
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Էջմիածին քաղաքի 2704-ամյակին նվիրված տոնակատարությունների ցանկում տեղ էր գտել նաև կոլոլակի կամ քյուֆթայի փառատոնը, որը հայկական խոհանոցի անբաժան բաղադրիչներից է: Փառատոնն առաջին անգամ էր կազմակերպվում և վայրն էլ պատահական չէր ընտրված: Կոլոլակի փառատոնին խոհարարները ցուցադրել էին իրենց վարպետությունը, համադրել արևելյան և արևմտյան խոհանոցների համերը:
Փառատոնի մասնակիցներին հանձնվել են շնորհակալագրեր և պարգևներ «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն համ» անվանակարգերում: Փառատոնի լավագույն համը ստեղծել էր «Արիշտա» ռեստորանի հիմնադիր Վարդա Ավետիսյանը։

Որն է ավելի լավ՝ Էջմիածնի քյուֆթան, թե Գավառի, մինչև էջմիածնեցիներն ու գավառցիներն կպարզաբանեն իրենց համար կռվան հանդիսացող ուտեստի որակական ու համային հատկանիշները, հայ խոհարարները ցուցադրեցին իրենց վարպետությունը՝ քյուֆթան կամ կոլոլակն օգտագործելով սննդային տարբեր բաղդիչների ու համեմունքների հետ՝ ստանալով տարբեր ուտեստներ: Էջմիածնի տոնին առաջին անգամ կազմակերպված քյուֆթայի փառատոնին մասնակցում էին նաև էջմիածնեցի խոհարարները: Էլլադա Պողոսյանը ներկայացնում է քյուֆթայի ստացման եղանակները․

«Քյուֆթան առաջներում ստացել են այսպես՝ քարի վրա փայտե թակով ծեծել են միսը, այն աստիճանի են ծեծել, որ դարձել է պյուրեանման զանգված, որին խառնել են աղ, ջուր, օղի, ձու: Մենք քյուֆթայի տարբեր տեսակներ ունենք պատրաստված, լավաշով ու քունջութով, հավի մսով ու սնկով, կաղամբով ու խաղողի թփով տոլմաներ»։
Մաչանենց տան խոհանոցում գերակշռում են հայկական ավանդական ճաշատեսակները, որոնք շատերիս խոհանոցից դուրս են մնացել: Նրանք քաղաքի տոնին ներկայացել էին կոլոլակի պատրաստման նոր բաղադրատոմսով․
«Ունենք կոլոլակ սնկով, ռեհանով, քանի որ Մաչանենց տունը զբաղվում է գորգագործությամբ, մենք կոլոլակը ներկայացրել ենք գորգի տեսքով, պատրաստել ենք կոլոլակ նաև երկրագնդի տեսքով՝ բրոկոլիով, ձվով և այլ բաղադրիչներով» ։

Տարբեր տաղավարներում խոհարարները նորարարություններ էին մտցրել քյուֆթայի պատրաստման մեջ: Դրանք տարբեր էին թե իրենց տեսքով, թե ձևով, ու համերով, և թե պատրաստման եղանակներով.
«Մենք քյուֆթան պատրաստում ենք տապակած սնկով, սպիտակ գինիով ու տոմատի սոուսով, ունենք նաև հորինված տեսակներ՝ կանեփի սերմով ու մեքսիկական կարմիր պղպեղով, նանայի սուոսով, սալորի չրով, պանրով և ընկույզով, նարնջով ու զիրայով, ծնեբեկով ու սնկով»:

«Տեսականիներից մեկը ավանդական փախլավան է՝ քյուֆթայի մեջ ավելուկ և ընկույզ, ունենք մաֆիններ, որոնց մեջ լցոնված է՝ հաճարով, սնկով փլավ և ավելուկ, ունենք տոլմաներ՝ համեմված զեյթունով, թարխունով»:
«Փառատոնին հանդես ենք գալիս թավա քյուֆթով, սնկով, թվով, տորթ քյուֆթով»:

