
Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը, որը համախմբում է տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցչի:
WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:
Համաժողովի մեկնարկն այսօր կտրվի Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին կայանալիք համերգով։
«Մեցցո Պրոդաքշնի» կազմակերպած համերգին հանդես կգա WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տեխնոերաժշտության առաջատար DJ, հանրահայտ Արմին վան Բյուրենը։
WCIT սիմֆոնիկ նվագախումբը կազմված է WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներից, ովքեր ՀՀ-ում առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության կողմից գրված երաժշտությունը։
Արհեստական բանականության համար հիմք են համարվել հայկական շարականները։ Նվագախումբը կներկայացնի 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն պատկերներ:
Հոկտեմբերի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «WCIT 2019»-ի համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ «WCIT 2019»-ի ընթացքում կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Թողարկվել է նաև WCIT 2019-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։
Համաշխարհային համաժողովի շրջանակներում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ ավելի քան 20 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Հայաստանում շուրջ 900 ՏՏ ընկերություն կա, որոնց թվում են համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը։ ՏՏ արտադրանքի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը կաշխատի մինչև հոկտեմբերի 9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։




