ԿարևորՀասարակություն

Աննախադեպ մեծությամբ բեմ՝ Գյումրիի հրապարակում

Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվում է Հայաստանի պատմության մեջ մինչ այժմ եղած բեմերից ամենամեծը` ավագանու նիստում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Այսպիսի մեծության բեմ ՀՀ-ում դեռևս չի եղել: Բեմը տեղադրում է ռուսական ընկերությունը»,-նշել է քաղաքապետը։ Աննախադեպ մեծությամբ բեմը նախատեսված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումների եզրափակիչ համերգի համար։ Այն տեղի կունենա Գյումրիում՝ տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Բացի այդ, Գյումրիում նախատեսված են նաև այլ մշակութային միջոցառումներ։ Լայնամասշտաբ միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին: Հանրային միջոցառումները կսկսվեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ ընդգծել հումանիտար աջակցության և երախտագիտության կարևորությունը: Պատմական բնաջնջումից ավելի քան 100 տարի անց գյումրեցի դպրոցականները «Тhank you, world» բառերով իրենց յուրահատուկ ֆոտոուղերձը կհղեն աշխարհին:

Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Մշակութային երեկոն կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային խմբի բացօթյա համերգով, որի բացմանը հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը: Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն կներկայացնի «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը:

Պաշտոնական տվյալներով` «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում քաղաքն ունեցել է մոտ 5000 այցելու, իսկ Անկախության 28-ամյակին նվիրված միջացառումներին Գյումրի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ: Մեծաթիվ հյուրեր են սպասվում նաև հոկտեմբերի 17-ին:

Կարդացեք նաև

Back to top button