Տորթ քյուֆթան տեղ է գտել տարբեր ռեստորանների ճաշացանկում: Հովհաննես Գրիգորյանը բացում է փակագծերն ու նշում, որ իրենք տորթ քյուֆթայի մեջ օգտագործել են ձու, լոլիկ, պղպեղ և տապակած քյուվթա՝ թավա քյուֆթա: Պատրաստվում է տորթի նման կլոր և մատուցվում:
Էջմիածին եկած հյուրերը համտեսել են քյուֆթաների տեսակները, հետաքրքրվել պատրաստման եղանակով, պարզել բաղադրատոմսերը: Համային ինչ տարբերություն է զգացել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Էջմիածնի կոլոլակների և փառատոնի մասնակից խոհարարների պատրաստած կոլալկների միջև՝ Ռադիոլուրի հարցին պատասխանել է.

«Ճիշտն ասած՝ տարբեր համեր զգացի, որովհետև դասական կոլոլակներ չէին, տարբեր տեսակներ էին, ըստ այդմ էլ համերի տարբերություն կար»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհավորելով էջմիածնեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ, կարևորեց խոհարարական փառատոնների կազմակերպումը և նշեց, որ պետք է տեր կանգնել մշակութային ժառանգությանը: Փառատոնի միջոցով ցանկացել են զարգացնել կոլոլակից պատրաստվող կերակրատեսակները․

«Պիտի հպարտորեն նշեմ, որ շատ տարատեսակներ, շատ մտահղացումներ, շատ նոր տեսքեր տեսանք և այդ բաղադրատոմսերը պետք է հավաքագրենք և փոքր բրոշյուրով սկիզբ դնենք կոլոլակից պատրաստվող կերակրատեսակների զարգացմանը»:
Քյուֆթան պարսկերեն նշանակում է մանրացված կամ ծեծված: Տաղավարներից մեկում 3 լեզվով փակցված էր քյուֆթայի պատմությունը, որը ներկայացնում էր Հրաչյա Ղարիբյանը։

«Երբ ծնողները հասել են պատկառելի տարիքի և դժվարությամբ կամ ընդհանրապես չեն կարողացել ուտել միսը, զավակներն այն քարերի օգնությամբ ծեծել են ու դարձրել ավելի փափուկ ու նուրբ, որպեսզի ծնողները այն կարողանան ուտել: Սրանով երեխաներն արտահայտել են իրենց սերն ու հարգանքը, հոգատարությունը ծնողների, տարեցների նկատմամբ»։
Հայ խոհարարների ստեղծագործական մտքին ծանոթացավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա շրջել է տաղավարներով, համտեսել ու գնահատել

«Կարծում եմ, որ ինչքան մենք վերադառնանք, կենցաղում օգտագործենք ու նաև պոպուլյարիզացնենք մեր ազգային ուտեստները, որովհետև շատերը մնացել են գրքերում և շատ չեն օգտագործում, էնքան լավ և փառատոնները հիանալի միջոց են, տեսեք, ժողովուրդը հավաքվում են, շրջում տաղավարներով, համտեսում են, որոշակի մրցակցություն կա»:
Կոլոլակի փառատոնին մասնակցել էր խոհարարական 15 տաղավար: Խոհարարական վարպետության համար Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը նրանց հանձնել են շնորհակալագրեր և պատվոգրեր: «Լավագույն տեսք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Եփրեմյանը, «Լավագույն մտահղացում» անվանակարգում՝ Երևանի թիվ 6 արհեստագոչծական ուսումնարանը, իսկ և «Լավագույն համ» անվանակարգերում՝ «Արիշտա» ռեստորանին: Կոլոլակի լավագույն համի վարպետը Վարդա Ավետիսյանն էր:

« Ներկայացրել էինք ծիրանաչրով, թարխունով, քուֆթայով արիշտան, ներկայացրել էինք չամանով, ծիծակով քյուֆթայով արիշտան, ձեռքի հետ մի քանի ասիական խաղեր էլ էինք տվել: Ինձ համար իսկապես անսպասել էր՝ էն էլ Էջմիածնում»:
Կոլոլակ-Քյուֆթայով պատրաստված ուտելիքների բազմազանությունը տեղ կգտնի հայկական խոհարարական գրքում:





