ԿարևորՀասարակություն

Գյուղը ոչ թե գյուղատեղի, այլ գյուղ պետք է մնա

Տաշտունը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում է: Գեղատեսիլ բնության մեջ բնակավայրը իրիկնամուտի պես մարում է: 160 տնտեսությունից մնացել է 22-ը, որոնց դռները միայն ամռանն են բացվում, իսկ ձմռանը գյուղի պահապանը 5 ընտանիք է՝  ծերեր և մի քանի միջին տարիքի մարդիկ:

Եթե մեր ժամանակներից հեռանանք և պատմական անդրադարձ կատարենք՝ հասնելով ուշ միջնադար, ապա կտեսնենք, որ Տաշտունը եղել է գրչության կենտրոն, բայց հիմա  բնակավայրում նույնիսկ դպրոց չկա, ավելի ստույգ՝ շենքը կա, դպրոց հաճախող չկա: Մեկ տարի առաջ էլ այն վերադարձվել է պետական գույքի կառավարմանը:

Դպրոցի միակ աշակերտը 3 տարի առաջ է ավարտել: Այստեղ ոչ ծնունդ կա, ոչ էլ դպրոցահասակ երեխա: Բնակավայրի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանն ասում է. «22 տնտեսությունը, որ ասեմ՝ գալիս-գնում են, բայց իրենց երեխաներն արդեն այնտեղ են հաճախում դպրոց, մանկապարտեզ: Ձմռանը 5 տնտեսություն ենք մնում՝ իմ տարիքի ու ինձանից մեծեր (համայնքի ղեկավարը 46 տարեկան է )»:

Բնակավայրը դարձյալ Մեղրու ծերացող գյուղերի թվին է դասվում:  Երբեմնի աղմկոտ տները դարձել են ամառանոցներ: Փողոցով բարձրանում եմ վերև և փորձում  գտնել բնակվողների: Յուրաքանչյուր բակի մուտքի մոտ ձայն եմ տալիս՝ տանը մարդ կա՞, չարձագանքելու դեպքում շրջվում եմ ու հեռանում: Գտնվեց մի տուն, որտեղ բակի երկաթե ձողերով իրար ամրացրած փոքր դուռը բաց էր, բակում կարտոֆիլ էր փռած, ծառերի տակ էլ թափված էր բերքը: Տան տերերը եկել էին, հավաքել չորացած լոբին, քամուց թափված բերքի մի մասը.

«Ագարակում ենք ապրում, աշխատում, եկել ենք բերքը հավաքելու, հիմնականում մեղուների համար ենք գալիս, դե, տան դիմացի հողն էլ մի քիչ մշակում՝ կարտոշկա ու լոբի ենք դնում, ուրիշ ոչ մի բան: Դաչայա, տունը իջել էր, քանդվել, ամուսինս մի քիչ բարձրացրեց, սարքեց, որ չենք ապրում՝ դրանիցա»:

Երկու օրն էլ բավական էր տիկին Աստղիկին ու ամուսնուն, որպեսզի հավաքեին բերքը, լոբիները մաքրեին ու վերադառնային Ագարակ: Արամ Աբրահամյանը արդեն 72 տարեկան է, բայց  աշխատում է և հանգստյան օրերին բարձրանում գյուղ, մշակում փոքրիկ հողակտորը և հետևում մեղվաընտանիքներին: Ամեն մի փեթակից մինչև 10 կգ մեղր են ստացել:

«Գյուղում մեղու պահողները շատ են, մինչև 1000 փեթակ կա, ով 100կգ մեղր է ստանում, մեղրը վաճառում է 1 կգ 4000 դրամով, մաքուր, անարատ մեղր է»:

Արամ Աբրահամյանը մեղրն ու բերքն էլ բաժանում է 3 մասի, ուղարկում Երևանում ու Ռոստովում ապրող տղաներին: Ինքն էլ ապրում է Ագարակում կնոջ ու աղջկա հետ: Մինչև աշխատանքի անցնելն ավելի շատ ժամանակ է տրամադրել հողագործությանը:  Այստեղ ամառային արձակուրդներն են անցկացրել նաև  թոռները, հիմա ոչ ոք չի գալիս: Տաշտունում ազատ հողեր շատ կան՝ մշակող չկա:

«Մոտ 200 հա վարելահող ունենք, 500 հա արոտներ: Հիմնականում տնամերձ փոքր հողակտորներն են մշակում, չկա մեկը, որ ասեմ 1 հա կարտոշկա է ցանել, վաղը պետք է շուկա հանի: 1991թ սեփականաշնորհումից հետո հողատերեի մի մասը մահացել են, ժառանգները ժառանգություն չեն ճանաչել, դարձել են իրավազուրկ հողեր»:

Դատարկվող Տաշտունում  խմելու և ոռոգման ջրի խնդիր չկա: Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ափսոսանքով է խոսում ազատ հողերն արդյունավետ չօգտագործելու մասին.

«Լիճք և Տաշտուն գյուղերում 9000 հա արոտավայր ունենք ու ազատ: Իմ համար շատ ցավալի է, որ մարզխորհրդի նիստերի ժամանակ Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ներկայացուցիչները անընդհատ խնդիր են բարձրացնում՝ մեր արոտավայրը մյուս՝ հարևան համայնքից են մտել, ես էլ միշտ առաջարկում եմ՝ Մեղրիում մեր արոտավայրերը ազատ են, խնդրեմ, համեցեք»:

Կանաչ տարածքները նպաստավոր միջավայր են անասնապահության զարգացման համար, բայց դարձյալ անասուն պահող չկա:  Տաշտունի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանն ամենախոշոր ֆերմերն է, ունի 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գյուղում հիմնել է նաև արոտ օգտագործողների  սպառողական կոոպերատիվը.

«Կոոպերատիվը հիմնադրելու ժամանակ 2016թ-ին ես համայնքից 5 մլն դրամ համաներդրման գումար եմ փոխանցել, գյուղ բերել ենք 1 միավոր  «Բելոռուս» տրակտոր իրա բոլոր սարքավորումներով՝ խոտհնձիչով, մամլիչով, հավաքելիքով, ձեռքի խոտհնձիչով, գութանով: Էս պահի դրությամբ էլ հենց շինարարությունա գնում կոոպերատիվի ծրագրի շրջանակներում: Էկող տարի ծրագիրը վերջանումա: Նախկինում 1 հա-ը  մասնավորը հնձելա 50000 դրամով, կոոպերատիվը՝ 25000 դրամով»:

Կոոպերատիվի շրջանակներում գյուղում կառուցվում է հովվի տնակ, արոտներում 2 տեղ  ջրարբիացվել է: Սա անասնապահությունը խրախուսելու  միջոցներից է, որպեսզի մարդիկ ետ վերադառնան, տեր կանգնեն իրենց բնակավայրին:

«Գյուղն ուզում եմ, որ գյուղ մնա, ոչ թե գյուղատեղի»,- ասում է վարչական ղեկավարը և մտորում ձմռան շեմին գյուղում նվազող ձայների, բազմատեսակ պահածոներով բեռնված մեքենաներով դեպի Ագարակ, Քաջարան ու Մեղրի հեռացողների մասին:

Կարդացեք նաև

Back to top button