ԿարևորՀասարակություն

Հայաստանի քաղաքացիներն Արցախի ընտրություններին չեն մասնակցի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախի խորհրդարանն այսօր լիագումար նիստում քննարկեց  մայր օրենքում  փոփոխությունների հարցը: Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին քաղաքացիական նախաձեռնող խումբը ստորագրահավաք էր սկսել՝ Սահմանադրության 48-րդ հոդվածի փոփոխության հարցով և ավելի քան 19 հազար ստորագրությամբ հարցը ներկայացվել էր Ազգային ժողով:  Առաջարկվող փոփոխությունները  հնարավորություն պետք է տային Արցախի նախագահ և Ազգային ժողովի պատգամավոր ընտրվել նաև  ՀՀ քաղաքացիներին: Խորհրդարանն այսօր քննարկեց ու մերժեց   համապատասխան նախագիծը:

Խորհրդարանի այսօրվա նիստին 33-ից ներկա էին 30 պատգամավորներ: Նրանցից միայն 4-ը կողմ արտահայտվեց  Սահմանադրական փոփոխություններին:

Կողմ քվեարկող Շարժում 88 խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի վերաբերյալ նախաձեռնող խումբը ՀՀ ոստիկանությունից փաստաթուղթ է հրապարակել ֆեյսբուքում՝ պատգամավորին և նրա գործընկերներին համոզելու համար, որ նրանք միայն  ԱՀ քաղաքացիներ չեն, այլև Հայաստանի: Ըստ նախաձեռնող խմբի ղեկավար  Վլադիմիր Պողոսյանի՝  որևէ մեկը Արցախում միայն ԱՀ քաղաքացի չէ:

Խորհրդարանը մեծամասնությամբ այս և նախաձեռնող խմբի մյուս պնդումներում վտանգներ տեսավ ու դեմ քվեարկեց: Նախագիծը հանվեց շրջանառությունից:  Իրենց հետագա քայլերի մասին նախաձեռնող խմբի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝  քանի որ արդեն ձեւավորվել է Միասնական հայրենիք կուսակցությունը՝ հարցը կքննարկեն քաղխորհրդի նիստում:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է:  Եվ չնայած հերքումներին՝  նախագիծը ընկալվում էր որպես Սամվել Բաբայանի իշխանության գալու հնարավորություն:  Սամվել Բաբայանը Միասնական Հայրենքի կուսակցության նախագահն է:

Կարդացեք նաև

Back to top button