
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Այսօր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզի Արաքս համայնքում հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով պաշտոնավարման մեկ տարին: Մարզպետը խոսել է գյուղատնտեսության զարգացման, ինտենսիվ այգիներ հիմնելու և ներդրումների մասին:Հայտնաբերվել է 1720 հա թաքնված այգի, որոնք տարբեր համայնքների բյուջեներ են մուտքագրել 34 մլն դրամ: Անդրադարձել է նաև քաղաքաշինական հարցերին, Արմավիր քաղաքի հրդեհված բնակելի շենքի բնակիչներին նախկին շենքի սեփականատերերը կհատկացնեն նոր բնակարաններ: Մարզի 2 քաղաքում կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր, որոնք կհատկացվեն հիպոթեքով՝ մատչելի պայմաններով:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր աշխատանքային գործունեության մեկ տարին ամփոփելու նոր ձևաչափ էր ընտրել, լրագրողների հետ հանդիպեց ոչ թե աշխատասենյակում, այլ խաղողի այգիների տարածքում՝ ընդգծելով մարզի առաջնային նշանակություն ունեցող ոլորտը՝ գյուղատնտեսությունը: Արմավիրի մարզում տարվա առաջին կիսամյակի տվյալներով 223 հա-ով ավելացել են մշակովի հողատարածքները, գրեթե կրկնակի աճել ջերմոցների թիվը, ավելացել են կաթիլային ոռոգվող տարածքները, մեծացել սառնարանային տնտեսությունների հզորությունը.

«Ներկայում մենք ունենք ներդրումային փաթեթ, խոսքը գնում է Արմավիր քաղաքում 5000 տ սառնարանային տնտեսություն հիմնելու մասին: Մենք ունենք նաև մարզի գյուղատնտեսական հողերի մշակության ծավալի աճ»:
Այնուամենայնիվ Արմավիրի մարզում դեռ կա շուրջ 21000 հա հողատարածք, որոնք չեն մշակվում, ինչն է պատճառը ռադիոլուրի դիտարկմանը՝ Արմավիրի մարզպետը պատասխանեց.

«Պատճառները տարբեր են՝ սեփականատերերը չեն օգտագործում Հայաստանում չեն, ոռոգման պատճառով, աղակալված լինելու պատճառով, աշխարհագրական դիրքի պատճառով: Հիմնվելով այս տեմպերի վրա մենք կարող ենք ասել, որ 2020թ-ին ավելի շատ մշակվող հողատարածքներ ենք ունենալու»:
Այժմ դյուրինացվել է ներդրումային քաղաքականությունը, արդյունքում մեծանում է արդյունաբերական գյուղատնտեսություն հիմնել ցանկացողների թիվը: Ստուգումների շնորհիվ բացահայտվել է կոռռւպցիոն շղթա, հայտնաբերվել ՝ 1720 հա թաքնված այգի, որոնք մշակվել են ու ոռոգվել, բայց հարկեր ու վարձավճարներ չեն կատարել:

«Սրանք այն այգիներն են, որոնք նախորդ տարիներին ոռոգվել են, և շատ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն սխեմայից ելնելով, այս հեկտարների ոռոգման վարձավճարները չեն մուտքագրվել բյուջե: Շուրջ 1720 հա թաքնված այգիների հայտնաբերումից հետո տարբեր համայնքներում բյուջե է մուտքագրվել 34 մլն դրամ»:

Մարզում մեկ տարվա ընթացում ավելացել են տարբեր ոլորտներում ներդրնումային ծրագրերը, որոնք իրականացվում են պետական ծրագրերով, ինչպես նաև պետության և մասնավոր ներդրողների աջակցությամբ: Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ 209 ծրագրի ընդհանուր ներդրումային գումարը կազմում է 12 մլրդ դրամ:
«24 համայնքում խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցում, վերակառուցում և վերանորոգում, 9 համայնքում ոռոգման համակարգի բարելավում: Հաջորդ տարի նախատեսել ենք 41 համայնքում շարունակել վերականգնել ոռոգման համակարգի ներտնտեսային և միջտնտեսային ցանցերը»:

Յոթ համայնքում կհորատվի խորքային 8 հոր, ևս 8-ը՝ կվերականգնվի: Կվերականգնվի 1 մաքրման կայան: Ինչ լուծումներ են սպասվում տասնյակ տարիներ Մեծամոր քաղաքի բնակիչներին անհանգստացնող, գարշահոտություն տարածող, ինչպես նաև Զարթոնք և Եղեգնուտ գյուղերի հողատարածքները կոյուղաջրերով ոռոգվող մաքրման կայանի խնդիրներին, ռադիոլուրի հարցին՝ մարզպետը պատասխանեց.
«Այս տարի մենք ժամանակավոր լուծում փորձեցինք գտնել Զարթոնք համայնքի համար, իսկ հաջորդ տարի իմ նշած 16 խորքային հորերը նախատեսված են հենց այդ տարածքների համար, որպեսզի ոռոգման խնդիրը լուծեն: Իսկ ինչ վերաբերում է մաքրման կայանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բանակցությունների մեջ է KFW բանկի հետ: Ես հիմա թվեր չնշեմ,քանի որ տատանողական թվեր են, տարբեր թվեր են նշվում վերանորոգման և վերակառուցման հետ կապված, բայց ես կարծում եմ, որ հաջորդ տարի խորքային հորերի առկայության դեպքում՝ խնդիրը բավականին կմեղմվի»:

Նորապատ համայնքի հրդեհված շենքի բնակիչներին կտրամադրվեն անհատույց բնակարաններ հրդեհված շենքի սեփականատեր «Ամրակ» ԲԲԸ-ի կողմից:
«Համագործակցության արդյունքում իրականացման փուլում է Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեի պետական գույքի հաշվեկշռում գտնվող և չօգտագործվող շինությունները վերանորոգելու և որպես բնակարան Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված շենքի և թիվ 9 վթարային շենքի թվով 26 ընտանիքի անհատույց տրամադրելու գործընթացը»:
Լենուղու վթարային շենքի բնակիչների համար էլ է կանաչ լույս վառվելու՝ հատկացնելով տնամերձ հողամասեր: մարզում իրականացվում են նաև սուբվենցիոն ծրագրեր: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման թվի աճով պայմանավորված պետության աջակցությամբ կլուծվեն բազմաթիվ հիմնախնդիրներ:




