ԿարևորՀասարակություն

Գանձասարում պատարագ է մատուցվել՝ նվիրված Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին

Գանձասարի վանական համալիրում կիրակի ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանական համալիրում պատարագ է մատուցել՝ նվիրված Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի  առթիվ   շնորհավորական  ուղերձ է հղել  Ամենայն  հայոց կաթողիկոս   Գարեգին  Բ-ն: Պատարագից  հետո  այն ընթերցել  է Վրթանես եպիսկոպոս    Աբրահամյանը:

Ուղերձում  մասնավորապես  ասված է.  «Մենք  գոհությամբ  ենք  հաստատում, որ  արցախահայության  հերոսական  պայքարը, ստեղծագործ  կյանքի ողջ  ընթացքը  զարդարված  են  սրբատեղերի  հանդեպ  մեծ  հոգածությամբ  ու  նվիրումով: Դրա  վառ  ապացույցը, անցած  երեք  տասնամյակներում   շուրջ  90  եկեղեցիների ու  վանքերի  նորոգումն  ու  կառուցումն է: Արցախի  թեմի  վերաբացման  30-ամյակի  կապակցությամբ   հայրապետական  մեր  օրհնությունն  ենք  բերում  Արցախի  թեմի առաջնորդ  Պարգև Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանին, հոգևոր  դասի  ներկայացուցիչներին, ինչպես  նաև  մեր  գնահատանքն  ենք  հայտնում  Արցախի  նախկին  և  ներկայիս   իշխանություններին, ովքեր  իրենց  ներդրումն  են  բերել  Արցախի  հոգևոր  կյանքում»:

Ամենայն  հայոց  կաթողիկոս   Գարեգին  Բ-ի  կողմից Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանին  բազմամյա ծառայության և ձեռբերումների  համար  շնորհվել  է  Հայաստանյայց Առաքելական Սուրբ  եկեղեցու «Սուրբ  Ներսես  Շնորհալի»   շքանշան:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Արցախի  թեմի առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս   Մարտիրոսյանն  ասել  է,  որ  Արցախի  թեմի    վերաբացումը  հայ  ժողովրդի  առաջին նվաճումն  էր:

«Այնուհետև ունեցանք  անկախ պետականություն   և  ստեղծեցինք  բանակ:  Արցախի  թեմի    վերաբացումով   մենք   հոգևոր մեծագույն  ձեռքբերում  ունեցանք: Մեր  գլխավոր   անելիքը  Գանձասարի  վանական  համալիրի օծումն  էր   և   Արցախի  ժողովրդի հոգիներում Քրիստոսի  ավետարանը  քարոզելը, ինչն  էլ  մինչև  այսօր  շարունակում  ենք»,-ավելացրել  է  Արցախի  թեմի  առաջնորդը՝ ընդգծելով, որ  ամենակարևոր  ձեռքբերումն  Արցախի ազատությունն  է:

Պատարագին  ներկա  են եղել ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային ժողովի նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այլ  այրեր, հոգևոր դասի  ներկայացուցիչներ:

Կարդացեք նաև

Back to top button