
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արագածոտնի մարզի Արուճ համայնքի տների մի մասը կառուցված է դամբարանադաշտերի վրա: Բնակիչները տնամերձ հողամասում շինարարական աշխատանքներ կատարելիս հաճախ հանդիպում են դամբարանների: Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում է ապրում Արսենյանների ընտանիքը, որը մեծ հավատ ունի Աստծո նկատմամբ և սպասում է եկեղեցու վերանորոգմանն ու գմբեթի կառուցմանը, այլապես 7-րդ դարի եկեղեցին քայքայման ու փլուզման վտանգի տակ է:
Արագածոտնի մարզի Արուճ գյուղը հնագետների համար բացահայտելու, վերծանելու շատ հնություններ կան՝ ամրոցներ, դամբարանադաշտեր, եկեղեցիներ, քարվանատուն: Արուճ համայնքը նշանավորվում է 7-րդ դարի 60-ական թվականներին կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցիով, որն այժմ կիսավեր վիճակում է: Պատերը կանգուն են առանց գմբեթի: Եկեղեցու հարակից տարածքում ապրող Սասուն Արսենյանը գտնում է, որ գյուղի թիվ մեկ խնդիրը եկեղեցու վերանորոգումն է.

«Գմբեթ չունի, անձրևները լցվում են միանգամից եկեղեցուց ներս, բաց տեղեր կան, պատերը ճաք են տվել, տարեցտարի մեծանում են էդ ճաքերը, եկեղեցին քայքայվում»:

Սուրբ Գրիգոր եկեղեցու պատերին դեռ 7-րդ դարում պատկերված է եղել Համբարձման տեսարանը: Որմնանկարն այժմ չի երևում, քայքայվել է: Ավագ խորանի գմբեթում Հիսուս Քրիստոսն է՝ ձախ ձեռքին մագաղաթագալար: Հայաստանի անկախացման տարիներին Խոնարհ եկեղեցուն նոր շունչ է հաղորդել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, ով պատերազմ մեկնելուց առաջ հայ զինվորների պայքարի ու նպատակի կատարման համար Արուճում առաջին անգամ կազմակերպել էր մատաղի արարողություն: Սիլվա Արսենյանն ասում է, որ մինչ այդ եկեղեցին դիտվել է, որպես պատմամշակութային կոթող:

«Սկզբում ամբողջ գյուղով հավաքվեցին, եկեղեցու մոտ անասուններ մորթեցին, մատաղ արեցին: Է՜, որ ասեմ Հայաստանի բոլոր գյուղերից եկել էին, լսել էին ուխտ է՝ եկել էին: Մի 2-3 տարի տենց արեցին, բայց հիմա ամեն մեկն իր համար»:

Որից հետո ամեն տարի նոյեմբեր ամսվա 2-րդ կիրակին արուճեցիները նշում են իրենց եկեղեցու ուխտի օրը: Սկզբում միասնական, ապա առանձին՝ յուրաքանչյուրն իր հարազատների հետ: Արուճում շատ են բրոնզե դարի դամբարանադաշտերը: Եկեղեցու տարածքում պահպանվել են 5-7-րդ դարերին պատկանող տապանաքարեր: Դամբարանադաշտում կառուցվել են տներ և բնակիչները շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում հաճախ բացում են դամբարանները: Սիլվա Արսենյանը պատմում է, որ իրենց տնամերձ հողամասում ծառեր չեն աճում:

«Տեսեք, ծառեր չունենք, որովհետև սաղ գերեզման է: Հիմի, որ 1 մետր էս հողը քանդենք՝ սաղ գերեզմանա: Փորձել ենք: Էնտեղ մենք պադվալի տեղ քանդեցինք 7-8 հատ գերեզման կար, իրար կպած, քարերի մեջ»:
Ծառերն ապրում են միայն 1-2 տարի, հետո չորանում, քանի որ ոռոգելիս էլ արմատները ջուր չեն ստանում, լցվում են դամբարանները: Հայտնաբերված կմախքները Սիլվայի որդիները խմանքով վերահուղարկավորել են: Դա միակ տեղը չէր: Մեկ ուրիշ տարածքում էլ փորձել են կարտոֆիլի պահպանման համար հոր փորել, դարձյալ դամբարան են գտել ու թողել: Սիլվա Արսենյանենց բակում միայն մի քանի ծառ կար ու շատ ազատ տարածք:
Զբաղվում են անասնապահությամբ, Տիկին Սիլվայի օրը սկսվում է վաղ առավոտյան ժամը 5-ից: Արթնանում է, կանգնում եկեղեցու դիմաց ու սկսում իր աղոթքը, այն ինչ բխում է հոգու խորքից:

«Աստված բոլորին, զինվորներին պահապան, հետո մեզ: Միշտ ես տենց եմ աղոթում, առաջինը ինձ չէ»:
Աղոթում է ու անցնում գործի, սկզբում՝ գոմում, 6 անասուն ունի, որից 3 հորթ, հետո ավագ որդու հողմասում: Օգնում է, որ շուտ ոտքի կանգնեն, տան կիսատ թողած շինարարությունն ավարտեն: Հրաժեշտ տալիս Սիլվա Արսենյանն անկեղծացավ:

«Էդ թերթերը շատ են ,էլի, մեր վարչապետին վարկաբեկում: Հայաստանի համար ամոթա, որ վարչապետին էդքան վարկաբեկում են, պետք չի: Հասկանալի ա՝ 30 տարի քանդել են, մի տարում հնարավո՞ր ա սարքեն: Հա, էլի թող քննադատեն, չեմ ասում ինքը գերազանց ա աշխատում, բայց, համենայնդեպս, սիրուն չի, էլի: Էդ թերթը՝ սահման չկա»
Սիլվայի ընտանիքի անդամները թավշյա հեղափոխության կողմնակիցներ են, ուզում են, որ Հայաստանում դրական փոփոխություններ շատ լինել, պարզապես պետք է մի քիչ համբել ու սպասել, թողնել իշխանությանը հանգիստ աշխատի:




