: Այս դեպքում նույնպես ներդրում է պետք, յուրաքաքնչյուրիս ներդրումը՝ բաժնետոմսի դիմաց: Ներդրում կատարած Հայաստանի ամեն քաղաքացի տիրոջ զգացում կունենա և պատասխանատվություն կկրի»,-իր տեսլականն այսպես է ներկայացնում Չիբուխչյանն ու օրինակ բերում. «Եթե ազգային փոխադրող ունենայինք, գուցե ռիսկային թռիչքներ կատարեր ու Սիրիայի մեր հայրենակիցներին դուրս բերեր կրակից»:
Չիբուխչյանը հիշում է «Հայկական ավիաուղիներ»-ի օրինակը: «Շատ լավ աշխատում էր, հետխորհրդային տարածքում լավագույններից էր համարվում: Օդանավերը լավն էին, օդաչուները՝ հմուտ, ունեինք սպասարկման լավ համակարգ: Ու հանկարծ այդ ամենն ի չիք դարձավ , ստեղծվեց «Արմավիան», որը մասնավոր էր, ուներ տեր և ինչ ուզեր կաներ: Անունով ազգային էր, բովանդակությամբ՝ ոչ»:
Հարցին, թե ինչ երաշխիք, որ նույն ճակատագրին նոր ընկրեությունը չի արժանանա, Չիբուխչյանը արձագանքում է. «Եթե գործ չես անում, կա 100 տոկոս երաշխիք, որ այդ գործը կտապալվի»: