
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business ամենամյա զեկույցը: Նախորդի համեմատ ունենք առաջընթաց` կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում գործարարության կարգավորման դաշտը բարելավվել է 4 ուղղությամբ՝ շինարարության որակի հսկողություն, փոքր ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտահանման դյուրացում:
ՀԲ-ն այս տարի առաջին անգամ հաշվի է առել, թե արժեթղթերի շուկայում քանի մասնավոր ընկերություն է արժեթղթեր թողարկում: Նոր հաշվարկի արդյունքում Հայաստանը դիրքի առումով հետընթաց է գրանցել, ռեյտինգի առումով՝ ոչ:
47-րդը՝ 190 տնտեսությունների շարքում: Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն 2020» ամենամյա զեկույցը: Ըստ դրա՝ գործարարությամբ զբաղվելու համար աշխարհի 20 լավագույն վայրերից երկուսը՝ Վրաստանը (7-րդ) և Հյուսիսային Մակեդոնիան (17-րդ) Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում են:
«Գործարարությամբ զբաղվելու դյուրինության գնահատման միավորի առումով, որը երկրի կարգավորման կատարողականի բացարձակ մակարդակի գնահատականն է, Հայաստանի միավորը բարձրացել է «Գործարարություն 2019» -ի 73.2-ից և «Գործարարություն 2020»-ում կազմել է 74.5», — ընդգծել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Զեկույցի համաձայն՝ 2018-2019 թթ. Հայաստանն իրականացրել է չորս բարեփոխում՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը:
Ուժեղացրել է շինարարության որակի հսկողությունը՝ ճարտարապետների և ճարտարագետների համար սահմանելով որակավորման ավելի խիստ պահանջներ:
Բարելավել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ պահանջելով անկախ ուսումնասիրություն և փոխկապակցված անձանց հետ գործարքների անմիջական բացահայտում:
Ըստ զեկույցի՝ մեր երկրում հարկերի վճարումն ավելի դյուրին է դարձել, իսկ արտահանումը՝ ավելի արագ: Խոսքը մաքսային հայտարարագրերն առցանց ներկայացնելու հնարավորության մասին է:
«Գործարարություն» ծրագրի թիմն այս տարի այցելել է Հայաստան ՝ նախորդ տարվա համեմատ ընդլայնելով հարցվողների շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ. «Նախորդ տարվա համեմատ ունենք առաջընթաց՝ 1.3 միավորով, ինչը մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների հետևանք է»:
Ըստ նախարարի՝ հորիզոնականի առումով զեկույցում հետընթաց ունենք, ռեյտինգի առումով՝ ոչ: Այս տարի առաջին անգամ ՀԲ-ն հաշվի է առել, թե արժեթղթերի շուկայում քանի մասնավոր ընկերություն է արժեթղթեր թողարկում:
Զեկույցի արդյունքներից վարչապետը դժգոհ չէ: Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մեթոդաբանության փոփոխությունն անակնկալ չէր: Նա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ նոր է վերադարձել ԱՄՆ-ից: Գրիգորյանը կարծում է, որ պետք է հստակեցնել օտարերկյա ներդրողի մասին պատկերացումը.
«Խոսքն այն ներդրողի մասին չէ, որը պետք է դրամական միջոցները վերցնի, գա Հայաստան ու սարքավորումներ գնի: Օտարերկրյա ներդրումների ցուցիչը պետք է գնահատվի, պետք է հստակեցվի, թե որքան են կազմում օտարերկրացիները բորսայական շուկայում: Ցանկացողների թիվը մեծ է: Ուղղակի չունենք այն պլատֆորմը, որ գան Հայաստան»:
Հայաստանի բորսայի մասին հստակ տվյալներ կունենանք թերևս տարեվերջին: Այժմ դրանք ամփոփվում են: Վարչապետը կարևորում է մեկ այլ ցուցանիշ էլ. «Կարևոր եմ համարում արձանագրել, որ ԿԲ արտարժույթի գնման պահուստավորման ծավալները 487.7 մլն դոլարի են հասել, սա կարևոր ցուցանիշ է»:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտարարեց՝ Հայաստանում ոչ թե արտարժույթի արտահոսք կա, այլ՝ ներհոսք: Ջավադյանն ընդգծեց՝ վստահ է, որ տարին կփակեն միջազգային պահուստների աննախադեպ աճով:




