
Դատախազությունը Մասիսի թիվ 1 մանկապարտեզում զինվորների համար նախատեսված եւ վաճառքի ոչ ենթակա թթվասեր հայտնաբերելու մասին նյութերը փոխանցել է զինվորական ոստիկանությանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզել էր, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցներ գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:
Նախաքննության ավարտին է սպասում նաև մանկապարտեզի տնօրինությունը:
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերված խախտումների մասին մանկապարտեզի տնօրինությունը մեկ պատասխան ունի. նախաքննությունը կբացահայտի մեղավորներին: Ինչ վերաբերում է մանկապարտեզի մասնակցությանը, ապա հաստատությունն այստեղ որևէ մեղք չունի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց տնօրեն Աննա Սարգսյանը:
«Մենք նույն օրը հրավիրեցինք արտադրության մատակարարման բաժնի պետին,։ Նա եկավ, հայտարարություն գրեց, նշեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն»,- հավելեց Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզել էր, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր: Հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե թթվասերի , թե բուսասերուցքային արտադրանքի իրացումը կասեցվել է: «Զինվորի բաժին» մակնշմամբ թթվասերն արտադրած և մատակարարած ընկերությունները հայտնի են:
Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ վերահսկողություն է իրականացվում հանրապետության բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում:
«Հիմնականում բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում էլ հայտնաբերվում են խախտումներ՝ առնվազն թերի մակնշված մթերքի հետ կապված: Հազվադեպ տեղերում հայտնաբերվում են նաև ժամկետանց մթերքներ: Կոնկրետ այս մանկապարտեզում արտառոց դեպք գրանցվեց, հայտնաբերվեց «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր»,- ասաց Հարությունյանը:

ԶՈւ համար նախատեսված թթվասերի իրացման վերաբերյալ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ նյութերը փոխանցվել են ռազմական ոստիկանությանը:
« Դեպքի հետ կապված ներկայումս ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Զուգահեռ իրականացվում են նաև օպերատիվ հետախուզական համապատասխան միջոցառումներ, որի արդյունքում պարզ կլինի առկա՞ են քրեական գործ հարուցելու հիմքեր, թե՞ ոչ»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը:
Տեսուչները խախտումներ են հայտնաբերել նաև Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզի խոհանոցում: Չմշակված կարագ և թերի մակնշմամբ պանիր է հայտնաբերվել, նաև` ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրապետության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում:




