
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ու՞ր ես գնում, Համզաչիման: Հայաստանի քարտեզի վրա այս անվանումով գյուղ չես գտնի, սակայն Աիդա Ավետիսյանը կարողացել է հասնել Համզաչիման, քանի որ գիտեր գյուղի ներկայիս անվանումը` Մարգահովիտ և տեղում զրուցել գյուղի տարատեսակ անվանումների մասին:
Հայարմատ հողի տեղանունները հայի բախտի պես փոփոխական են ու երբեմն էլ զավեշտական: Թագավորանիստից կարող են գլորվել Բոզ քենդ կամ Բոզ գյուղ, ճանապարհին դառնալ Համզեգյուղ կամ Համզագյուղ, ապա Համզաչիման, ու այսպես շարունակ:
Թվարկած բոլոր անունները 10-րդ դարից ի վեր իր վրա է ժամանակ առ ժամանակ փորձել Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում լեռների մեջ ծվարած այժմյան Մարգահովիտ գյուղը: Չնայած բոզգյուղցիներն իրենց բնակավայրի անվանակոչության այդ տարօրինակ տեղանունը կապում են գորշի ու մոխրագույնի հետ, սակայն քիչ չեն զավեշտալի ու երբեմն էլ ճակատագրական պատմությունները: Դրանցից հիշեց գյուղի բնակիչ Ժորա Գասպարյանը:

Պարզ է, որ յուրաքանչյուր տեղանուն իր մեջ մի պատմական կամ իրադարձային դեպք է պարփակում: Այսօրվա Մարգահովիտը ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու պատվին դրված Համզեի չիմանն է, այսինքն՝ Համզեի բուսածածկ տեղանքը, Համզեի մարգերը, որտեղից էլ Համզաչիման տեղանունը: Ի դեպ, մարգահովիտցիները դեմ չեն նախնիների ընտրությանը, պատրաստ են փոխել ներկա անունը, սակայն, ըստ համայնքապետ Սամվել Անանյանի, գյուղն անվանափոխելու համար համայնքը գումար չունի:
-Տարեցների մեծամասնությունը ցանկանում է, որ վերանվանվի Համզաչիման, սակայն դեռևս գումար չունենք: Հենց գումարն ունենանք, հանրաքվե կանենք:
— Համզաչիման, ուրա՞ տենց բան լինի շատ լավ կլինի, թե չէ Մարգահովիտ ովա՞ ճանաչում:

40 տարի առաջ անվանափոխված Մարգահովիտը ոչ բոլորին է մտովի տանում հանրաճանաչ Համզաչիման։ Իսկ հին անվան հետ կապված բազում պատմություններ կան:
«Որ ասում են Համզաչիման, լավա հնչում, ու պատմում է պատմությունը»:
Ի վերջո, ինչու՞ Մարգահովիտ: Որովհետև այդ գյուղը հայտնի է մրգատու ծառերով, կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներով: Շրջակայքն անտառածածկ է: Գուցե Մարգահովիտը տարիների շրջապտույտում կարողանա իր վրայից մաքրել այն ոչ ընդունելի ու անհասկանալի տեղանունն ու նրա հետ առնչվող պատմությունները, ու հանրությանը հայտնի դառնա իր տեղանքին ու բնությանը հարիր անվանակոչությամբ՝ Մարգերի հովիտ, այսինքն՝ Մարգահովիտ:




