
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է նաև իր հայ պաշտոնակցի` Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանք զրուցել են ինչպես երկուստեք ջերմ հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան գործընթացի մասին:
Սերգեյ Լավրովը շեշտել է ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահությունը: Բարձր մակարդակի փոխայցելությունները երկու երկրների միջև:
Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, հատկապես առանձնացրել է համագործակցությունը ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: ՀՀ ԱԳՆ բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան գործընթացում:
Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի` համակարծիք են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Ադրբեջանը, սակայն, անընդհատ շեշտադրելով տարածքային ամբողջականությունը, անտեսում է ինքնորոշման իրավունքի կարևորությունը:
Սա չի՞ խոչընդոտում բանակցային գործընթացի առաջընթացին. Սերգեյ Լավրովը ղարաբաղյան գործընթացում հիմնարար սկզբունքների կարևորության առումով ճիշտ համարեց հիշեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ պետք է հաշվի առնել և Հայաստանի, և Ղարաբաղի, և Ադրբեջանի հետաքրքրությունները։ Դժվար է Փաշինյանի այս մոտեցման հետ չհամաձայնել` ասաց Լավրովը:
«Տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում, որոնք քննարկվում են կողմերի միջև. Եվ ամեն դեպքում վերջնական որոշումը պետք է կայացվի` հաշվի առնելով այս սկզբունքները, ինչին համամիտ են և Երևանը, և Բաքուն: Իսկ մնացածն արդեն դիվանագիտության արվեստ է։ Ցանկացած համաձայնություն, հատկապես նման դժվար խնդրի դեպքում, առաջին հերթին պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա, և որպես համանախագահներ, պետք է այնպես անենք, որ փոխզիջումն ազնիվ լինի և ներկայացնի հակամարտող կողմերի հետաքրքրությունների իրական, ազնիվ բալանսը»:

Լավրովը, արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե ՀՀ վարչապետը կարևորում է Արցախին բանակցային սեղան բերելու հանգամանքը, ասաց, որ Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր այնպես պետք է անի, որ բանակցություններն ընթանան ընդհանուր համաձայնության վրա։ Բոլորին պարզ է, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության, որևէ որոշում չի կարող ընդունվել, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի։
Համաձայնության պետք է գան հենց հակամարտող կողմերը` ասաց:
Լավրովը ռուս-թուրքական մերձեցման հարաբերությունների ջերմացման մասին լրագրողների հարցին պատասխանեց, որ ՌԴ բոլոր երկրների հետ ուզում է նորմալ հարաբերություններ ունենալ, ասաց, որ ուզում են նաև լավ հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:




