ԿարևորՀասարակություն

Ինչի հաշվին է նվազում գործազրկությունը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում գործազրկության ցուցանիշները  նվազում են: Այս իրողությունը փաստում են հանրապետության  վարչապետը, Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տնօրենները, նաև  տնտեսագետները: Հիմնավորումները,  սակայն, տարբեր  են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ գործազրկության խնդրին՝ արձանագրումով ,  որ այս տարվա երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում կա:

2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 236 հազար 400, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 207 հազար 200 մարդ: Ցուցանիշը  նվազել է  29 հազար 200 –ով կամ 2.5 տոկոսով:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Գառնիկ Փարսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հաստատեց այս իրողությունը. «2015 թվականին 1800 գործազուրկ կար, որն աշխատանք էր փնտրում, իսկ այսօր թիվը կիսով չափ կրճատվել է»:

2014 թվականի հունվարից դադարեցվեց  գործազրկության նպաստի տրամադրումը:  Դիտարկմանը, թե արդյոք  սրանով է պայմանավորված նվազման միտումը, Գառնիկ Փարսյանը մասամբ համաձայնեց, քանի որ անձամբ տեսել է,  թե ինչպես է աշխատատեղերի թիվն ավելանում. «Վարչապետի նշած  վիճակագրական թվերը ես կարող եմ փաստերով հիմնավորել: Ես մարդ եմ ճանաչում՝ գործատու,  որի մոտ փորձում էինք մարդ տեղավորել: էդ կոշկակարը նախկինում  ուներ 15 աշխատող, այսօր աշխատողների թիվը 45-ից ավելի է, բայց էլի չեն հասցնում ապրանքի պահանջարկը բավարարել: Ի՞նչն էր խնդիրը. նրա կոնկուրենտները մոնոպոլիա  էին դարձրել: Կոնկուրենտները պաշտոնյաներ էին և իրենց բարեկամների անուններով պահում էին բիզնեսը: Հիմա, ըստ երևույթին, լիկվիդացվել են ու արդյունքում ազատ շուկայական պայմաններում ակտիվ աշխատում են»:

Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության  տարածքային կենտրոնի տնօրեն Սեդրակ Խաչիկյանի դիտարկմամբ՝ և՛ աշխատանք փնտրողների թիվն է ավելացել, և՛ թափուր աշխատատեղերի:

«Այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ 281 մարդ տեղավորվել է աշխատանքի: Այս պահին 200 թափուր աշխատատեղ կա Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այո, ստվերի կրճատում կա: Այս տենդենցը, որ շարունակվի, ավելի բարձր կլինի ցուցանիշը»:

ՀՅԴ բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադևոս Ավետիսյանը համամիտ է, որ գործազուրկների թիվը կրճատվել է, բայց, ըստ նրա, նվազման միտումը պայմանավորված է արտագաղթով. «Արտագաղթի հետևանքով է կրճատվել թիվը: 2019թ. առաջին եռամսյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16 հազարով ավելացել է գործազուրկների թիվը: Երկրորդ եռամսյակին նվազել է 46 հազար 400 ով»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ գործազուրկների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել ստվերի կրճատմամբ, քանի որ ստվերային աշխատողներին գործատուները  սկսել են  գրանցել: Չի բացառում, որ  միտումը կարող է պայմանավորված լինել նաև բնակչության արտահոսքով:

Տնտեսագետը մեկ այլ կարևոր դիտարկում է անում. թվերն, ասում է, ճշգրտման կարիք ունեն. «Շատ ոգևորիչ  է,  եթե իրականում գործազրկության այդքան կտրուկ նվազում կա, սակայն մի շարք հիմնավորումներ կան,  որ աշխատատեղեր չեն ստեղծվել այն չափով, ինչ չափով ներկայացվում է, քանի որ շատ ծրագրեր կասեցված են, հանքարդյունաբերության մեջ հակառակ տենդենցները կան, ինչն օբեկտիվ պատճառներ ունի»:

Ստվերից դուրս եկած ու գրանցված աշխատատեղերի հաշվին պարզ է դառնում, որ գործազրկության թիվը կրճատվել է, սակայն  նոր աշխատատեղերի ստեղծումը, տնտեսագետի կարծիքով,  այն տեմպերով չի ընթանում, որով  ներկայացվում է:

Կարդացեք նաև

Back to top button