ԿարևորՀասարակություն

Վթար եւ սողանք Սյունիքում. կան զոհեր եւ թափոնաջրերի արտահոսք

Անուշ Միրզոյան
«Ռադիոլուր»-Կապան

Սյունիքում խողովակաշարի վթարի պատճառով նախնական տվյալներով վնասվել է Ներքին Գիրաթաղի գյուղի մոտակայքում գտնվող թափուկատարի 2-րդ դյուկերը։

Կոմբինատի  համապատասխան բաժնի աշխատակիցները օպերատիվ կերպով արձագանքել են դեպքին։ Կազմվել է արձանագրություն, ուղարկվել համապատասխան գերատեսչություն։

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի՝ վթարի հետ կապված հայտարարությունը, թե «ովքեր որ արել են՝ թաքուն են պահել, չեն ասել, չեն զգուշացրել, որ այսպիսի դեպք է եղել», տեղում անհասկանալի են բնորոշում։

Ինչպես որ կարգն է կոմբինատի ղեկավարությունը բոլոր լիազոր մարմիններին վթարի եղելության և ժամկետների մասին տեղյակ է պահել՝ ասաց ԶՊՄԿ ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը․

«Ինձ համար մի փոքր անհասկանալի է մնում այսօրվա խառնաշփոթը և մարդկանց ներկայությունը այստեղ տարբեր ինստիտուտներից։ Սա արտադրական վթար է, որը մեր ռիսկի գնահատման մեջ ներգրավված է և պատշաճ կերպով վերահսկվում է։ Հենց այդ պատճառով էլ մենք ունենք վթարային խողովակաշարը և վթարային ավազանը։ Ցավոք հնարավոր չէ ամբողջությամբ կանխարգելել այսպիսի վթարները։ Մեզ մոտ սա հազվադեպ երևույթ է, ամբողջությամբ կանխարգելել հնարավոր չէ»։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին ժամը 5-ի սահմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչատարային տնտեսության խողովակաշարի վրա, ինչի հետևանքով, որոշակի արտահոսք է տեղի ունեցել նաև դեպի  Ողջի գետը։ ԶՊՄԿ ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը նշեց․

«Վթարը տեղի է ունեցել պոչատարային տնտեսության խողովակաշարի երկրորդ դյուկերայի անցման վերելքի վրա։ Հայտնաբերվել է անցք խողովակաշարի հազար միլիմետարնոց խողովակի վրա, որից եղել է արտահոսք։ Աշխատակիցները շատ օպերատիվ նախ տեղյակ են պահել իրենց ղեկավարությանը և անցել են վթարի վերացման աշխատանքներին։ Անմիջապես պոչարքի հոսքը տեղափոխվել է հատուկ նախատեսված վթարային երկու  720 միլիմետրանոց խողովակաշար և  հազար միլիմետարնոց խողովակաշարի այս դյուկերային հատվածը դատարկվել է հատուկ նախատեսված վթարային  ավազան։ Վթարը վերացվել է մոտ 30-40 րոպեի ընթացքում, որի ընթացքում, ցավոք, որոշակի արտահոսք է եղել դեպի շրջակա միջավայր, դեպի  գետ։ Այս պահին կատարվում է քննություն»։

Ներքին քննությունից հետո միայն պարզ կլինեն վթարի պատճառներ։ Առայժմ ստացված տեղեկությունները նախնական են։ Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ պատճառները կարող են տարբեր լինել։

«Չենք բացառում նաև սուբյեկտիվ միջամտություն այստեղ, ավել բան չեմ ասի, քննությունը  ցույց կտա և պատճառը, թե ինչ քանակությամբ արտահոսք եղել  և ինչ վնաս է պատճառվել։ Կազմվելու է արձանագրություն սահմանված կարգով և սահմանված ժամկետներում և տրամադրվելու է լիազոր մարմնին։ Այսինքն՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային գրասենյակ»։

Պոչատար խողովակաշարի վթարված  մասը վերականգնված է։ Հետագայում նման դեպքերը կանխարգելելու համար ձեռնարկության ղեկավարությունը գնահատել է  ռիսկերը, սահմանել հսկողություն։

Այսօր ևս մի արտակարգ պատահար էլ է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 4։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սողանքի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը նշում է՝  դեպքի մասին ահազանգ ստացել են հոկտեմբերի 17-ի ժամը 9-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Կատարվել է անմիջապես հետախուզություն՝ ամբողջ տարածքի։ Պարզել ենք, որ նախնական տվայլներով, որ սողանքը տեղի է ունեցել վերևից իջնող գետնի տակով անցնող ջրերի արդյունքում»։

Շտապ օգնության, ոստիկանության, համայնքապետարանի ներկայացուցիչները նույնպես դեպքի վայրում էին։ Համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանը նշում է․

«Համայնքապետի հանձնարարությամբ Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները և մեկ տեխնիկա նաև շտապ դեպքի վայր են եկել։ Այս տարածքը մինչև հիմա սողանքային տարածք չի համարվում, սա առաջին դեպքն է այս տարածում։ Հետագայում ուսումնասիրություններ կանցկացվեն, և կփորձենք հասկանալ իրականում սողանքային գոտի է, թե ոչ»։

Տանը բնակվում էին  ամուսիններ։ Տղամարդը՝ 1943 թվականին ծնված, իսկ կինը՝ 1950-ին։ Բագրատ Զաքարյանի խոսքով՝ հողային շերտն այնքան շատ էր, որ շինաշխատանքներին օժանդակելու համար Չաարատ Կապանը տրամադրեց ևս մեկ  միավոր տեխնիկա։ Փրկարարներին ժամը 13։00ի սահմանում փլատակներից  հաջողվեց դուրս բերել մեկ դի։ Մոտ Ժամը 15։00-ին հողային շերտի տակից  դուրս բերվեց նաև երկրորդ դին։ Ինչպես տեղեկացանք հարազատներից ամուսինները մշտապես այստեղ չեն բնակվում,  գալիս են միայն սեզոնային աշխատանքների ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button