
Իմ այսօրվա պատմության երկու հերոսները պատանեկության տարիներին ընտրել են այնպիսի մասնագիտություններ, որով այդպես էլ չեն զբաղվել ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո: Մեկը՝ հոգեբան-մանկավարժ է, մյուսը՝ լրագրող: Նրանց ճանապարհները չեն խաչվում, բայց երկուսին միավորում է ստեղծագործ աշխատանքը եւ նպատակասլացությունը՝ հոբբին դարձնել եկամտի աղբյուր:
Հայկական մանրանկարչության հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ Խոսքը գրքային մանրանկարչության մասին է: Բայց արի ու տես, որ մանրանկարչությունը կարող է լինել ոչ միայն պատմական կամ հոգեւոր: Եթե դարեր առաջ այն հայտնվում էր բացառապես Ավետարանների վրա, ապա այսօր մանրանկարչությունը կարող է լինել պարզապես մոդայիկ եւ նորաձեւ:
Երբ մանրանկարչությունը կամ հայկական թռչնագիր տառերը դառնում են հագուստ, սպասք կամ որեւէ իր
Դա Լուսինե Ավետիսյանի ձեռքի գործն է: Հոգեբան մանկավարժը վրձինը ձեռքն է վերցրել դեռ մանկուց, բայց այդպես էլ նկարչի մասնագիտացում չի ստացել։ Այսօր արդեն մասնակցում է ցուցահանդեսների եւ բարեգործական տոնավաճառների:

Սովորական իրերը՝ լինի բաժակ, որեւէ անոթ կամ ասենք ափսե, իր անձնական փորձարկումների արդյունքում ստեղծված տեխնիկայով «հարստացնում» է մանրանկարչությամբ:

Առաջին աշխատանքներն այնքան դուր են եկել հարազատներին, ընկերներին եւ շրջապատին, որ ուղիղ երկու տարի առաջ երիտասարդ արվեստագետը ստեղծեց «Sorpresa» բրենդը, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է անակնկալ:

-Ամենակարեւորը՝ չեն կրկնվում գործերը: էսքիզով չեմ աշխատում, այսինքն՝ այդ պահին ինչ իմ մտքին գալիս է, դա էլ ստանում եմ: Ինքս ինձ չեմ կարողանում կրկնօրինակել:
— Սա այն դեպքն է, երբ կարելի ասել, որ հոբբին վերածվել է աշխատանքի:
— Այո, հենց սկզբից ինձ համար դժվար էր գործերից բաժանվելը: Մի քիչ հոգեբանական դժվարություն ունեցա:
— Առաջին իրից ինչպես բաժանվեցիք, հիշո՞ւմ եք՝ ինչ իր էր:
— Այո, հետաքրքիր ափսե էր: Ինչպես ասեմ, որ հասկանալի լինի: Այնքան եմ շփվում այդ իրերի հետ նկարելու ընթացքում, որ պահի տակ զգում եմ՝ զրուցում եմ հետները: Տարօրինակ բաներ եմ ասում, բայց այդպես է: Աշխատում եմ միշտ բարձր տրամադրությամբ, որովհետեւ սեր եւ հոգի եմ դնում այդ գործի մեջ եւ ուզում եմ այդ դրական էներգիան ստանա այն մարդը, որ այդ գործն ունենալու է իր տանը: Ինձ թվում է նրանք այդ էներգիան պետք է զգան: Մի պահ ֆեյսբուքում ուզում էի հայտարարության պես մի բան գրել, որ մարդիկ տեղադրեին ինձանից գնած իրերի նկարները: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ վիճակում են իմ գործերը:

Իր ստեղծած իրերի հետագա ճակատագիրը Լուսինեին այն աստիճան հետաքրքրում եւ հուզում է, որ երբեմն հրաժարվում է պատվեր ընդունել, եթե զգում է, որ պատվիրատուն ոչ թե արվեստն է գնահատում, այլ պարզապես իրը:

Ընդունում է՝ բիզնեսի տեսանկյունից սխալ մոտեցում է, բայց չգիտի, թե երբ կփոխվի այն:
Ինչպես ես «դարձա» վարդագույն կվարց
Մանր աշխատանքից մանկուց, այսպես ասենք, «փախել է» Մարգարիտա Վարդանյանը։ Ստեղծագործական ծարավը հագեցնելու համար ընտրել է լրագրությունը, բայց հետագայում գրչի փոխարեն ձեռքն է վերցրել ասեղները: Դա տեղի է ունեցել 10 տարի առաջ: Մարգարիտան սովորաբար աշխատում է քարերով, ստեղծում է զարդեր՝ այս փուլում հիմնականում բրոշներ:

