Աննա Մարտիկյան
«Ռադիլուր»
Հնագույն քաղաքակրթությունների փնտրտուքը գիտնականներին դրդեց ուսումնասիրել ծովերի, լճերի ու նույնիսկ օվկիանոսների հատակը։ Անցած դարի կեսերին, խորտակված նավերի ու գանձերի փնտրտուքով տարված, Ժակ Իվ Կուստոն կատարելագործեց ջրասուզական գործը։ Շատ երազողներ անտիկ շրջանից ի վեր փնտրում են ատլանտների քաղաքը կամ կղզի պետությունը, ինչի մասին առավել մանրամասն նկարագրված է Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։
Այն, որ Հայկական լեռնաշխարհում նույնպես կարող է լինել ջրազույզ քաղաքակրթություն, չկա ոչ մի պատմական վկայություն։ Իսկ, որ Սևանի հատակին ննջում էր հազարամյակների քաղաքակրթություն, հայտնի դարձավ միայն 20-րդ դարի կեսերին, երբ էկոլոգիական աղետի հասնող լճի մակարդակի իջեցման որոշումը մխիթարական դարձավ միայն Սևանի հատակին Լճաշենի հնավայրի բացահայտումով։

«52-53 թթ-ից առաջին արշավախումբը մեկնեց, Հարություն Մնացականյանը, և սկսվեց Լճաշենի դամբարանադաշտի ուսումնասիրությունը։ Առաջին ուսումնասիրողը թանգարանի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Հարություն Մնացականյանն էր», — ասում է հնագետ Լևոն Պետրոսյանը:
Հնագետ Լևոն Պետրոսյանի հետ շրջում ենք Հայաստանի Պատմության թանգարանում, որտեղ մի ամբողջ բաժին նվիրված է Լճաշենի մշակութային գոհարներին։
Հսկայական սայլերը, գործիքները, միջին վիճակագրական քաղաքացու համար հեքիաթային թվացող քաղաքակրթության վկայությունները ցուցասրահում կարծես լեզու են առնում ու վեր է հառնում հազարամյակների պատմությունը. «Հայաստանի բրոնզեդարյան հուշարձանների մեջ ամենաերևելին Լճաշենն է։ Լճաշենը նաև առանձնահատուկ է նրանով, որ Լճաշենի դամբարանադաշտի տվյալները մեզ ապացուցում են, մթա չորրորդ հազարամյակի կեսերից մինչև ՄԹԱ 4-րդ դարի կեսը անընդհատ զարգացող մշակույթ է։ Մշակութային օջախներ շատ կան, բայց շատ քչերն են, որ կարողանում են զարգացման ամբողջական շղթան ցույց տալ»։

Լճաշենի մշակութային գանձերը Հարություն Մնացականյանից հետո շարունակել է բացահայտել Լևոն Պետրոսյանը, ինչը համարում է կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը.
«204 դամբարան և 27 դամբարանաբլուր պեղել է Հարություն Մնացականյանը, մոտավորապես նույնքան՝ մի 5-10 հատ պակաս պեղել է ձեր խոնարհ ծառան։ Դրանից հետո իմ պեղումները շարունակվեցին 80 ականների երկրորդ կեսին»։
Հազարամյակներ լճի տակ ննջող Հայկական լեռնաշխարհի նեկրոպոլիսը պատմում է 1000-ամյակների ընթացքում հարափոփոխ մշակույթի, մեկը մյուսին հաջորդող քաղաքակրթական փուլերի հետ մեկտեղ երբեք չփոփոխվող մարդկային կյանքի անհավասարության մասին, ինչպես այս՝ այնպես էլ այն աշխարհում։
«Լճաշենի դամբարանները բաժանվում են հիմնականում 3 խմբի. հոգևոր առաջնորդներ, սովորական մահկանացուներ և առաջնորդներ»։
Հայաստանի բրոնզեդարյան մշակույթի զարգացման գագաթնակետը հնագետներն համարում են ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը՝ մթա 16-րդ դարավերջից մինչև 13-րդ դարերը, ինչի վառ վկայություններից մեկը Թանգարանի Լճաշենի բաժնում անմիջապես աչքի ընկնող փայտե հսկայական կառքն է։ Այդ կառքով են անդրշիրիմյան աշխարհ ուղարկել տիրոջը։ Մտածելով , որ մի աշխարհում կյանքն ընդհատվելով, մյուսում՝ շարունակություն է գտնում, հետը հողին են հանձնել նաև երկաթե գործիքներ, կավե ամաններ, նույնիսկ՝ զարդեր ու արձանիկներ։

«Իրեն կառքով, սարքով, ձիերով, եզներով և իրա ամբողջ գույքով հուղարկավորել են։ Տերը թաղված է, նրանից ներքև՝ կինը կամ ընտանիքի անդամները, այնուհետև եղել են նաև ստրուկներ, ծառաներ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ սայլերից մի քանիսը օգտագործված են եղել, բայց կան օրինակներ, որ պատրաստվել են միայն թաղման համար։ Տեսե՛ք, զարդերը, գեղեցիկ, նուրբ զարդեր են արված, այնպես, որ կառքն էլ տիրոջ ստատուսին պատշաճ զարդարված է եղել»։
Լճաշենի համար 55 դամբարանը մեզ ոչինչ չասաց, բայց Լևոն Պետրոսյանի մեջ արթնացրեց լավագույն հիշողություններ։ Այն տարբերվում էր, հատակագծում կլոր էր, և 3 մետր խորությամբ հայտնվում է, մի գուցե, ժամանակի իշխաններից մեկը՝ ոսկե թագը գլխին։
«Բացվեց նրա գլխի վրա ինչ․․․ ոսկե սկավառակը դրված նրա ճակատային մասում, հետո այս ոսկե ժապավենը, ինչն օղակում էր գլուխը՝ միանալով սկավառակին։ Հնարավոր է, որ սա եղած լինի թագի նախատիպը։ Սա տարիքով ամենահինն է, Հարություն Մնացականյանի կողմից պեղված դամբարանաբլուրներից հայտնաբերված այդ հոյակապ նյութերը սրանից շուրջ 700 տարի հետո են եղել։ Սա երրորդ հազարամյակի երկրորդ կեսի 22-23-րդ դարերի դամբարան է»։
Լևոն Պետրոսյանի ուղեկցությամբ մեկ առ մեկ բացահայտում ենք Հայաստանի պատմության թանգարանի Լճաշենի բաժնի գանձերն ու մտածում, մի գուցե, լճի մեկ այլ հատվածում դեռ ննջում են մեկ այլ քաղաքակրթության վկայություններ։




