
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատակիցներն այսօր գործադուլ են արել: Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի պատճառն Առողջապահության նախարարության որոշումն է, որի համաձայն՝ նվազեցվել է դիսպանսերի ֆինանսավորումը: Նախարարությունը նաև ցանկանում է այն ընդհանրապես փակել։ Բողոքի ակցիային ի պաասխան՝ այսօր պարզաբանումներով է հանդես եկել Առողջապահության նախարարությունը:
Երեւանի հակատուբերկուլոզային դիսպանսերի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցներն ասացին, որ Առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել դիսպանսերի ֆինանսավորումը եւ ցանկություն ունի ընդհանրապես փակել հաստատությունը: Հաստատության հաշվապահ, ֆինանսիստ Մանուշակ Հակոբյանը պարզաբանեց.
«Մենք հիմնական ֆինանսները մենք ստանում էինք տուբերկուլյոզի ստացիոնար ծառայությունների համար՝ 97 մլն դրամ: Ամուլատոր ծառայությունների համար ստանում էինք 46 մլն դրամ: Հիմա, փաստորեն, այս տարի մեզ պետպատվեր չեն հատկացնելու ստացիոնարի համար: Դա, ինքնին ստացվում է, որ 46 մլն-ով, բնականաբար, չենք կարող գոյատեւել եւ մի ամբողջ հիմնարկ պահել՝ 70 հոգի աշխատողներով: Հետեւաբար, ստացվում է, որ ինքնըստինքյան հիվանդանոցը գնում է փակման»:
Նախարարության որոշումը խնդիրներ է հարուցում թե՛ հիվանդների, թե՛ աշխատողների համար՝ ասաց բուժհաստատության ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլնազյանը: Չե՛նք կարող թույլ տալ, որ 71 աշխատող դառնա գործազուրկ, չե՛նք կարող թույլ տալ, որ ազգաբնակչությունը չունենա հնարավորություն լիարժեք ախտորոշվելու՝ ասաց.
«Ախտորոշումների 70-80 տոկոսը արվում են այս դիսպանսերում, որովհետեւ ոչ բոլոր պոլիկլինիկաներն ունեն հնարավորություն հիվանդներին մանրակրկիտ զննելու»:
Նախարարության նպատակն է այս հաստատությունը կոմպլեկտավորել Աբովյանի հակատուբերկուլոզային հանրապետական կենտրոնում: Թեպետ Աբովյանի հանրապետական կենտրոնում կա հագեցվածություն, սակայն, ըստ ակցիայի մասնակիցների, այնտեղ գնալը Երեւանի բնակիչների համար լուրջ խնդիրներ են առաջացնելու: Հաստատությունն իր առաջարկություններն է արել, որոնք, սակայն, չեն ընդունվել: Հետեւաբար՝ աշխատակիցները գիտակցում են, որ դա նշանակում է հաստատության փակում: Բուժզննում լիարժեք անցնելու համար 3-4 օր անընդմեջ նրանք ստիպված պետք է լինեն հասնել Աբովյան: Սա այն դեպքում, երբ հաճախորդների հիմնական մասը սոցիալապես անապահովներ են եւ ստանում են անվճար բուժում: Բուժաշխատողները դիսպանսերի նկատմամբ նման վերաբերմունքը աբսուրդ են համարում:
Լսեցինք նաեւ այցելուի տեսակետ.

«Էս հաստատությունից ես շատ գոհ եմ: Ամուսնուս մոտ 4-5 տարի է անընդհատ կրկնվում է եւ երբ դիմել ենք՝ երբեք մեզ վատ չեն վերաբերվել: Լսեցի, որ կարող է սա փակվի եւ տեղափոխվի Աբովյան, բայց շատ-շատ հիվանդների տերեր նաեւ հնարավորություն չեն ունենա հասնելու Աբովյան: Չգիտեմ, եթե չլինի էս հիմնարկը, մարդիկ ո՞նց են անելու»:
Գործադուլի ակցիան այսօր անցկացվեց առայժմ հիվանդանացի բակում: Աշխատակիցներն ասացին, որ գրավոր դիմել են առողջապահության նախարարին եւ սպասում են հարցի լուծմանը: Սա նախազգուշական գործադուլ է: Հիվանդները կստանան իրենց բուժօգնությունը, մնացածը՝ կախված է պետական այրերի արձագանքից՝ ասացին:
Հարցի հետ կապված ավելի ուշ պարզաբանում տարածեց ԱՆ-ն: Պարզաբանման մեջ շեշտվում է, որ Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսապնսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել:
Նշվում է, որ հաշվի առնելով հիվանդության նվազումը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։ Վստահեցվում է, որ տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձը՝ ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։ ԱՆ-ն նշել է նաեւ, որ ելնելով այդ ամենից՝ գերատեսչությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսապնսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։
Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք` իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում՝ իր տարածած պարզաբանումը եզրափակել է ԱՆ-ն:




