
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների գործադուլը բացառապես գործատու-աշխատակիցներ հարաբերություններում էր,- Մոսկվայում «Ռադիոլուր»-ին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նաև վստահեցրեց՝ այստեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն, այստեղ «Հարավկովկասյան երկաթուղի» — Հայաստան հարաբերությունները չեն։ Նախարարի խոսքով՝ այստեղ ՀՀ քաղաքացի-մարդիկ են, ովքեր աշխատում են « Հարավկովկասյան երկաթուղիում» ու բնականաբար, եթե աշխատանքային պայմանները չեն բավարարում, ինչպես բոլորս, իրենք էլ կարող ենք իրենց ձայնը բարձրացնել ու բարձրացրել են։
«Իհարկե միշտ չէ, որ կարելի է ակնկալել բարձր աշխատավարձ ու ստանալ այն»,- հստակեցրեց Պապիկյանն ու նշեց, որ սա այն դեպքն է, երբ հնարավոր եղավ ընդհանուր հայտարարի գալ և մոտավորապես 10 տոկոսով ավելացնել բոլորի աշխատավարձը։
Նախարարը հույս ունի, որ երբ «Հարավկովկասյան երկաթուղի»-ՓԲԸ-ն կունենա այլ հնարավորություններ (հավելյալ եկամուտ), այս պարագայում հնարավոր է նաև այլ բարձրացումներ լինեն։ Նախարարը ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացումները պետք է համապատասխանեն նրանց ստացած եկամուտներին։
Անդրադառնալով ընկերությունում պարբերաբար բարձրաձայնվող չարաշահումներին՝ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը նշեց, որ իրենց հարաբերությունները կոնցեսիոն են, եթե կան այլ հարցեր՝ դրանց մասին կարող են իրավապահներն ասել։ Նմանատիպ խնդիրները միշտ էլ կարող են ծագել։




