ԿարևորՀասարակություն

Ինչու է կարևոր 296 բանաձևում 1915-1923 թվականների հիշատակումը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ներկայացուցիչների պալատում ընդունված  296 բանաձևը կոչ է անում ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնապես ճանաչելով և հիշատակելով այն, ինչպես նաև մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը:

Բանաձևի ընդունումն արդեն ողջունել ու պատմական է որակել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Twitter- ի իր միկրոբլոգում նա գրել է, որ  296 բանաձևը համարձակ քայլ է՝ ծառայելու ճշմարտությանը և պատմական արդարությանը, նաև սփոփանք՝ Հայոց ցեղասպանությունից  մազապուրծ եղած միլիոնավոր սերունդների համար: Ողջույնի ու գնահատանքի հայտարարություն կա նաև ՀՀ ԱԳՆ կողմից: Նախարարությունը 296 բանաձևը հզոր ուղերձ է համարում ցեղասպանության չարիքի ժխտման և արդարացման դեմ պայքարում: Բանաձևի մասին վերլուծությունների պակաս այսօր չկար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները  պնդում ու հորդորում էին գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանց ելույթներն անկեղծ էին ու հավատով լի: Արդարությունն այսօր հաղթեց:

Ցեղասպանության ճանաչման դատապարտման և ուսումնական ծրագրերում ընդգրկելու մասին բանաձևի ընդունումն իրավապայմանագրային դիրքորոշում է համարում Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվիենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Գնահատելով հայկական լոբբի աշխատանքը՝ նա նաև շեշտում է, որ ընդունման հիմքում նաև թուրք- ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը պետք է նկատի ունենալ:

Փաստաթղթի ճիշտ  օգտագործելու դեպքում այս բանաձևից կարող ենք օգտվել.

«Կարևոր հղում կա այստեղ, շեշտվում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին: Սա կարևոր է, քանի որ վաղը մյուս օրն անպայման գնալու ենք  միջազգային դատարան՝ տարբեր հարցերով, և սա նշանակում է, որ որևէ  փաստաթուղթ մինչև 1923 թվականը ստորագրված, որևէ այլ կառույցի կողմից իրավական ու վավերական չէ: Մենք այստեղ  հանգում ենք  Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին: Այսինքն՝ սա նշանակում է, որ  1921 թվականին քեմալականների կողմից կնքված որևէ  փաստաթուղթ չի կարող  միջազգային իրավունքի կողմից դիտվել որպես իրավական փաստաթուղթ»:

Բանաձևն ընդունվեց Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը, ինչն ուժեղ ապտակ է:  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։  Կողմ քվեարկած 405 կոնգրեսականների մեջ էին ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ազդեցիկ պատգամավորներ, միայն   11 կոնգրեսական դեմ քվեարկեց բանաձևին:

Քվեարկությունից հետո Անկարան շտապեց  դատապարտել բանաձևի ընդունումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերում տեղի ունեցածը կապել է  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են՝ գրել է նա։ Ըստ նրա՝ փաստաթուղթը որևէ նշանակություն չունի  թուրք ժողովրդի և կառավարության համար: «Սա այն փաստաթուղթը չէ, որի հիման վրա տարածքային պահանջ կարող ենք ներկայացնել: Դրա համար կա այլ փաստաթուղթ՝ Վիլսոնի իրավարար վճիռը»:

Աշխարհը փոփոխվում է և հայկական լոբբին ևս պետք է, ըստ նրա, օրակարգի շեշտադրության փոփոխություն անի, պետք է գնալ իրավարար ճանապարհով՝ ասում է Արա Պապյանը:

Միջազգայնագետ Սուրեն  Սարգսյանն էլ բանաձևը որակեց իբրև  լավ շարադրված ու հաշվարկված փաստաթուղթ:  Նա անհրաժեշտ է համարում նման բանաձևի ընդունումը նաև Սենատում:

«Կարևոր է, որ ճանաչվի ցեղասպանությունը, դրան տրվի իրավական ու քաղաքական գնահատական, որպեսզի այն դառնա ամերիկյան արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը»:

Ի թիվս այսօրվա գոհունակության բազմաթիվ հայտարարությունների՝ բանաձևի ընդունումը ողջունել է նաև Գերագույն հոգևոր խորհուրդը՝ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի գլխավորությամբ: Խորհուրդն այն դիտարկել է որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու գործում:

«Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու խոստանում՝ այլևս երբեք»,- թվիթերում  գրել է Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը:  Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն էլ  ֆեյսբուքում է անդրադարձել փաստին՝ արձանագրելով՝ հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը։

Կարդացեք նաև

Back to top button