Ադրբեջանում նոր ատոմակայանի կառուցո՞ւմ, թե՞ զինտեխնիկայի ձեռքբերում
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ռուսաստանն Ադրբեջանին ատոմակայան կառուցելու առաջարկ է արել: «Ռոսատոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Լիխաչովի կարծիքով՝ Ադրբեջանում բավական դինամիկ աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը: Միայն 2018 թվականին 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը:
«Ռոսատոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Լիխաչովը Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ատոմակայան կառուցելու առաջարկ է արել: Ընկերության նախագահն ասել է, որ ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կցանկանա Ադրբեջանը: Վերջինիս կարծիքով, Ադրբեջանում բավականին դինամիկ աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, եւ ատոմակայան կառուցելը շահավետ արդյունքներ կտա: Նույն լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ, ըստ պաշտոնյայի, 2018-ին Ադրբեջանում 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումն ու արտադրությունը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանում ատոմակայան կառուցելը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ներկայության գրավական: Սա Ռուսաստանի համար և՛ աշխարհաքաղաքական, և՛ բիզնես հարց է՝ ասում է:
«Այդ ատոմակայանները պետք է Ռուսաստանից ստանան և՛ վառելիք, և՛ սպասարկում, և՛ աշխատած վառելիքի ուտիլիզացում»:
Ատոմակայան կառուցելու հարցում քաղաքագետը մեկ այլ խնդիր էլ է տեսնում: Ռուսաստանն այսօր փորձում է Ադրբեջանին տեխնոլոգիապես ավելի բարձր մակարդակի հասցնել: Ադրբեջանին ապահովելով միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներով՝ հավասարեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը:
«Ադրբեջանն ունենալով ատոմակայան՝ ստիպված կլինի ավելի շրջահայաց լինել իր ռազմատենչ նկրտումներում, որովհետև տարածքում ունենալ, այսպես ասենք, ստացիոնար ատոմային ռումբ, նշանակում է որոշակի ճշգրտումներ պետք է մտցնի իր քաղաքականության մեջ: Ես այժմ էլ վստահ չեմ, որ Ադրբեջանը կուզենա այդ գաղափարն իրականություն դարձնել»:
Քաղաքագետի կարծիքով՝ սա պետք է ընդունել ի գիտություն և հետևել իրադարձությունների զարգացմանը:
Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Հայաստանի հետաքրքությունը պետք է բևեռվի ավելի շատ մեր երկրում նոր ատոմակայանի կառուցման վրա։ Հապաղում ենք, Հայաստանը տարեց տարի կորցնում տարածաշրջանում ատոմային էներգետիկայի առաջատար դիրքը՝ ասում է: Էներգետիկայի հարցերով փորձագետն իր մասնագիտական դիտարկումներն է անում:
«Կարծում եմ դա մի մասն է ընդհանուր գիտատեխնոլոգիական նահանջի։ Տարատեսակ ներազդումների և մտայնությունների ազդեցության տակ ատոմային տեխնոլոգիան և էներգետիկան ընկալվում են որպես ոչ մոդեռն, ընկալվում են որպես երկրորդական շատ ավելի պրոգրեսիվ համարվող քամու և արեգակնային էներգետիկայի համեմատ: Այդպիսի պնդումն իհարկե ոչ մի հիմք չունի: Եվ դա ուղղակի միտումնավոր տարվող քաղաքականություն է, որպեսզի կանխեն Հայաստանում տեխնոլոգիական զարգացումը»:
Ադրբեջանում ատոմակայան կառուցելու առաջարկները երկրի համար շահավետ են այնքանով, որ կբավարարեն ներքին սպառումը: Ադրբեջանը գիտակցում է, որ գտնվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, ինչի վառ ապացույցն անցյալ տարի երկրում լայնամասշտաբ հոսանքազրկումներն էին։ Այնտեղ գիտակցում են նոր գեներացնող հզորությունների անհրաժեշտությունը և այս առումով Ադրբեջանը ճիշտ ճանապարհի վրա է, ասում է Արա Մարջանյանը և շեշտում մեկ կարևոր հանգամանք ևս: Տարածաշրջանում միշտ ընթացել է, ընթանում և կընթանա մրցակցություն տեխնոլոգիաների, ֆինանսների և ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման մեջ: Դրա ապացույցներն ունեցել ենք:
« 60-70-ականների Հայաստանին հաջողվեց հիմնել ատոմային էներգետիկան և այդ հանգամանքը հանգիստ չէր տալիս մեր անմիջական հարևաններին, հատկապես Ադրբեջանին։ 1981 թվականին Հեյդար Ալիևը կարողացավ վիժեցնել Հայաստանում երրորդ և չորրորդ բլոկերի կառուցումը և փոխարենն առաջարկեց ատոմակայան կառուցալ Ադրբեջանում: Այնուհետև այդ բոլոր աշխատանքները սառեցվեցին։ Այդ նույն ժամանակ նա փորձում էր վիժեցնել նաև Որոտանի ՀԷԿ-ի շինարարությունը՝ առաջարկելով բոլորովին հորինված, այսպես կոչված, Մինգեչաուրիի ՀԷԿ-երի կասկադի շինարարությունը»:
Ռուսաստանի այս քայլը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդում է նշանակում։ Զրուցակցիս խոսքով՝ ավելի լավ է Ադրբեջանը 8 մլրդ դոլար ծախսի ատոմակայան կառուցելու, քան՝ զինտեխնիկա գնելու վրա։