
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ ժողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ Արցախի բարեկամները տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք են տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում երկրի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Իր հերթին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Արցախի շուրջ այս համախմբումն ունի հատուկ ուղերձ, որ մեր ժողովուրդը միայնակ չէ իր իրավունքների համառ պայքարում: Նա բարձր է գնահատել Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու ուղղությամբ:
Համաժողովի բացմանը ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ, զարգացնելով համագործակցությունը, այսօր տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն են դնում:
«Հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կստեղծենք մշտապես գործող հարթակ՝ նոր առաջարկների քննարկման և իրագործման համար: Կցանկանայի վստահություն հայտնել, որ այսօրվա միջոցառումը միջազգային հանրությանը ուղղված հարթակ կդառնա առ այն, որ Արցախի մեկուսացումը ու նրա քաղաքացիների միջազգայյին համագործակցության հնարավորություններից զրկելը անթույլատրելի է»,- նշել է ԱԳ նախարարը:

Համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Շավարշ Քոչարյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլև բոլորի համար:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ իր գոհունակությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են Արցախին և ընդգրկված են Արցախի բարեկամների լայն ցանցում: Նա նշել է, որ առանց համագործակցության, որը մշտապես եղել է Արցախի իշխանությունների հետ, այս ամենն իրագործել հնարավոր չէր:
Միջոցառմանը տեսաուղերձով հանդես են եկել Արցախի օտարերկրյա բարեկամները: Այնուհետև ներկայացվել է «Արցախ. Պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի ամբողջ օրվա ընթացքում: Երկու նստաշրջանների ժամանակ ելույթներով հանդես կգան համաժողովին մասնակից անդամները: Նախատեսվում է ֆորումի ավարտին ընդունել հռչակագիր:




