ԿարևորՀասարակություն

Պատրա՞ստ է Հայաստանն ընդունել Սիրիայից նոր փախստականների

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Տարածաշրջանը բարդ ժամանակներ է ապրում, ամեն րոպե նոր թեժացումներ են սպասվում։ Մեծ վտանգի են ենթակա հատկապես Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախները։ Օրբելի կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանի համոզմամբ, այս պայմաններում Հայաստանի կարևորագույն խնդիրը տարերային հայրենադարձության ալիքին  պատրաստ լինելն է։

« 70-ականներից հետո սկսվել է այդ պրոցեսը և այժմ շատ ակտիվացել է։ մենք տեսնում ենք ինչպիսի լարվաճ վիճակ է հարևան Իրանի շուրջ»։

Ինչպես նշվեց, տարածաշրջանում կրքերը եռում եմ ավելի քան  երեք տասնամյակ։ Այս ընթացքում  բուռն ու իրադարձություններով  լի էր ոչ միայն Հայաստանի, այլև հայկական սփյուռքի  կյանքը, ինչի արդյուքը, ցավոք, հաճախ հարկադրված հոսքն էր դեպի Հայաստան։ Հիշենք 88-ի սումգայիթյան, 90-ականների սկզբի Բաքվի ջարդերն ու դրանց արդյունքում փախստականի կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների փախուստը դեպի հայրենիք։

Ադրբեջանական ԽՍՀ-ից  փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի տվյալներով, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով 1988-92 թվականների ընթացքում փախստականի կարգավիճակում է հայտնվել շուրջ 660 հազար հայ, նրանցից շուրջ 420 հազարը եկել է Հայաստան․

«420 հազարից շուրջ 361 հազարը գրանցվեցին Փախստականների կոմիտեում»,-ասում է Մարիամ Ավագյանը։

Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսվել է բազմիցս։ Նրանցից շատերն առ այսօր բնակարանի խնդիր ունեն, կարգավիճակի հարցն անգամ երկար տարիներ վերջնական լուծում չի ստանում։ Մարիամ Ավագյանի խոսքով՝ Հայաստանն ընտրեց ինտեգրման քաղաքականությունը,  որից փախստականների մի մասը, կարծեք, ոչ թե շահեց, այլ տուժեց։

Երկրաշարժից քայքայված ու արդեն պատերազմի ճիրաններում հայտնված Հայաստանն իր զավակներին ընդունեց սոցիալական ծանր պայմաններում, սակայն սոցիալականից զատ, Հայաստանում  նրանք հանդիպեցին նաև այլ խնդիրների, այդ թվում ՝ լեզվական։

Ադրբեջանահայերից հետո հայ փախստականների նոր հոսքը Հայաստան պայմանավորված էր արդեն իրաքյան պատերազմով։ Ասել թե Ֆորսմաժորային իրավիճակում  փախստականներին ընդունելու առումով՝ Հայաստանն ավելի պատրաստ էր, թերևս չափազանցություն կլինի, բայց առաջընթաց կար։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադրաձության բաժնի պետ  Հովհաննես Ալեքսանյանի խոսքով, սիրիական պատերազմի արդյուքնում մեր  հայրենակիցներին ընդունելու առումով Հայաստանն ավելի պատրաստ գտնվեց։ Թերություններ կային, բայց մեծ  հաշվող սիրիահայերի համար նվազագույն պայմանները, գոնե, Հայաստանն ապահովել է։

Որքանով է ա՛յս պահին Հայաստանը պատրաստ  ընդունելու սփյուռքի մեր հայրենակիցներին ֆորսմաժորային իրավիճակում հայտնվելու դեպքում։  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Սյուզաննա Բարսեղյանի կարծիքով, լիարժեք պատրաստ լինելու համար նախ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։

«Իսկ սիրիահայերի օրինակը կարող է հիմք դառնալ մասնավորապես հայրենադարձության  ռազմավարությունն ու օրենքի նախագիծը մշակելիս»,-ասում է փորձագետը։

Փորձագետ Վահրամ Հովյանի  խոսքով՝ մեր աչքի առաջ հալվեց հայկական ամենամեծ ու կուռ համայնքներից մեկը՝ սիրիահայ համայնքը։ Նույն վտանգն այսօր կախված է հայկական բազմաթիվ գաղթօջախների գլխին, այնպես որ ճիշտը ֆորսմաժորին պատրաստ լինելն է, եթե, իհարկե,  չենք ցանկանում, որ հազարավոր մեր հայրենակիցների համար Հայաստանը դառնա միայն տարանցիկ երկիր։

Կարդացեք նաև

Back to top button