
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Սկզբում 5 րոպե կար խոսելու համար՝ ոտքի վրա։ Բայց խոսակցությունը վերջացավ կես ժամ անց՝ նստած։
Իմ ու Ռոզի Արմենի մատները փայլում էին՝ նույն գույնով ներկած եղունգներից՝ վառ կարմիրից։ Բայց, գրողը տանի, ինչո՞ւ էին 80-ն արդեն մի քանի ամիս անց այդ կնոջ ձեռքերը փայլում ավելի, քան իմը, որ 24 տարվա պատմություն ունեն։
Սենյակում կարմիր էին նաեւ պատերը, դաշնամուրն ու մի աթոռ…
-Կարդացի Ազնավուրի մասին ձեր հուշերը, ասում եք՝ մտերիմ չեք եղել, ապա ինչպե՞ս եք այդպես մտերմիկ հուշեր գրել, տիկի՛ն Ռոզի,- սկսում եմ խոսակցությունը չնախատեսված այս հարցից, որովհետեւ 5 րոպե ունեմ։
— Մեր հայրիկները ընկերներ էին Թիֆլիսեն, նույն դպրոց կերթային, վերջը ամեն մարդ փախեցավ, եկավ Ֆրանսիա: Օր մը հայրիկս կերթա Փարիզի մեկ թաղամաս, ուր որ հայկական ուտելիքներ ծախող կար: Եվ այնտեղ կհանդիպի Ազնավուրին պապաեն: Ազնավուրենք այդ կողմերը կապրեին, մենք քիչ մը ուրիշ թաղամաս կապրեինք: Միշան կըսե գիտե՞ս տղաս՝ Շառլը կերգե, գիտես գոր, այս գիշեր տեղ մը կա, կերգե հայերի համար, կըսե պետք ունեմ մեկը որ օգնե ինձի թիքետները կտրե, եթե կուզես գալ։ Պապասե կըսե, այո կուզեմ գալ,- տիկին Ռոզին հենց առաջին հարցին պատասխանելիս ընկնում է հուշերի գիրկն ու փորձում դետալ առ դետալ վերականգնել այն, ինչ ապրել ու զգացել է Ազնավուրի հետ:
Պատասխանը ծավալվում ու երկարում է, հետո գալիս է հաջորդ հարցն ու արդեն երրորդ հարցը տալու պահին ես հասկանում եմ, որ 5 րոպեն արդեն երկու անգամ անցել է։

-Ընտանեկան հավաքների ժամանակ է՞լ չէիք հանդիպում,- շարունակում եմ ու փորձում ավելի մոտեցնել տիկին Ռոզիի հուշերն Ազնավուրին:
—Ո՛չ, բնավ չէինք հանդիպում: Ազնավուրը, երբ որ սկսեց անուն առնել, արդեն շատ հայ տեղեր չէր երթար: Ավելի շատ ֆրանսիական կամ հրեական, ադանք տեղեր կերթար: Իսկ Կառվարենցը տարբեր էր (հեղ. Ժորժ Կառվարենցը ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր է, որ հայտնի է Շառլ Ազնավուրի համար գրած երգերով: Կոմպոզիտորը, նաեւ, Ազնավուրի քրոջ՝ Աիդա Ազնավուրի ամուսինն է): Շատ մտերիմ ենք եղել Կառվարենցի հետ, դրկիցներ եղած ենք:
Հարցազրույցի կեսից ես սկսում եմ չլսել տիկին Ռոզիին, դեմքիս ժպիտ է գալիս. «Անի՛, դու երազում էիր Ռոզի Արմենի հետ խոսել Ազնավուրի մասին ու դու հենց այս պահին խոսում ես նրա հետ նրա մասին, Անի՜»,- մտածում եմ ու ինձանից գոհ տալիս վերջին հարցը։
—Ազնավուրի բոլոր հնչյուններից, ո՞րն է ձեր ամենասիրելին,- հարցնում եմ՝ չկարողանալով թաքցնել մի ջահելական, անփորձ ու անզուսպ երջանկություն։
-Բոլորը, բայց կա մեկը, որն ինձ հուզում է…«Ո՞վ»-ը, լսե՞լ եք։
Ու տիկին Ռոզին սկսում է երգել, ամեն երկրորդ բառից կանգնել ու ասել, որ այլեւս երգել չի կարող, հետո չի կարողանում զսպել իրեն ու շարունակում է երգել, հետո էլի ձայնը իջեցնում է ու ինձ սկսում պատմել երգի մասին։
-Պատմությունն ան է, որ մեկ հատ մարդ մը տարիքով կը սիրե մեկ հատ երիտասարդ մեկին, եվ կըսե ես մեռնիմ ով քեզի պիտի սիրե, ով քեզի պիտի շոյե: Շատ խորունկ երգ է, շատ:
Հետո տիկին Ռոզին սկսում է երգել «Լա բոհեմը», ապա «Արտիստը» ու ազնավուրյան հնչյունների ներքո սկսում է վերհիշել Շառլի հոգեհանգիստը:
-Շատ հուզվելիք էր, շատ: Երբ որ գիտեք այդ մահին տուփը բերին, ինչպես ըսեմ, այդ մեծ բակը ամեն քայլ որ կնեին, կը թնդար: Անանք հուզվելիք էր, ես չըկրցա դիմանալ, սկսա լալ:
-Իսկապե՞ս Փարիզում բոլորն Ազնավուրի երգերն էին երգում այդ օրերին:
-Շատ, այո՛, շատ:
-Ինչպես Երեւանում:
— Կարծեմ բոլոր աշխարհ:
Ու քանի ես լսում էի պատմությունը, տիկին Ռոզին գրպանից զգուշությամբ հանեց անձեռոցիկն ու կարմիր ներկած մատները տարավ աչքերին՝ արցունքները սրբելու։
-Հիմա էլ հուզվեցիք,- ասում եմ ես։
-Շատ,- պատասխանում է տիկին Ռոզին։
Անջատում եմ միկրոֆոնս՝ հարցազրույցի վերջում թողնելով տիկին Ռոզիի հուզված ձայնն ու արցունքները՝ որպես ավարտ։
Հետո ինքս ինձ անընդհատ հարցնում՝ ինչո՞ւ էին վառ փայլում 80-ն արդեն մի քանի ամիս անց այդ կնոջ ձեռքերն ավելի, քան իմը, որ դեռ 24 տարվա պատմություն ունեն։
Գուցե՞, որովհետեւ տիկին Ռոզին գիտի Ազնավուրի «Ո՞վ» երգի ողջ իմաստությունը… Չգիտեմ։ Ես իմ զրույցի համար այլ ավարտ նախընտրեցի՝ Ռոզի Արմենի՝ Ազնավուրի մասին հուշերից արցունքոտված ձայնով։




