
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Սիրիայից դուրս բերվող ԱՄՆ զորախումբն Ախալքալաքում տեղակայելու մասին ամերիկյան հայտնի Heritage Foundation-ի վերլուծաբանի առաջարկը Վրաստանում երևակայության ժանրից են համարում։ Փորձագիտական շրջանակները հիմնականում դա անիրատեսական են համարում գոնե այս պահին, սակայն միևնույն ժամանակ անվտանգության կարևոր երաշխիք են դիտարկում Վրաստանի համար։ Հայաբնակ Ջավախեթիում ողջունվում է գաղափարը՝ համարվելով զսպող քայլ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ու էրդողանի՝ Բաթումին ու Ախալցիխեն այսպես ասած «վերադարձնելու» մասին նկրտումներին։
Ամերիկյան զորախումբը Վրաստանում տեղակայելու մասին գաղափարը թեև վրաստանյան փորձագիտական շրջանակների համար ողջունելի է, սակայն նրանք դա իրականությունից շատ հեռու են համարում։ Դա այսօր երևակայության ժանրից է, «Ռադիոլուր»-ին ասում է ռազմական փորձագետ Դավիթ Մայիսայան․
«Այս նախաձեռնությունը հակասում է Դոնալդ Թրամփի իշխանության վարած արտաքին քաղաքականությանը․ Թրամփն այսօր ավելի շատ գլոբալ քաղաքական գործընթացներից իզոլացվելու արտաքին քաղաքականություն է վարում։ Սա փաստ է։ Քանի դեռ նա է ԱՄՆ-ի ղեկավարը, ցավոք, նման նախաձեռնությունները քիչ իրատեսական են»։
Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես գալով Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը Վրաստանում՝ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում տեղակայելու մասին առաջարկով, ասել էր, որ Վրաստանն այդպիսով «հորիզոնից այն կողմ» կդառնա «Իսլամական պետությանը» արագ հակազդման ուժ, եթե ահաբեկչական խմբավորումը վերակազմավորվի։
«Այս պահին Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- ասել է փորձագետը՝ նշելով, որ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որտեղ կարելի է տեղակայել ամերիկյան զորախումբը, Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում:
Վրաստանից թեև պաշտոնապես մեկնաբանություն չկա այս հայտարարության հետ կապված, սակայն իշխանական որոշ հատվածներ այդքան էլ ոգևորված չեն գաղափարով։ Ի դեպ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարությունից ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելն աննպատակահարմար էր համարել․
«Չեմ կարծում, թե դա ընդունելի լինի․ մեզ պետք չէ քայլեր ձեռնարկել, որոնք կարող են որպես սադրանք դիտարկվել։ Բացի այդ, չեմ կարծում նաև, որ Միացյալ նահանգները պատրաստ է ռազմաբազա ունենալ այստեղ, որը կառաջացնի Ռուսաստանի արձագանքը»։
Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն և պաշտպանության ոլորտի փորձագետ Նոդար Խարշիլաձեն ասում է, որ թեև անիրատեսական է ամերիկյան ռազմական կոնտինգենտի տեղակայումը Վրաստանում, սակայն վատ է, որ երկրի իշխանություններն արդեն ցույց տվեցին հարցի հետ կապված իրենց բացասական վերաբերմունքը․
«Քիչ հավանական առաջարկ է, սակայն ամերիկացի վերլուծաբանը նման գաղափարներով Վրաստանը բերում է գլոբալ հարցերի օրակարգ, որովհետև մեր մասին մոռանում են, փոքր երկիր ենք»։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը կապ է տեսնում «ԻՊ»-ի պարագլուխներից մեկի ոչնչացման, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և ամերիկյան զորքը Վրաստան տեղափոխելու մասին ԱՄՆ-ից հնչած հայտարարության միջև։
«Դա պատահական առաջարկ չէ։ Սա Թուրքիային ուղղված զգուշանալու մեսիջ է։ Այն իրականություն դառնալու դեպքում անվտանգության ամենամեծ երաշխիքները կտա Ջավախքին, քանի որ ամենաագրեսիվ հարևանն այսօր Ջավախքում է։ Էրդողանը մեկ անգամ չէ հայտարարել, որ ցանկություն ունի չակերտավոր ասած վերադարձնել Բաթումին, նաև Ախալցիխեի հանդեպ ունի նկրտումներ։ Դա ճիշտ առաջարկ է, և ուղղված է Թուրքիային զսպելուն»։
Ամերիկյան զորախումբը Քոֆին առաջարկում է տեղակայել հայաբնակ Ախալքալաքում՝ Ռուսաստանի Զինված ուժերի 62-րդ ռազմակայանի տեղում։ Ռուսական ռազմակայան Ախալքալաքից ամբողջովին դուրս է բերվել 2007-ին:




