ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի անտարբերությունը՝ սպառնալիք Հայաստանի համար

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Այսօր  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է այցելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը կտևի մեկ օր, բանակցությունների հիմնական թեման կլինի իրավիճակը Սիրիայում: Էրդողանի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայում անհրաժեշտ քայլերի կարող է դիմել Սոչիում կայանալիք բանակցություններից հետո։ Նա չի բացառել, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել արդեն առաջիկա օրերին: «Այժմ 120 ժամ տևողությամբ հրադադար է սահմանվել: Այդ հրադադարի մի զգալի հատվածն արդեն անցյալում է: Վաղը ես մեկնում եմ Սոչի: Նախագահ Պուտինի հետ մենք կքննարկենք ծավալվող պրոցեսները, որից հետո, Աստված տա, կդիմենք անհրաժեշտ քայլերի», — հայտարարել է Էրդողանը:

Միացյալ նահանգներն ու մի շարք եվրոպական պետություններ ավելի վաղ դատապարտել են Անկարայի գործողությունները Սիրիայի տարածքում։ Սակայն, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը զսպման մեխանիզմներ կիրառի Թուրքիայի նկատմամբ։ Զսպման մեխանիզմներ չեն կիրառվում, իսկ դա նշանակում է, որ չկան երաշխիքներ, որ ապագայում ևս Էրդողանը չի գնա արկածախնդրության։

«Թուրքիան ցանկացած պահի խախտում է այլ երկրի տարածքային ամբողջականություն, իրականացնում է բնաջնջման տարրեր պարունակող վայրագություններ և անտեսում միջազգային իրավունքը։ Սա վտանգավոր է միջազգային անվտանգության տեսանկյունից և ռիսկային հատկապես Թուրքիայի անմիջական հարևանների համար։ Ռուսաստանի անտարբերությունը այս իրավիճակում վտանգավոր է և անուղղակի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար»,– նշում է փորձագետը։ Կարեն Վերանյանի համոզմամբ, անհրաժեշտ են իրավական միջոցներ Էրդողանի Թուրքիան զսպելու համար։

Կարդացեք նաև

Back to top button