ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն կունենա երկու նոր ալիք՝ առանց լրացուցիչ հատկացումների

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը  հայաստանյան եզակի կառույցներից է, որը կապիտալ  ծախսերը   պատշաճ է  կատարել, խորհրդարանում՝  հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն այսօր   խորհրդարանում ներկայացրել  է  հաջորդ տարվա  ֆինանսական հատկացումների մասին տեղեկատվությունը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հայտարարել է, որ հաջորդ տարի Հանրային ռադիոյին տրվող  ֆինանսական հատկացումները չեն ավելանա:

Արա Շիրինյանը տեղեկացրել է, որ  այս տարի ռադիոդաշտը կավելանա երկու հանրային ալիքով: «Մենք ունեինք մեկ հանրային ռադիոալիք՝ առաջին ալիքը, նաև մի կապուղի՝ 103.8, որը երիտասարդական հաղորդումներ էր տալիս:  Սա փաստորեն մասնավոր կազմակերպությունն էր  գործարկում: Այս տարի  ամբողջությամբ  այն ստեղծում  և  գործարկում է Հանրային ռադիոն: Այս նպատակով բյուջեից  նոր ծախսեր նախատեսված չեն: Մինչև տարեվերջ  մենք կունենանք ևս մեկ   հանրային ալիք՝ ռադիոյում՝ մանկական ալիքը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվա սկզբից  կգործի նաև «Ոսկե ֆոնդը»»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ երկու նոր ալիքներն արդեն գործում են ինտերնետում, Հանրային  ռադիոյի պաշտոնական կայքում  հեռարձակվում են:  «Մենք դիմել ենք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, պարոն Հակոբյանը խոստացել է, որ մինչև տարեվերջ երկու կապուղի կունենանք: Բովանդակություն կա, դրա համար մենք լրացուցիչ միջոցներ բյուջեից չենք ուզել: Մնում է, որ տեխնիկապես երկու կոճակ ավելանա»,- տեղեկացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդինախագահ Արա Շիրինյանը:

Կարդացեք նաև

Back to top button