
Ինչ է տալիս գործարարին ԱԱՀ-ի վերադարձը, ինչի մասին ֆեյսբուքյան գրառում էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը բացատրում է, որ տարբեր հումքերի ձեռքբերման համար վճարած ԱԱՀ-ի վերադարձը արտահանումից հետո հնարավորություն է տալիս այդ գումարը շրջանառության մեջ դնել և զարգացնել բիզնեսը:
2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով` տնտեսվարողներին վերադարձվել է ԱԱՀ-ից 117 միլիարդ դրամ։ 2018 թվականին այն 97 միլիարդ էր, 2017-ին՝ 54:
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԱՀ-ի վերադարձը հրաշքի նման մի բան համարում։ Բացատրում է` ծախսած գումարներն արտահանումից հետո կարողանում են հետ բերել.

«Եթե նախկինում, ենթադրենք, հումք էր ձեռքբերվում և դրա համար վճարվում էր մաքսատանը ԱԱՀ-ով, ապա արտահանման ժամանակ այդ գումար հետ ստանալու մասին խոսք չկար, այսօր սակայն պատկերն այլ է։ Անգամ չէինք էլ մտածում, որ այդ գումարը հետ է վերադարձվելու: Սա նաև գործարարությանը նպաստող մոտեցում է: Եթե նախկինում կանխավճար էին հավաքում, բյուջեի ճեղքվածքը փակելու համար, ապա այժմ նման բան չկա»:
Որոշ մոտեցումներ փոխելու մասին է նաև խոսում: Հուշում է, որ եթե օրինակ ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը, ապա պետք է զբոսաշրջիկին հետ վերադարձնել Հայաստանում կատարած գնումների գումարից որոշ տոկոսը, ինչն ընդունված է ողջ աշխարհում:
ՀՀ ԱԺ-ն ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Օրինագծով առաջարկվում էր ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա։
Այն հաստատվել էր հարկային օրենսգրքի փոփոխություններով, որը ուժի մեջ է մտել մեկ ամիս առաջ: Սա կուտակված պարտքի մասին է արդեն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մի քանի օր առաջ կառավարությանը ներկայացրեց թվերը. «1.5 մլրդ դամ հետ ստացավ 2006 տնտեսվարող սուբյեկտ»:
40 մլն ից բարձր դեբետային գումարներ ունեցողները 21 մլրդ-ի դիմում են ներկայացրել։ Դրանք այս պահին ստուգվում են և, ըստ ՊԵԿ նախագահի, 20 մլրդ դրամ հետ կվերադարձվի։




