ԿարևորՀասարակություն

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն

Բժիշկների եւ ֆիզիկոսների համագործակցության նոր որակ հանուն առողջապահության: «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է  նոր՝  Միջուկային բժշկության եվրոպական  կենտրոն: Կենտրոնը ստեղծվել է՝ հաշվի առնելով  Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածությունը:

Կենտրոնի բացմանն այսօր մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր ազգաբնակչությունը պետք է իմանա, որ այսօր արդեն իսկ Հայաստանում կա քաղցկեղի որակյալ բուժում ու հարկ չկա այլեւս գնալ արտերկիր՝ այդ բուժումը ստանալու համար: Այս մասին վստահեցրել է կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Միջուկային բժշկության եվրոպական  կենտրոնի գլխավոր ուղղությունը վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումն ու բուժումն է: Շուտ ախտորոշումը կարեւոր խնդիրներից մեկն են համարում կենտրոնում, քանի որ այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի բուժումը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնագետների ուղեկցությամբ ու պարզաբանումների միջոցով ծանոթացավ Միջուկային բժշկության եվրոպական  կենտրոնում ստեղծված հնարավորություններին:

Կենտրոնում բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ  կապարապատված հիվանդասենյակներում՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Միջուկային ճառագայթման կենտրոնն այսօր աշխարհում ամենաթրենդային ուղղությունն է առողջապահության մեջ՝ լրագրողների հետ զրույցում նկատեց կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նոր կենտրոնն  ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակ՝ իր առանձին կոյուղին, օդափոխման հատուկ  համակարգը: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Կենտրոնի տնօրենն ասում է, որ ունեն շատ լուրջ եվրոպական գործընկերներ, որոնց խորհուրդով էլ կառուցվել է կենտրոնն ամբողջությամբ՝ սկսած շինարարության փուլից, քանի որ շինարարությունն իրականացվել է հատուկ տեխնոլոգիայով:

Կենտրոնն աշխատելու է գերժամանակակից սարքավորումներով,  այդ թվում՝ գերմանական  SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով,  (SPECT), որն աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել  ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների   ուռուցքային հիվանդությունները,  ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով, որոնք Հայաստան են բերվել եւ եւ առայժմ բերվելու են եվրոպական լավագույն գործարանից, որի հետ էլ արդեն կնքվել է պայմանագիր: Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված  միջուկային  ֆիզիկներ: Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն: Նա աշխատել է Եվրոպայում, Վրաստանում եւ ոլորտում հայտնի մասնագետներից է:

«Այս կլինիկայում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի բժիշկներն ու բժշկական ֆիզիկայի մասնագետները զուգահեռ աշխատեն եւ ջանան, որ հիվանդը  ստանա  թերապիա եւ ախտորոշում ամենաբարձր եւ պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ռադիոլոգը:       

Կենտրոնում պետպատվերով բուժվելու հարց առայժմ չի քննարկվել, սակայն նման քննարկում կլինի՝ լրագրողների հետ զրույցում ասաց տնօրեն Միքայել Մանուկյանը: Խոսելով ամբողջական բուժում ստանալու արժեքի մասին՝ նա ասաց, որ տարբեր գնային սանդղակներ կան, կախված, թե ինչ չափաքանակով է լինելու բուժումը: Նա նշեց, որ բուժումը լինելու է մատչելի:

Ինչ վերաբերում է կենտրոնում առաջնային հետազոտության արժեքին. ըստ Միքայել Մանուկյանի՝ այն լինելու է 40 հազար դրամի սանդղակում:

Կարդացեք նաև

Back to top button