— Սկսեցի հասարակ բիսերից, հետո անցա քարերի ու այլեւս չեմ կարող հրաժարվել այդ գայթակղությունից, որովհետեւ քարերի էներգետիկան լրիվ ուրիշ տեղ է տանում: Միայն այն, որ իրենք չեն կրկնվում, բնության մեջ ոչ մի քար իր նմանակը չունի, արդեն տալիս է բազմազանություն, ֆանտազիայի թռիչք, երեւակայության պոռթկում, որովհետեւ ամեն քար իր հետ բերում է նոր միտք: Ես տեսնում եմ գույնը, ձեւը արդեն մտքում պատկերացնում եմ՝ ինչ եմ իրենից պատրաստելու: Լինում են դեպքեր, երբ ուղղակի քարը գրավում է ինձ: Ես կարող եմ օրերով իրեն ձեռքի մեջ պահել, երկար պետք է իրեն զգամ: Քարեր կան, որ իրոք ազդեցություն ունեն մարդու վրա:
— Ինչպե՞ս եք որոշում, թե մարդուն ո՞ր քարն է հարմար:
— Զգալով:
— Օրինակ՝ ինձ ի՞նչ քար կսազի:
— Ինձ թվում է՝ դուք վարդագույն կվարց եք: Նուրբ, թափանցիկ ու Ձեր գույներին համապատասխան: Նաեւ սիրո քարն է համարվում:
— Այսինքն՝ դուք մարդկանց նաեւ քարերի եք նմանեցնում:
— Պատահում է, այո:

Աննա Հակոբյանի զարդերն ու Քիմ Քրադաշյանի չստացված նվերը
Այսօր «Mugita’s Accessories» բրենդի զարդերը հանրությանը հայտնի շատ մարդկանց ուշադրությունն են գրավել: Դրանք հայտնվել են անգամ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի զարդատուփում:

– Այնպես ստացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո շատ անսպասելի հանդիպում ունեցանք ու ես նվիրեցի իմ զարդերից մեկը, ուղղակի, առանց որեւէ հետին մտքի:
— Ի՞նչ քար էր:
— Ամետիստ եւ կանաչ ագաթ էր: Հուրախություն ինձ, ինքը կրեց ու շատ օրիգինալ ձեւով: Զգեստի փեշին էր ամրացրել: Հետո արդեն պատվիրեց իր աշխատակցուհու միջոցով:

Երեւի տեսել եք եթերներում, հարցազրույցների ժամանակ՝ կարմիր կոռալով ծաղիկը սեւ կոլիբրիով: Երկու բրոշը իրար հետ համատեղ կպցնել՝ շատ դուր եկավ այդ տարբերակը, հետո կրկնօրինակեցին իրեն, արդեն ընտրել են մյուս պատվիրատուներն այդպես:

Մեկ այլ հայտնի հայուհի` Քիմ Քարդաշյանը, Երեւանում գտնվելու օրերին ի թիվս բազմաթիվ նվերների կարող էր ստանալ եւս մեկը՝ մեր մյուս հերոսուհու աշխատանքներից: Կողքից Լուսինեին շատ են խորհուրդ տվել «Sorpresa»-ից պայուսակ կամ ինչ որ մի իր նվիրել հայտնի հյուրին: Հետին մտքով նվեր տալը Լուսինեի սկզբունքներին դեմ էր:
— Ինձ ասացին՝ ինչու չես մասնակցում, ինչ- որ նվերի տեսքով, ինչ- որ ճանաչում կստանաս: Չարեցի իհարկե այդպիսի բան: Եթե մարդուն նվիրում ես ինչ- որ մի բան, ուղղակի պետք է նվիրես: Չէի ուզի նվիրել, օրինակ՝ պայուսակ, ակնկալիք ունենալով, որ նա պարտադիր պետք է գովազդի: Ինքը շատ լավ հասկանում է՝ ինչու են այդ նվերներն իրեն տվել:
— Բայց եթե ձեր պայուսակը կրեր՝ ամբողջ աշխարհը միանգամից կիմանար:
— Շատ լավ կլիներ, բայց ես չուզեցի այդպես լիներ:
– Ձեր ծրագրերը եւ մտքի թռիչքը մինչեւ ո՞ւր կարող են ձեզ հասցնել:

— Ես ուզում եմ, որ «Sorpresa»-ն համաշխարհային ճանաչում ունենա: Իմ պլանների մեջ կա փոքրիկ art-խանութ ունենալ: 2020-ին եմ նախատեսել: Քրոջս հետ հետաքրքիր նախագիծ ունենք: Ինքը հագուստի դիզայնն է անում, ես հագուստի վրա նկարում եմ, որ ավելի երեկոյան տեսք տանք զգեստին: Սա նույնպես օրիգինալ է, մի հագուստը մյուսին չի կրկնելու:
Ստեղծագործական մտքով բիզնեսի աշխարհ մտնելու ծրագրեր զրուցակիցներս ունեն: Թեեւ նշում են, որ «Hand made» տարբերակով առանձնապես մեծ բիզնես ծավալել անհնար է: Բիզնես աշխարհը գրավելու համար իրենց չի խանգարում նաեւ կին լինելը: Իրականում, մի մեծ խոչընդոտ ամեն դեպքում նրանք ունեն եւ արդեն բախվել են խնդիրների: Խոսքը «հեղինակային իրավունքների» մասին է: Պարզվում է՝ ստեղծագործ միտքը յուրացնելու փորձեր արվում են միշտ, բայց պայքարի գործուն եղանակներ դեռ չկան:




