
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի մեկին «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրեց Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանին եւ Ռաֆիկ Օրդոյանին՝ պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար: Ի՞նչ պայմաններում է խոցվել անօդաչու թռչող սարքը, հասցրել է արդո՞ք տեղեկություններ փոխանցել հակառակորդին, եւ արդյ՞ոք այս անօդաչուն էլ այն նույն իսրայելական ընկերության արտադրանքն է, որի հարվածային թռչող սարքերի հետ կապված խնդիրներն ի հայտ եկան դեռ 2017 թվականին:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցվեց սեպտեմբերի 25-ին՝ Ակնայի հատվածում: ORBITER-2 տիպի անօդաչուն, ըստ մասնագետների, հետախուզական թռիչք է իրականցրել՝ նպատակ ունենալով ՊԲ ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկություններ փոխանցել: Անօդաչուն խոցելուց մեկ օր առաջ Պաշտպանության բանակում մեկնարկել էին «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի փոխանցմամբ՝ խոցված սարքը իսրայելական եւ ադրբեջանական համատեղ ռազմական արտադրության է, թռչում է 5-ից 6 մետր բարձրությամբ:
«Սա Օրբիտեր-2 է: Նույն Օրբիտերի հիմքի վրա կա հարվածային տեսակը, որի ադրբեջանական հավաքումը կոչվում է «Զարբա»: Սա հետախուզական է: Ինչ վերաբերում է զուտ խոցման փաստին, ապա կարեւոր է հասկանալ, թե երբ եղավ: Ադրբեջանը հետախուզական ԱԹՍ ուղարկեց, երբ Արցախում լայնամասշտաբ զորվարժություններ էին ընթանում, եւ Ակնայի ուղղությամբ, քանի որ հենց այդտեղ է տեղակայված մեր խոշոր զորավարժարաններից մեկը: Ըստ երեւույթին՝ ուղարկվել էր հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այն, որ ադրբեջանական կողմի վերջնական նպատակը իրականություն չի դարձել, փաստ է: Հուսանք, որ հնարավորինս քիչ տեղեկություններ է փոխանցվել»:

Ռազմական վերլուծաբանը նշում է, որ ՀՕՊ համակարգերի համար բալիստիկ հրթիռներից բացի, բավականին դժվար է նաեւ այս դասի փոքր թռչող սարքեր որսալը: Հայկ Խաչիկյանի խոսքով՝ ոչ մի երկիր ապահովագրված չէ տվյալների հավաքագրման նպատակներով նման թռչող սարքերի գործունեությունից, բայց այն, որ հայկական զինված ուժերի կողմից նման ԱԹՍ-ի խոցումը առաջին դեպքը չէ, հստակ է:
«Դատելով ԱԹՍ տեսքից ՝ կարելի է ասել, որ խոցվել է հրաձգային միջոցներից կամ զենիթային գնդացրից, հրանոթից: ԱԹՍ-ի գնի մասին դժվար է ասել, քանի որ տարբեր երկրների կողմից նույն զենքը վաճառվում է գնորդներին ոչ ֆիքսված գնով: 1 մլն, 700 հազար դոլար. նման գների մասին է խոսվում»:
Փորձագետը նաև հստակեցնում է՝ ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարքն իսրայելական, ավելի ստույգ՝ Aeronautics Defense Systems ընկերության արտադրանքն էր:
«Այդ ընկերության հետ կապված խնդիրներն ավելի վաղ՝ 2017-ին էին Իսրայելում ի հայտ եկել: 2017 թվականի օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին, բայց սարքը գործադրել էին պատվիրակության ղեկավարները: Սկանդալից հետո Իսրայելի ՊՆ-ն կասեցրեց Ադրբեջանին Aeronautics ընկերության Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, քննություն ընթացավ շուրջ մեկ տարի: Գործը քննել են ինչպես Իսրայելի ՊՆ-ում, այնպես էլ Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքում: Բիզնես պատերազմի արդյունքում Aeronautics Defense Systems ընկերության գինը ընկավ, եւ Ռաֆայել ընկերությունը շահավետ պայմաններում ձեռք բերեց այն»:
Զուգադիպությո՞ւն, թե՞ ռազմական տակտիկա, բայց ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցումից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ։ Անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողել էր մեկ դի։ Հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նաև մեկ վիրավոր է ունեցել, որը հետո մահացել էր։ ՊԲ–ն որևէ կորուստ չէր ունեցել։




