ԿարևորՀասարակություն

Հայաստանի անտառները՝ երեք մարտահրավերների առջև

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հստակ վիճակագրություն, թե որքան են կազմում Հայաստանի անտառապատ տարածքները, ըստ էության, չկան: Ավելի ճիշտ՝ կա, սակայն 1990-ականների տվյալներն են: Արբանյակային պատկերների միջոցով հավանաբար հաջորդ տարի ամբողջական տեղեկատվություն կունենանք: Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը կարևորել է ոչ միայն անտառապատ տարածքների ավելացումը, այլև՝ անտառների որակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այսօր մեկնարկած «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովի ժամանակ կառավարության ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանում կտրվի «10 մլն ծառ» ծրագրի մեկնարկը: Մասնագետները անհանգստացած են, որ ոչ միայն այդքան ծառի տարածք  չունենք, այլ նաև՝ այդքան տնկիներ:

Երեք հիմնական մարտահրավեր, որոնց առջև կանգնած են Հայաստանի  անտառները: Մարտահրավերներն առանձնացրել ու «Ռադիլուր»-ին փոխանցում է  Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը. «Անտառների պահպանություն, անտառների վերականգնում և առողջացում (30 տարի անխնա շահագործել ենք անտառները),  նոր անտառների տնկում»:

Այս օրերին Երևանում իր աշխատանքներն է սկսել  «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովը: Հենց այստեղ են մասնագետները քննարկում՝ ինչպես մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառների թիվը: Խնդրով մտահոգ է նաև Հայաստանի վարչապետը. «Մեր երկիրն  արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթն ի հայտ է եկել մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին՝ մի շարք խնդիրների պատճառով՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում: Հետագայում այդ ամենին միացել է նաև կլիմայի գլոբալ փոփոխության միտումը»

 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանում սկսվելու է 10 մլն ծառ տնկելու  ծրագիրը: Սրա մասին անձամբ կառավարության ղեկավարը հայտարարեց. «Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ  ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը: Նկատի ունեմ Հայաստանի անտառապատ տարածքները կրկնապատկելը»:

10 մլն ծառ հնարավոր է տնկել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Ալեն Ամիրխանյանը. Բայց նկատում է՝ այստեղ էլ խնդիրներ կան. «Եթե մենք ուզում ենք 200-270 հա  անտառ տնկել, ունենք հսկայական մարտահրավերներ՝ սկսած տնկարաններից մինչև մարդկային ու գիտահետազոտական կարողություններ»:

Տնկիների  ու տնկարանների  խնդիր իսկապես կա՝ ասում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: 10 մլն ծառ տնկելու ծրագրի իրագործման համար նախ Հայաստանում կօգտագործվի շուրջ 2 մլն տնկի, հետո կմտածեն  տնկարանային տնտեսությունները զարգացնելու  մասին. «Մնացածը  ներմուծվելու է, բայց սա նաև ազդակ պետք է հանդիսանա, որ սկսենք զարգացնել տնկարանային տնտեսությունները: Պետք է ունենանք ժամանակակից տնկարանային տնտեսություններ, քանի որ 4-5 տարի հետո անտառածածկ տարածքների կրկնապատկման նպատակին հասնելու  համար պետք է  տարեկան մինչև 30 մլն տնկի ունենանք»:

Մինչև  տարեվերջ 140 հա տարածքում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն: Այս աշխատանքները ավարտելուց հետո միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կհայտարարի, թե  10 մլն ծառ տնկելու ծրագրի որ մասն է իրականացնելու՝ ասում է  ՊՈԱԿ-ի  տնօրենի ժ/պ  Վահե Մացակյանը: Անտառապատ  տարածքներն ավելացնելու համար նաև գյուղատնտեսական  նշանակության  հողերը  կօգտագործվեն: Այլ տարբերակ չկա: Փոխնախարարը նաև հստակեցնում է՝  գյուղացու ձեռքից  հող չեն վերցնի, կփնտրեն ու դեգրադացված հողեր կգտնեն.

«Անտառածածկ տարածքների  նպատակին  հասնելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել նաև որոշ գյուղատնտեսական հողեր: Բայց պետք է օգտագործել հիմնականում այն արոտները, որոնք այսօր դեգրադացված են, նվազ արդյունավետ են, և դրանք որպես գյուղատնտեսական հողեր այլևս  լավ վիճակում չեն»:

Հստակ  վիճակագրություն, թե որքան են  կազմում Հայաստանի անտառապատ տարածքները, չկա: Ավելի ճիշտ՝ կա, սակայն 1990-ականների  տվյալներն են՝ մոտ 10 տոկոս:  Արբանյակային պատկերների միջոցով հավանաբար հաջորդ տարի ամբողջական  պատկերը պարզ կդառնա:  Շրջակա միջավայրի  փոխնախարար Վարդան Մելիքյանը, սակայն,  կարևորում է  ոչ միայն անտառապատ տարածքների ավելացումը, այլ նաև անտառների  որակը.

«Կարող ենք ունենալ նույն մակերեսը , սակայն անտառները լինեն շատ վատ վիճակում: Օրինակ՝ եթե ժամանակին անտառները հատվել են հիմնականում ապօրինի, կարող է այդ վայրում ավելի խիտ անտառ լինել, սակայն այդ որակյալ անտառը չէ, որն ունեինք նախկինում:  Սա շատ ավելի կարևոր է: Ծառերի տեսակների, տարիքի մասին է  խոսքը: Եթե մենք ունեինք 100 կամ 120 տարեկան կաղնի կամ հաճար, իսկ այսօր ունենք 20 անգամ ավելի շատ 5 տարեկան նույն ծառերից, անհամեմատելի են: Անտառը միայն  ծառերը չեն, անտառը էկոհամակարգ է: Հայաստանի անտառների  պաշարի 70 տոկոսը կազմում է հաճարենին։ Այն այժմ վտանգված է կլիմայի փոփոխության պատճառով»։

Կարդացեք նաև

Back to top button