
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Լրացված՝ 17.27
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադարձել է գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին: Պատասխանելով հարցին՝ թե ե՞րբ կավարտվեն քննարկումները ռուսական կողմի հետ, ասել է, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն բանակցությունները, ու այս պահին դեռ սակագնի հետ կապված նորություն չկա:
«Գազի սակագնի շուրջ 30 տոկոս թանկացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման բան չկա: Հաջորդ տարվա համար կբարձրանա, թե ոչ գազի գինը, այս պահին չեմ կարող պատասխանել: Հուսով եմ, որ ոչ»,-նշել է նա:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Վաղն էլ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում մեր երկիր է ժամանում Ռուսաստանի նախագահը, եւ ըստ կուլիսային զրույցների՝ հարցը լինելու է Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքում: Թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ ունի Ռուսաստանը, պաշտոնապես չի հայտարարվում, քանի որ սակագնի, ու առհասարակ ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցությունները չեն ավարտվել՝ շարունակվում են:
Ելնելով շարունակվող քննարկումների տրամաբանությունից՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դեռ հայտ չի մուտքագրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից՝ «Ռադիոլուր»-ին փոխանցել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը.
«Այս պահի դրությամբ հանձնաժողովում ոչ մի հայտ մուտքագրված չէ, այսինքն`գազի սակագնի վերաբերյալ գործընթաց չկա: Եթե նույնիսկ հայտ ներկայացվի հանձնաժողով, դրա ուսումնասիրության համար 80 օր է պահանջվում, որից հետո արդեն, երբ հանձնաժողովը որոշում ընդունի, դա ուժի մեջ է մտնելու 30 օրվա ընթացքում»:




