
Ինչ եւ ինչպես անել, որ գիտությունը Հայաստանում բնականոն զարգանա, եւ որքան պետք է լինի այդ ոլորտի պետական ֆինանսավորումը: Խնդիրներն այսօր փորձել են հասկանալ Աժ-ում՝ կազմակերպելով խորհրդարանական լսումներ:
2017-ին գիտության ֆինանսավորումը կրճատվել էր 7 տոկոսով։ Դրանից հետո այսօրվա իրավիճակը գիտնականները համեմատում են մահից առաջ կոմայի հետ: Բացի քննադատություններից եւ պահանջներից հնչել են նաեւ առաջարկներ:
Ուղիղ 4 ժամ քննարկում Աժ-ում՝ հասկանալու գիտության ապագան: Ներկա պայմաններով այն մշուշոտ է, բայց դեռ ժամանակ կա փոփոխությունների: Ժամկետը պատկերավոր ներկայացրեց գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը.
«Մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ եւ գնում է մահվան»:
Այս կարծիքին է գիտնականների ավագ սերունդը: Մյուս կողմից կա երիտասարդ գիտնականների խումբ, որոնք ոչ թե դժգոհելու եւ պետությունից պահանջելու դիրքերից են հանդես գալիս, այլ հենց իրենք են առաջարկներ ներկայացնում: Գիտական նորարարությունների առեւտրայնացմամբ զբաղվող Վարդան Գեւորգյանն առիթ ունեցել է տարբեր առաջատար երկրներում ուսումնասիրել գիտությունը տնտեսությանը կապելու փորձը: Հարցն իրականում համարում է շատ պարզ՝ հստակ պատասխաններով.

«Կախված է, թե պետությունն ինչ է ուզում: Ուզո՞ւմ ենք տնտեսական հեղափոխություն անել: Եթե ուզում ենք, պատասխանը միանշանակ է: Գիտությունը պետք է ֆինանսավորել ու այդ հարցը գիտնականների հետ պետք չի քննարկել: Այն երկրները, որոնք գիտությունը ֆինանսավորել են ՀՆԱ-ի 2 տոկոս ու ավելի, տնտեսական թռիչք են ունեցել։ Այնպես չէ, որ իրենք ֆինանսավորել են գիտությունը, որովհետեւ շատ փող ունեն: Չէ: Ես Ամերիկահայ գիտնականների եւ ինժեներների միության ներկայացուցիչն եմ Հայաստանում, որը սփյուռքահայ ամենամեծ միությունն է հայ համայնքի մեջ: Ու ես առաջարկում եմ հաջորդ հանդիպումներին նրանց էլ հրավիրենք, գան, քննարկենք մոդելներ, ոչ թե քննարկենք որ ամեն ինչ վատ է, այլ լուծումներ գտնենք: Ու ասեմ, ամեն ինչը այդքան էլ վատը չէ»:
Երիտասարդն սերնդից է նաեւ Մարիամ Խաչատրյանը: Այսպես ձեւակերպենք «դրսի» գիտնականներից է եւ ներկայացնում է Ստրասբուրգի ճարտարապետական ինստիտուտը: Հայկական գիտության խնդիրները լուծելու համար, նախ, առաջարկում է փոխել գիտնականի կարծրացած կերպարը.

«Օրինակ, Ֆրանսիայում ոչ մեկը գիտությունների թեկնածու չի դառնում բանակ չգնալու համար: Այստեղի գիտնականներն ուրիշ են, այնտեղինը՝ ուրիշ եւ գրագողությունն այնտեղ շատ քիչ տոկոս է կազմում: Գիտնականը պետք է իր տեղն ունենա եւ իր որակն ունենա: Մինչեւ դա չունենա, ուզում եք 5 տոկոս, 10 տոկոս ֆինանսավորեք՝ չի լինի ոչ մի բան: Սովետական ձեւերով չի ստացվի, ոչ մի ռազմավարություն չի անցնի»:
Գիտության ոլորտում, մասնագետների տեսանկյունից, այսօր Հայաստանում հետեւյալն պատկերն է. խորհրդային տարիների 30 հազար գիտնականի փոխարեն այսօր ունենք շուրջ 6 հազար գիտնական: Պատկերավոր ասած՝ Հայաստանում գիտնականները պատրաստվում են մինչեւ 35 տարեկան, հաջողության հասնելու դեպքում՝ լավ առաջարկներ են ստանում արտերկրից եւ մեկնում Հայաստանից:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիտության ֆինանսավորումը անկախ Հայաստանի բոլոր տարիներին համարում է «վիշտ»: 2020 թվականի համար առաջարկել էին շուրջ 13 նոր ծրագիր՝ 360 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Հաջորդ տարվա համար հաստատվել է ընդամենը մեկը` կապված սուպերհամակարգիչների կենտրոնի ստեղծման եւ շահագործման հետ:

«Ես գիտեմ, որ միշտ ֆինանսների նախարարությունը մի բան «գրպանում» պահում է, այս քննարկումներից հետո մի փոքր բան տալիս են: Եթե մի այդպիսի բան մեզ տալու են, ապա ես կխնդրեի, որ մի ծրագիր կա, որ երեւի արժե, որ մենք ունենանք: Բելառուսի ակադեմիայի հետ 5-6 քննարկում ենք մի ծրագիր, որը կապված է Սեւանում համատեղ կենտրոն ստեղծելու եւ հետազոտություններ կատարելու հետ: Շատ կարեւոր է, որով շահագրգռված է Բելառուսի կառավարությունը: Մոտավորապես 200 միլիոն դրամի խնդիր է, որովհետեւ մենք Սեւանում ունենք կառույց, որը կապիտալ պետք է վերանորոգվի, իսկ նրանք սարքավորումները անհրաժեշտ պետք է տեղադրեն եւ կատարվի աշխատանքները»:
Կրթության նախկին նախարար Էդիկ Ղազարյանն այլ առաջարկ ունի՝ հետ չմնալ հարեւան Իրանից, որը նանոտեխնոլոգիաների գծով արդեն 7-րդ երկիրն է դարձել աշխարհում իր ձեռքբերումներով:

«Այսօր մենք շատ ենք խոսում Թումոյի մասին: Առաջարկություն ենք անում ստեղծել հանրապետական նշանակության նանոտեխնոլոգիաների գիտաուսումնական լաբորատորիա, որտեղ կարող են ավագ դպրոցի երեխաները գան փորձերի հետ ծանոթանան, նաեւ ցածր կուրսի ուսանողները; Մեր համալսարանը պատրաստ է համաֆինանսավորում տալ դրա համար եւ տարածք ապահովել: 20 միլիոն դրամի մասին է խոսքը: Ես տեսել եմ ինչպիսի հրաշքներ են գործում նման լաբորատորիաները տարբեր երկրներում: Ես ասեմ, դա ավելի մեծ աղմուկ կհանի եւ շատ ավելի օգտակար, քան` այսօրվա Թումոն է»:
Որպեսզի խորհրդարանական լսումները չմնան պարզապես քննարկումների մակարդակում, պատգամավորներն առաջարկեցին գրավոր ձեւակերպել ներկայացված ծրագրերը: Քանի դեռ 2020-ի բյուջեի նախագիծը խորհրդարանում ընթացիկ քննարկման փուլում է, պատգամավորները մինչեւ վաղը ժամանակ ունեն հանդես գալու լրացուցիչ առաջարկներով: Գիտության համար ինչպիսի փոփոխություններ կբերի 2020-ի բյուջեն արդեն կերեւա փաստաթղթի վերջնական քննարկման ժամանակ:




