ԿարևորՀասարակություն

Երեք հոգուն՝ մեկ մեքենա. անհրաժեշտությո՞ւն, թե՞ պարզապես ցուցամոլություն

Առաքել Տոնոյան
«Ռադիոլուր»

Անհրաժեշտությո՞ւն, թե՞ պարզապես ցուցամոլություն: Ինչո՞վ է պայմանավորված հազարավոր մեքենաների ներկրումը Հայաստան: Ինչո՞ւ են մարդիկ գնում մեքենաներ այն դեպքում, երբ հաճախ չեն ունենում դրա անհրաժեշտությունը կամ, որ ավելի վատ է, այն չի համապատասխանում գնողի իրական ֆինանսական հնարավորությանը:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում գրանցված է եղել մոտ 300 հազար մեքենա: Դա նշանակում է, որ Երևանի ամեն 3-րդ բնակիչ մեքենա ունի:

Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը վստահ է՝ մեքենաների էժան լինելու հանգամանքն է ստիպում մարդկանց ընտրել հենց այս փոխադրամիջոցը, որին գումարվում է նաև բոլոր այլընտրանքների պակասը:

«Երկու կարևոր պահ կա: Առաջինը մաքսազերծման գներն են, որոնք ստիպում են հենց այս տարի գնել բավականին մեծ քանակությամբ մեքենա, հույսով, որ հաջորդ տարի կվաճառեն ավելի թանկ գնով և երկրորդը՝ մեքենա ունենալու ցածր արժեքը»,- ասաց ճարտարապետը:

Ավտոմեքենաների քանակն ավելանում է, մարդկանցը՝ նույնպես: Երեւանը թեթեւանալու փոխարեն հակառակը՝ էլ ավելի է «ծանրանում»:

Քաղաքապետարանում կարծում են, որ Երեւանում սեփական մեքենաներով երթևեկել նախընտրող մարդկանց թիվն ավելանում է տարիներ շարունակ չզարգացող, թերզագացած վիճակում մնացող հանրային տրանսպորտի առկայության պատճառով:

Մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հուսով է, որ խնդիրը լուծում կստանա:

«Մարդիկ տարիներ շարունակ տեսել են, որ հանրային տրանսպորտը չի զարգանում, հանրային տրանսպորտով երթևեկելը հարմարավետ չէ, որոշ դեպքերում անգամ նվաստացուցիչ»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1980-ականների հայկական արտադրության «Խոշոր շահում» ֆիլմը:

Ֆիլմում, ինչպես եւ 80-ականներին, մարդիկ չէին էլ կարող պատկերացնել, որ 40 տարի հետո մեքենա ձեռք բերելը կարող է այդքան հեշտ լինել, իսկ այն, որ քաղաքի ցանկացած երրորդ բնակիչ մեքենա կունենար, խոսք անգամ չէր կարող լինել:

Եթե ֆիլմի գլխավոր հերոս Գառնիկը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, տեսներ ներկա իրավիճակը, երևի թե կրկին խելագարվեր:

Ճարտարապետը Հայաստանը համեմատում է եվրոպական երկրների՝ մասնավորապես Բելգիայի հետ և ասում, որ այնտեղ մեքենաների թիվը մի քանի անգամ շատ է, սակայն զբոսնելիս, փողոցներում մեքենաների կուտակումների չես հանդիպի:

Իսկ քաղաքապետարանում հուսով են, որ միասնական տրանսպորտային համակարգի ներդրմամբ Երեւանն իր «քաշը» զգալիորեն կթեթեւացնի:

Կարդացեք նաև

Back to top button